էությամբ նվիրվում գթասրտությանն ու բարեգործությանը։ Այդ նպատակով շուրջ երեք տարի շրջագայում է Ալեքսանդրիսա, Կահիրե, Հալեպ, Բեյրութ, Ադանա, Այնթապ, Ուրֆա, Տարսոն, Մերսին, Հաճըն և այլ քաղաքներում։
Տարբեր ժամանակներում նա համագործակցել է հայ գրողների, մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների հետ, հանդես եկել կարևոր առաջարկություններով ու հայրենանվեր գործերով։ Նրան սիրով են ունկնդրել Անղրանիկ Զորավարը, Պողոս Նուբար փաշան, Ավետիք Իսահակյանը, Արշակ Չոպանյանը և ուրիշներ։
1923—33 թվականներին հաստատվում է Փարիզում, գործում իբրև սփյուռքահայ գրող ու քաղաքական գործիչ։ 1933-ին վերադառնում է հայրենիք և բնակվում Երևանում։ 1937-ին ձերբակալվում է որպես ժողովրդի թշնամի և անհայտ վախճան ունենում։
Ինչպես տեսանք, Զապել Եսայանը բոլորովին էլ պատահականորեն ձեռնամուխ չի լինում Մուրադի ոդիսականի նյութերի հավաքմանը և գեղարվեստական տեսքի բերմանը։ Քիչ է ասել, թե այն սրտամոտ թեմա էր։ Տարիներ շարունակ Եսայանը կանգնած է եղել հայ ազգային ազատագրական պայքարի առաջավոր գծում, հանդես բերել անհրաժեշտ սկզբունքայնություն, պահանջել թոթափվել ստրկամտությունից ու անորոշ կեցվածք ընդունելուց։
Զապել Եսայանի «Մուրատի ճամբորդութիւնը» հերոսական ասք է, հայ քաջարի ֆիդայիների փառավոր ուղու դրվատումը՝ խարսխված իրական փաստերի վրա։
Մուրադի գործունեության շուրջը ստեղծվել են գեղարվեստական երկեր, հորինվել երգեր։
Դրանցից մեկը երբեք չի իջել հայ մարդու շուրթերից և դարձել նրա սիրելի երգերից.
Ունի՛ս պաշտպան քաջ Անդրանիկ,
Մուրադի պես հոտոտ ծաղիկ,
Սեբաստացի Մուրադի կյանքի ու մարտական գործունեությունն ամբողջական ընդգրկված է Միքայել Վարանդյանի «Մուրադ» ուսումնասիրության (1931, Բոստոն) մեջ։ Հեղինակն անձամբ գիտեր Մուրադին և նրա ընկերներին։ Գրքի համար նյութեր հավաքելիս լսել է թե Մուրադի հարազատներին, թե դասընկերներին և թե նրա մարտիկներին ու մերձավորներին։