Այս կոպիտ ձևով խորափորված նշանները անշուշտ թողել են քարտաշ բանվորները՝ իրենց հաշիվների կարգադրության իբրև հիմք ծառայեցնելու համար։ Եկբատանից եկող աղյուսների և Բիսութունի ժայռերի վրա ևս կտեսնվին թախտի նշաններին բոլորովին նմանները (նկ. է), որոնք կապացուցեն, որ թախտի մեջ աշխատող բանվորները պարսիկ կամ մեդացիներ էին»[1]։
Այս հեղինակը սույն նշանագրերի մասին խոսելիս, իր մի ծանոթության մեջ կգրե հետևյալը. «A. Choisy (Làrt de bàtir chez lez Byzantins, 1890, p. 171) կհայտնե բազմաթիվ բանվորական նշաններ՝ հունական, հոնիական և բյուզանդական հուշարձանների վրա։ Քարերի վրա նշաններ դնելու սովորությունը, որոնց հետքը կգտնեմ Պարսկաստանի մեջ, հունական ծագում ունենալը կկարծեմ։ Այդ սովորությունը տարածվեց Միջերկրականի կողմերը, բայց երբեք գործածական չեղավ արևմուտքի մեջ։ Այս նշանները մեզ ցույց կուտան մասնավոր հաշվապահության մի կերպը՝ հելլենական ցեղերի հակումներին և սովորություններին ներդաշնակ։ Հիրավի, կթվի, թե հույն բանվորը կվճարվեր ընդհանուր սակագնով (à la tàche) և ոչ թե օրավարձով, ինչպես ընդհակառակն էին գալլոռոմեն բանվորները»։
Հավանական է, որ Զվարթնոցի նման մի մեծ շենքի վրա կգտնվեին ավելի նշանագրեր, քան ես հավաքել եմ, սակայն քանի որ հարյուրավոր տարիներ ավերակը իբրև քարհանք ծառայել է շրջակա գյուղերին, նույնիսկ էջմիածնին, բնականաբար անհայտացած քարերի հետ պիտի անհայտանային նաև այդ նշանագրերը (նկ. Ը)։
Պատի մեջ տակավին հաստատուն մնացած քարերի վրա գտնված նշանագրերը անվրեպ կերպով պարզում են, թե որչափ որմնադիր և քարտաշ վարպետներ աշխատեր են այնտեղ, շինարարական քանի՞ մասերի բաժանված էր ամբողջ շենքը և ո՞ր նշանները ունեցող վարպետները ի՞նչ բացառիկ հմտություններ ունեին քարտաշության և որմնահյուսության արհեստին:
Հինգ թևով աստղ (№ 2) նշան ունեցող վարպետը ճարտար և հմուտ է եղած կոր և գոգավոր քարեր տաշելու և շարելու մեջ, որուն հանձնվեր է բացառապես չորս գմբեթակիր մույթերի հետևի կիսաբոլորակ խորշերի և տաճարի արտաքին պատերի ներքին երեսների բոլոր կոր և գոգավոր քարերը տաշել և իրենց տեղը շարել։ Նմանապես (№ 6) սվաստիկա նշան ունեցող վարպետը տաշել և շարել է տաճարի ներսի երեսին վրա եղող որմասյուները։ Վերջապես դեռ չքանդված մասերի վրա եղած նշանները պարզ ցույց են տալիս աշխատանքի բաժանումները, իսկ պատից անջատված և կուտակված քարերի վրա եղած նշանները մասնագիտորեն քննելով, ամենևին դժվար չէ որոշել, թե շենքի ո՞ր մասերին էին պատկանում սույն քարերը։
Զվարթնոցի ավերակները այցելողները, եթե հետաքննին աչքով նային, ամեն քայլափոխում կտեսնին քարերի վրա խազված նշանները. միայն մասնագետին հասկանալի է, թե ո՞ր մասին կպատկանին սույն քարերը։
Վերը առիթ ունեցա հայտնելու, որ Հայաստանի միջնադարյան շենքերի քարերի վրա բանվորական նշաններ փորելը սովորական դարձած էր ամեն կողմ։ Զվարթնոցի քարերի վրա եղած նշանների ճիշտ նման բանվորական նշաններ գրեթե գոյություն ունին VII դարուն կառուցված բոլոր շենքերի վրա։ Թալինի Ներսեհ Կամսարականի շինած փոքր եկեղեցիի, որը այժմ վերածված է հնագիտական թանգարանի (մեծ եկեղեցին դեռ չէ քննված այս մասին) շենքի քարերը կրում են Զվարթնոցի նշաններից № № 5, 6, 7, 12, 19, 26, 27, 28։ Երբեմն նշանների փորագրության կերպը և չափերը այնքան նման են Զվարթնոցի նշաններին, որ մարդ իրավամբ կձգտի հավատալ, թե ոչ միայն ժամանակակից են այդ շենքերը, այլև նույն շենքերի մեջ աշխատել են միևնույն վարպետները, միայն քարտաշության տարբեր ճյուղի աշխատանքներով։
Զվարթնոցում № 12 նշանը ունեցող վարպետը
- ↑ M. Dieulafoy m. L'art antique de la Perse, Paris, t. I, 1884-86, p. 11.