մտնեն գիւղ ու կը նշմարուին. մութէն օգտուելով՝ հազիւ յաջողեր էին փախչիլ և եկան միացան մեզի։
Այդ օրը առաջարկեցի մեր ընկերներուն երթալ Գարահիսար, ուրկէ նամակ ստացած էինք և որով ստիպողաբար Եղօն կուզէին։ Եղօն և տղաքը չի համաձայնեցան։ Հակառակ իրենց դժկամութեան՝ ես կը խորհէի, որ պարտական էինք երթալ դէպի Գարահիսար, և ինքնիրենս կը մտածէի զանոնք մղել այդ ուղղութեամբ։ Առանց իրենց յայտնելու իմ դիտաւորութիւնս ստիպեցի, որ ճամբայ ելլենք. որոշած էի և կէրթայինք դեպի Գարահիսար։ Հասանք Սանճախտար գետակը, որը այնքան կատաղած էր, որ հոսանքէն չի քշուելու համար զիրար ամուր բռնած անցանք ջուրէն. իսկ անկէ անդին կար Ալիսը, որ յորդեր և նոյնպէս կատաղեր էր: Ալիսը անցնել անկարելի էր, և այլևս անհնար եղաւ Գարահիսար երթալը։
Մայիս 21-ին հասանք Խայպուքի լեռը։ Երկրորդ օրն էր, որ հաց չունէինք և մենք ալ խիստ յոգնած էինք. համոզուած էինք, որ այլևս դժուար է հաց գտնել մեր գիւղերէն, որովհետև Մուամերի[1] աւազակները երրորդ անգամ ըլլալով՝ կողոպտած և դուրս եկած էին հայ գիւղերէն։
Նստեցանք Խորսանայի մօտիկ նահատակ ըսուած տեղը և Խորսանա մարդ ղրկեցինք հաց և ապաստան խնդրելու։ Գացին Մարտիրոսը և Նշանը, որ նոյն գիւղացի էին, և բերին հաց ու ապուխտ և միանգամայն պատմեցին տեղի ունեցած սոսկալի դէպքերը։ Այդ ժամուն տակաւին գիւղը լեցուն էր ոստիկաններով, որով մեզ համար անկարելի էր հոն ապաստանիլ, ու մենք գացինք դէպի արևելք կէս ժամ հեռաւորութեամբ Ճին տէրէսի կոչուած քարայրը։
Այդ քարայրին բերանը կը բացուի արևմտեան կողմի վրայ. խորքը այնքան երկար է, որ քսան վայրկեանէն կարելի է հասնիլ. մութ, խոնաւ, գետինը ջուր, անիկա դժոխք մըն է, բայց միակ առաւելութիւն մը ունի. այն է՝ որ մէկ հրացանաւոր կրնայ պաշտպանել մուտքը։ Երեկոյին դուրս ելանք քարայրէն և կրկին մօտեցանք Խորսանայի գերեզմանատան։ Հոն մեզ դիմաւորեց ծերունի Խտօն։ Մեր խումբին մէկ մասը գնաց Խտօին տունը և միւս մասը Նշանին տունը։ Խտօն աչքի ինկած մարդ էր և անյարմար էր իր տունը մնալը. մեզ տուաւ գառ մը, նարկիլէ, օղի, և հանգստանալէ ետքը՝ Մարտիրոսը մեզ տարաւ իր աներոջ տունը։ Բայց ծերունին հազիւ թէ զիս ճանչցաւ, գոչեց.
- ↑ Սեբաստիոյ կուսակալը: