− Խորհրդավոր բան չկա, վկայական մը գրվեցավ, լմնցավ, ամբողջ եղածը աս է… ալ չեն առնիր անցնիր։
− Ճանըմ, պարապ խոսք մի ըներ, սա կեղծ ստորագրության հարցը պետք է անպատճառ երևան հանել… սա Մարթան հոս կանչել տուր նայիմ։
− Տունը չեմ գիտեր…
− Ես կրնամ փնտռել ու երևան հանել, քանի որ այս թաղին մեջ կբնակի։
− Նայինք դեռ հո՞ս է,− պատասխանեց տիկին Սաթեն։
− Ո՞ւր պիտի ըլլա։
− Ես ի՞նչ գիտնամ, ըսավ որ էրիկը հիվանդանոց դնելե ետքը՝ ինքն ալ ուրիշ տեղ պիտի երթա։
− Սուտ խոսքեր…
− Սուտ իրավ, աս ա՛ս է։
− Շիտակը խոսե՛, այս կեղծ ստորագրությունը ո՞վ դրավ վկայականին տակ,− պոռաց վաճառականը ծայրահեղ բարկությամբ մը։
Տիկին Սաթեն չպատասխանեց։ Բայց տիկին Նվարդ, որ մինչև այն ատեն լուռ մնացած էր, հանդարտ ձայնով մը ըսավ.
− Շիտակը կուզե՞ս, Մարգար էֆենտի, ես դրի այդ ստորագրությունը։
Այս խոսքերը ափ ի բերան թողուցին թե՛ Մարգար և թե՛ Միհրան էֆ-ները։
− Դո՞ւն այդ կեղծ ստորագրությունը դրիր,− գոչեց Միհչանիկ էֆենտի, չուզելով հավատալ իր ականջներուն։
− Կեղծիք չկա մեջը,− պատասխանեց տիկին Նվարդ միամիտ դեմքով մը,− քու անունդ դրի, ուրիշ գոյություն չունեցող մեկու մը անունը չդրի՞ ա… կնիկդ չե՞մ, քու անունդ իմ անունս ըսել չէ՞… ի՞նչ այս աստիճան իրար կանցնիք կոր…
− Բայց ատոր զեղծարարություն կըսեն։
− Ինչ կուզեն թող ըսեն, գողություն չըրի՞ ա, մարդ չի մեռցուցի՞ ա, էրկանս կողմե թուղթ մը ստորագրեցի։
− Բայց ի՞նչ պետք ունեիր ատանկ բան մը ընելու։
− Գալուստ աղա օլաճախը հիվանդանոց տեղավորելու համար…
− Մորաքույրդ չէ՞ր կրնար ամսական մը տալով հիվանդանոց դնել։