Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/719

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ, կինս ալ, մենք ձեզի պես քաղաքը չենք ապրիր կոր, գեղը, դաշտերը մաքուր օդին մեջ կապրինք…

Եվ Սերգիս աղա խնդաց իր մաքուր, աննենգ ու լիառատ քահքահով մը։

Ատեն ատեն բնական, ինքնաբուխ մաղթանք մը կթռչեր բերնեն.

− Փա՜ռք քեզ, Տեր, փա՜ռք քեզ Աստված․․․

Ու կենացները կպարպեր սպասելով տան էրիկ մարդիկներուն, որոնք այդ իրիկունը քիչ մը ուշ մնացած էին։

Վերջապես եկան։ Մռայլ ու տխուր, գետնահարկի սենյակը մտան և հայրս ըսավ ինծի․

− Գնա՛ մայրդ վար կանչե կամաց մը։

Զգացի թե չարաշուք բան մը տեղի ունեցած էր։ Մայրս եկավ։

− Սոսկալի լուր մը,− ըսավ հայրս ձեռքը նամակ մը բռնած։- Սերգիս աղային կինը ութ օր առաջ հիվանդացեր է և երեկ առտու մեռեր է․․․ եղբայրը գրեր է, որ անմիջապես իմացնենք իրեն, որպեսզի տուն վերադառնա և թաղումին կարենա ներկա գտնվիլ․․․

Հարվածին անակնկալութենեն սահմռկած՝ լուռ ու ապուշ իրարու նայեցանք։

− Սպասուհին կանչե՛, սըվոնք թող վերցնեի,− ըսավ մայրս լռությունը խզելով։

Իրա՛վ, այս միջոցին, այդ պարահանդեսի զգեստները չեմ գիտեր ինչ դժնդակ ու հանցապարտ կերպարանք մը առած էին։

Ո՞վ պիտի իմացներ ահռելի դժբախտությունը Սերգիս աղային։ Ոչ ոք սիրտ կըներ ատոր։ Ու շվարած իրարու կնայեինք ամենքս։

− Վաղը առտու իմացնենք և անմիջապես շոգենավ դնենք զինքը,− ըսավ հայրս։

Եվ սակայն պարահանդեսը կար… Սերգիս աղա պիտի ուզեր պարահանդես երթալ անպատճառ, եթե գույժը պահեինք իրմե։ Անկարելի էր որ առանց բանավոր պատճառի մը հրաժարեր պարահանդեսեն՝ որուն պատրաստություններովը զբաղած էր օրերե ի վեր։ Չէ՛, հարկ էր անմիջապես իմացնել։

Սակայն ամենքն ալ վեհերոտությամբ, գրեթե վատությամբ մերժեցին այդ դժվարին պաշտոնը կատարել։

− Չէ՛, ես չեմ կրնար իմաց տալ… շատ կհուզվիմ։