Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըսել սակայն, որ իր շուրջը բոլորվողները պանդույրներ չէին, ոչ ալ ապուշ հիացողներ, այլ բավական «հերոս»-ներ ակռանուն զարկած ու անոնց արժեքը ճանչցած մարդիկ, որոնք միմիայն ժամանցի համար խոսեցնել կուտային զինքը։ Ա՜լ իրենց համար հերոս մը տեսակ մը աճպարար էր, որ ձրի ներկայացումներ կուտար հայկական սրճարանին մեջ և երբ նոր հերոսի մը գալուստը իմանային Գահիրեի մեջ, կըսեին իրարու.

− Վաղը ժամը տասնին, հայկական սրճարանը եկեք, հերոսական ներկայացում կա։

Եվ ասիկա այնչափ շահաբեր էր սրճարանին համար, որ սրճարանապետը ձրի սենյակ ու կերակուր կուտար ամեն բանտեն ազատած հերոսի։

Ես ալ գացի այդ «ներկայացում»-ներեն մեկուն։ Վարդհոգյան նստած էր սեղանի մը վերի կողմը, որուն շուրջն ու վրան հավաքված էին ութ գավաթ օղի, ժամկոչ մը, սիսեռի մեզե, ծխավաճառի աշկերտ մը, ցնդած բանաստեղծ մը, խաշած հավկիթ մը, քանի մը հատ ձիթապտուղ ու քանի մը հատ ալ պարապ պտըտող գաղթականներ։

Երբ ներս մտա, Վարդհոգյան արդեն կճառեր.

− …Այո, սիրելի ընկերներ, միություն և համերաշխություն։ Մենք իբրև հերոս և իբրև ժողովրդի հարազատ ներկայացուցիչ, պետք է ընենք այդ բանը, պետք է միացնենք հեղափոխական կուսակցությունները և հետո միացնենք իրարու հետ նաև եվրոպական տերությունները։ Պետք է երթանք Փարիզ և Լոնտոն, խորհրդակցինք բարձրաստիճան անձերու հետ և այս բանը ընենք։

«Մենք»–ը միմիայն ինքն էր։ Վարդհոգյան երբ կխոսեր, կկարծեր, թե ամբողջ լեգեոնի մը կողմե կխոսի։ Ւր ծիծաղաշարժ մեծամտությաններուն փոքրագույններեն էր աս։

Սեղանակիցներեն մեկը, Կեդրոնականի նախկին աշակերտ, որ առիթ չէր փախցներ թեթև ծաղրանքներ ընելու, երբ ձեռքը այս տեսակ հերոս մը իյնար, ոտքի ելավ լուրջ, պաշտոնական, օղիին գավաթը բարձրացուց և ըսավ.

− Պարոն Վարդհոգյան, այսօր մեզի համար նշանավոր օր մըն է. անոր հիշատակը անջնջելի ոսկի տառերով պիտի քանդակվի մեր ամենուս սրտին մեջ, որովհետև մեր աչքերը տեսան հայոց մեծ հերոսը, անդրանիկ հերոսը, ժամանակակից Հայկ