Jump to content

Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպով մը կը մեռնիմ. բայց ընկերներս, անկարելի համարելով լեռ տանել զիս այդ վիճակին մէջ, փոխադրեցին ինձ Հայկ Պասմաճեանի տունը, ուր մաքուր և առանձին սենեակի մը մէջ պառկեցայ։ Անկէ ետքը ինկա՜յ ինքնակորոյս վիճակի մը մէջ. հինգերորդ օրը սթափեցայ և տեսայ, որ ամենքն ալ շուրջս բոլորած կուլան։ Զիրենք մխիթարեցի։

— Այս ցաւը ինձի չի մեռցներ, ըսի, միայն թէ չի պաշարուենք:

Եղբայրս զիս կը խրախուսէր։

- Մի վախնար, ինչ որ ալ ըլլայ, քեզ կը փրկենք։

Այս վիճակին և այս հոգերուն մէջ կանցնէին երկայն ու ծանր օրերը:

Ութերորդ օրը զգացի, որ աչքերս լաւ չեն տեսներ ու ականջներս լաւ չեն լսեր։ Եղբայրս մարդ ուղարկեց քաղաք բժիշկ մը հասցնելու համար։ Մարդը կէս օրէն ետքը վերադարձաւ բերելով քոնեակ և հականեխական դեղեր և նամակ մը տոքթեոռ Հայրանեանէն, որով բժշկական պատուէրներ կուտար։

Գիշերուան ժամը ութին կայրուէի։ Հայկին մայրը զիս կը խնամէր գուրգուրանքով և սրտի դպչող ձայնով կըսէր։

- Քէօռնամ, օղու՜լ, այդ ալ պիտի տեսնէիր։

Կը հեծեծէի ցաւէս ու ջերմէ և լոգանք խնդրեցի։ Պաղատեցայ Եղօին «ջո՜ւր, պաղ ջո՜ւր», բայց անիկա մերժեց. վերջապէս Նշանը տեղի տուաւ խնդիրքիս։

Հետևեալ օրը լուր եկաւ, թէ Խորսանան պաշարուած է 250—300 հետևակ եւ ձիաւոր զինուորներով։ Պէտք էր մեկնիլ: Ինձ համար պատգարակ պատրաստեցին. մերժեցի. ձիու վրայ դրին զիս և տարին լեռը. հազիւ գլուխս կրնայի բռնել և ամեն րոպէ կը կարծէի, որ պիտի նուաղիմ ու իյնամ։ Վտանգը, թշնամիին ձեռքը իյնալու վախը զիս կանգուն պահեցին և հասայ լեռը, ուր պէտք էր ապաստանէինք ստորերկրեայ ցած այրի մը մէջ։ Դագաղի նման անձուկ տեղ մըն էր և չէր կարելի ոտքի վրայ կենալ. սողալով երկնցայ ու պառկեցայ, մինչև եղբայրս քովս կզկտած՝ զիս կը խնամէր։ Երկու օր մնացինք հոն, երրորդ օրը իմացուցին, թէ զիս պիտի տանեն Կառվայ գիւղը։ Եղօն կը հակառակէր եղբօրս և եղբօրս որդիիս ինձի ընկերանալուն. երկար վիճեցանք, բայց իմ տկարութենէս ընկճուած տեղի տուի և եղբայրներս ղրկեցի Տուզասար։ Նշան Մուրատեան և Վարդանը զիս հեծուցին ձիուս[1] վրայ և տաժանելի

  1. Այս այն նշանաւոր Պէքասն է, որի մասին բանաստեղծութիւն մը ունի Դանիել Վարուժան։ Շէկ էր և երեք ոտքերը ճերմակ էին և ճակտին վրայ աստղ մը ունէր:
    Զ. Ե.