Jump to content

Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուգայ. բարձրահասակ էր, նիհար և նման էր քրդուհիի. լրտես կարծեցինք: Մեզ հաց բերող տուզսարցիները, բահերնին ուսերնուն վրայ, բանուորի ձևով մօտեցան անոր և հարցփորձեցին և մեզի լուր բերին, թէ կասկածելի է։ Ընկերները ըսին. «Պէտք է սպանել»։ Ես թոյլ չի տուի. «Գուցէ մէզի պէս ցաւոտ մէկնէ», ըսի։ Կինը գնաց դէպի հիւսիս Ալիս գետին ափն ի վեր։

Իրիկունը կնոջ անցած ճամբով գացինք Ուշգնամ (ուխտատեղի), ուր հնութիւններ կան և հարիւրաւոր քարայրներ։ Ցուրտը անտանելի էր, մանաւանդ երբ անշարժ նստած էինք։ Միայն Եղօն չէր մրսեր. իր հետ ունէր 12 օխանոց թիթեղէ ամանով օղի. անդադար կը խմէր ու կը խօսէր, կըսէր առակներ, կատակներ կընէր և իր ուրախութիւնով կը վարակէր մեզ։

Գիշերուան ժամը 2-ին գետին միւս կողմէն տեսանք որոշուած նշանը. կրակ վառելով մեզ պիտի իմացնէին, թէ երբ կրնանք գիւղ երթալ։Տուզասարցիք, որ հնչակեան էին, լուր տուած էին Կառվայ գիւղի ամբողջ հնչակեաններուն և խմբերով եկած էին մեզ դիմաւորելու։ Մենք մեր կարգին տրուած նշանին վրայ մօտեցանք գետափին. բայց գետը այնքան կատղած ու փրփրած էր, որ անկարելի էր անցնել։ Մէկ ափունքէն միւսը հազիւ իրարու ձայն կը լսէինք։ Հասկցանք, որ իրենց հետ էին տէրտէրը, որ իմ հին ուսուցիչս էր, Տէր Ուստոս քահանան, հին յեղափոխական և սքանչելի մարդ մը, հաճի Սարգիսը, հարուստ և համեստ անձ մը, Նազարը և մեր գիւղացի ուստա Գալուստը։

Իրենց վերջին խօսքը այն եղաւ, որ այլևս այսօր ժամանակը անցած է, թէ հետևեալ օրը գոմէշի սայլերը կը բերեն և մեզի կանցունեն։

Իմացեր էինք, որ գիւղը թշուառ վիճակի մէջ է, շատերը տիֆէ վարակուած են և ամեն տուն հիւանդ կայ ու ամենքը սնանկացած են, բայց իրենց ցաւին ու հոգին մէջ մեծ եռանդով օգնութեան կուգային մեզի և իրենց աջակցութիւնը չէր կարելի մերժել։

Գիւղացին սովորութիւն ունի իր ջուրը գետէն կրելու, այնպէս որ թէև գիւղը լիքն էր ոստիկաններով, անոնք առանց կասկած ներշնչելու երկրորդ օրը բերին սայլերը և անցան մեր ափունքը. գետը վարարած էր և գոմէշներուն հազիւ գլուխները կերևային. այս պայմաններուն մէջ մեզ անցուցին և գացինք գիւղը։ Մեզ այնպիսի ընդունելութիւն ըրին, որպիսին չէինք կարող նոյնիսկ երևակայել. յուզմունքէ և ուրախութենէ կարտասուէին և եղբայրական զգացումը այնքան մեզ սերտօրէն կը կապէր, որ վտանգ ու մահը թեթև կը զգայինք։