Jump to content

Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկերեսանի քաղաքականությունը, որին զոհ գնաց արևմտահայությունը։ Հայրենասեր գրողն ու քաղաքացին պատկերել է թուրքական լծի տակ հեծեծող ժողովուրդների կյանքն ու կենցաղը, սոցիալական առողջ բնազդները, ինքնորոշման համար մղած արդարացի պայքարը։

Զապել Եսայանը գրել է վեպեր, սոցիոլոգիական ուսումնասիրություններ։ Մեծարժեք են հատկապես նրա պատմվածքները, ակնարկները, հոգեբանական էտյուդները։ Նրա կերտած հերոսները կրում են ժամանակի շունչն ու ոգին, չափազանց կենսունակ են, ընդվզող։ Եսայանական պատկերներում սերը, թախիծը, խոհը, բնությունն ու մարդը ներկայացված են խիստ ներդաշնված, շարժման ու զարգացման մեջ, կամքով ուժեղ և հաղթանակի հասնելու հավատով։

Զապել Եսայանն արևմտահայ այն ողջամիտ ու սկզբունքային մտածողներից է, ովքեր երբեք չեն խաբվում երիտթուրքերի դեմոկրատական կարգախոսներով և սկզբից ևեթ հանդես գալիս նոր սահմանադրության դեմ, լրջորեն մեղադրում հայ երեսփոխաններին, որոնք անմռունչ լծվել էին նրա կառքին և տառապում էին նոր անուրջներով՝ «Իմ հոգիիս մեջեն՝ ուր տառապագին ցեղի մը ժառանգությունը կը բաբախե, կբողոքեմ ձեզի դեմ, ձեր անմարդկային, ձեր պիղծ, ձեր վիրավորիչ արարքի դեմ»։

1909 թվականի ապրիլին Թուրքիայի նոր կառավարող շրջանները կազմակերպեցին Ադանայի կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հազար հայ։

Մի անգամ ևս ցնցվեց հայ ժողովուրդը։

Զապել Եսայանը հայ մտավորականների հետ լինում է դեպքի վայրերում, լսում մարդկանց, օգնում շատերի, նաև գրում է հոդվածներ, գեղարվեստական ստեղծագործություններ, որոնցից առավել հայտնի են «Ձայներ որբերու թշվառութենեն», «Աղետի զոհերեն», «Անեծքը», «Սաֆիե», «Նոր հարսը» և այլ գործեր։

1915 թվականի Մեծ եղեռնից հրաշքով փրկվում է Զապել Եսայանը և ապաստան գտնում Թիֆլիսում։ Անդրկովկասում, Մոսկվայում և Պետերբուրգում ծավալում է հասարակական եռանդուն գործունեություն, հանդես գալիս զեկուցումներով ու դասխոսություններով, գրում հոդվածներ։ 1916-ին, Թիֆլիսում, կարդում է «Հայկական վերջին հալածանքները» դասախոսությունը, իսկ Գրասերների ընկերության հրավերով Բաքվում ելույթ ունենում արևմտահայ գրողների և գրականության հարցերի շուրջ։

Մի տարի անց լինում է Իրանում, գործով մեկնում Փարիզ, սակայն կրկին վերադառնում է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ողջ