Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Անիրավությո՞ւն մի,− գոչեց Ղուկաս էֆենտի,− ի՞նչպես կրնանք նպաստ տալ կնկան մը, որ էրիկ մարդ մը առած նստած է, ո՞ւր տեսնված է ասանկ բան։

− Բայց, էֆենտի, ձեզի բացատրեցի թե…

− Այդ բացատրությունը դուն ֆեսիս հասկցուր,− հառաջ տարավ էֆենտին,− երիտասարդ որրևայրի, աղվոր կին մը, որ տունը քեզի պես փառլախ տելիքանլը մը ունի, միս մինակ, տան մեջ և սուրբի պես կապրի… ըսել է, որ դուն քարե շինված ես, ան ալ փայտ է, հա՞… ընտանեկան պատիվ ունեցող ո՞ր պարկեշտ կնիկը ատանկ բան կընդունե… հոշ ինչ կուզե թող ընե, մերին խառնվելիք բանը չէ, անիկա որբևայրի, դուն ամուրի, ուզածներուդ պես ապրեցեք, միայն թե Աղքատախնամի դուռը պալթա մի կախեք…

− Բայց, Ղուկաս էֆենտի,− գոչեց երիտասարդը,− կերդնում, որ այդ կինը պարկեշտ է, կերդնում, որ ոևէ հարաբերություն չունինք միասին, բոլոր այդ խոսքերը զրպարտություն են, հավատացեք խոսքիս։

− Երկար խոսք չեմ ուզեր, բոլոր դրացիները ըսեր են, որ այդ կնիկը իր քիրաճին առած նստած է, ձայն բազմաց՝ ձայն աստուծո, կըսեն, առանց կրակի մուխ չըլլար, հարկավ բան մը կա, որ մահալլեի մեջ ամենուն բերանը ինկեր եք… դուն այդ կնոջ բարիք մը ընել կուզե՞ս, ժամ մը առաջ տունեն ձգե ելիր… պատվավոր երիտասարդ մը ասանկ վարվելու է։

Գարեգինին համբերությունը ալ հատած էր, հակառակ իր վրա ըրած ճիգին ու պաղարյունությունը չկորսնցնելու մտադրության, ինք ալ ձայնը բարձրացուց։

− Չէ, Ղուկաս էֆենտի,− գոչեց,− պատվավոր երիտասարդ մը այդպես չի վարվիր, այդ ձեր ըսածը վատ մարդու գործ է… ես չեմ կրնար աղտոտ բամբասանքներու զոհել թշվառ կին մը, որուն վարած պարկեշտ ու զրկված կյանքին ականատես վկան եմ ամեն օր. չէ, չպիտի հեռանամ տանեն, ընդհակառակը պիտի մնամ ու պիտի պաշտպանեմ զինքը և ցույց տամ, որ շատ անխիղճ կերպով կվարվիք կոր դուք և եթե անբարոյական մը կա գործին մեջ, ոչ թե տիկին Սաթենիկն է, այլ զինքը դատապարտողը…

Ղուկաս էֆենտի այս խոսքերեն կրակ կտրած, վազեց էլեկտրական զանգակին քով ու զայն հնչեցուց ուժգին, հետո երիտասարդին դառնալով պոռաց.