գետը կատաղած. անցանք գետէն մինչև կուրծքերնիս սառած ջուրերու մեջ. միւս ափունքը հասնելէ ետքը ցեխերու մէջ թաթխուելով հասանք Տուզասար գիշերուան ժամը 8-֊ին և իջանք Ղազար աղայի տունը։ Մկրտիչ իրեն հետ բերած էր հինգ ռումբ, քսան ձեռք զգեստ, ուտելիքներ և այլն։ Պատմեց հետևեալը.
Իմ փախած օրիս երկրորդ օրը ձերբակալած են 12 հոգիներ, որոնց իւրաքանչիւրին օրական 120 գաւազանի հարուածներ կուտային։ Այդ սոսկալի դրութենէն գրգռուած տոքթէոռ Հայրանեան կը դիմէ կուսակալին և կըսէ.
— Եթէ Մուրատին և այդ ձերբակալուածներուն յանցանքը դաշնակցական ըլլալն է միայն, ես ինքս ալ դաշնակցական եմ։
Կուսակալը կը պատասխանէ.
— Հապա ինչպէս, Մուրատը լեռը կը հանէք իր եղբայրներուն հետ. բայց իր կինը ո՞ւր պիտի ազատի իմ ձեռքէս։ Ձեզի հետ քաղցր, քաղցր կը խօսէինք և դուք ալ ինքզինքնիդ բան մը կարծեցի՞ք. դուք հիմա կը տեսնէք։
— Իհարկէ կարող էք շատ բան ընել, բայց մարդկային զգացումները… կըսէ տոքթէոռը և կը հեռանայ։
Մկրտիչը կնոջմէս[1] նամակ մը բերած էր։ «Կերևի գիտէիր պատահելիքները, կը գրէր կինս, երբ ինձի խօսեցար տասը օր առաջ և պատուէրներ տուիր։ Իմ մասիս երբէք մի մտածիր, ե՛ս ինքզինքս կը սպաննեմ։ Խնդրեմ գրէ դեղագործին, որ ինձի քիչ մը թոյն տայ»։ Պատուիրեցի Մկրտիչին, որ կնոջս խնդիրքը կատարէ և թոյն տայ իրեն. յետոյ իմացայ, որ դեղագործները մերժեր էին։
Այս կարգադրութիւնները ընելէ ետքը բաժանուեցայ ընկերներէս և Նշանին հետ գացի Վարդան քէհեային, որ 55— 60 տարեկան մարդ մըն էր, բայց միշտ կորովի, միշտ յանդուգն և ազգասէր։ 1893 թուականին թուրքերը զինքը չարչարած էին, շատ տառապանք կրած էր, բայց երբէք չէր յուսահատած։
Լուսաբացին արթնցայ և զգացի, որ հիւանդ եմ. սարսուռներ անվերջ կը ցնցէին զիս, և գլուխս ցանրացած էր։ Տեղս անհանգիստ էի, բայց երկու օր մնացի և ընկերներէս խնդրեցի, որ զիս լեռը փոխադրեն. հիւանդ վիճակս զիս մտահոգ կընէր. կը վախնայի, որ անկարող կըլլամ ոտքի կանգնելու, ինքզինքս պաշտպանելու և անպատուաբեր
- ↑ Մուրատին կինը կանուխէն գացած էր Սեբաստիա և ապաստանած էր ազգականներու մօտ: Զ. Ե.