ծագումը, հաջորդական փոխանցումները և անոր զարգացման խազերը, Հայաստանը շրջապատող հին ազգերու մեջ քաղելով գիտնականների կատարած ուսումնասիրություններեն և վերջնական եզրակացություններեն, որպեսզի կարողանանք քննել, համեմատել Հայաստանի մասին պատմական տվյալները և անոնց հետ կապ ունենալ կարծվող հայ հուշարձանների մնացորդները։
Աշխատությանս ընթացքում, բնականաբար, պիտի համեմատության դնեմ (բացի կրակապաշտական տաճարներից) նաև Հայաստանից դուրս եղող ուրիշ ազգերի տաճարները, որոնց կապը ակներև է հեթանոս Հայաստանի տաճարների ձևերի հետ։
Կարծում եմ, որ այս աշխատությանս ընթացքում ես պիտի կարողանամ ցույց տալ, թե Հայաստան ո՞ր կրոնքներից ի՞նչ չափերով օգտվել է հավատալիքների և դիցապաշտության տեսակետով, և ո՞ր ազգերի կրոնական տաճարների ձևերը եղել են իրենց ճաշակին և դավանանքին հարմար և կանգներ են տաճարներ նույն ընդունած ձևերով։
9.ԳԱԳԿԱՇԵՆ Ս. ԳՐԻԳՈՐ[1]
Եթե քննենք միայն գագկաշեն ս. Գրիգորի պեղումները, կտեսնենք, թե ինչ հետաքրքրական նոր աշխարհ մը կպարզվի մեր աչքին։ Պահ մը կներկայանա մեր առջև հարուստ ու շեն Անին՝ իր մրջյունի նման վխտացող ժողովրդի հոծ բազմությամբ, և անոնց մեջեն զատված բազմաթիվ արհեստավորներ, հավաքված այդ արքայաշեն մեծագործության շուրջը, յուրաքանչյուրը կջանա ցույց տալ իր ճարտարությունն ու հնարամտությունը. ասոնց ամենուն գործերեն ալ նմուշներ պահեր էր սպառող ժամանակը՝ անոր վիթխարի փլատակին ներքև։
Արձանագործը շիներ է Գագիկ Ա-ի արձանը, ըստ ընկալյալ սովորության, եկեղեցիին պատին վրա զետեղելու համար, ձեռքը բռնած իր շինության քարաշեն մանրանկարը։
Այս արձանը, թեև ոչ մեծ արվեստագետի գործ, բայց իր տեսակի մեջ միակը կարելի է համարել ամբողջ Հայաստանի և Կովկասի քրիստոնեական շրջանի մեջ, թե իր մեծությամբ և թե մինչև այժմ տեսնված ողորմելի գծերով մանր-մունր արձաններու հետ բաղդատելով։
Արվեստագետը Գագիկի արձանին վրա ամեն ջանք ի գործ դրած է թե դեմքին և թե հագուստներուն ամենափոքր գծերն իսկ բնականին մոտեցնելու, ահա այդ երևցող ճիգն է, որ տեսնողին վրա մեծ տպավորություն կթողու. մանր դետալներե բոլորովին զուրկ է, բայց ընդհանուր կազմության մեջ ոչ մի անպատշաճ համաչափություն չերևիր վրան. և հակառակ տեղական քարին արձանագործության համար ունեցած անհարմարության՝ բավական մաքուր տաշված և հղկված է։
Մեզ համար բոլորովին անծանոթ է հին հայոց տարազը, թերևս նոր պեղումները տան այդ ցանկալի նորությունը, այս արձանով գոնե ճշտիվ հասկցանք Բագրատունի թագավորներու ոմանց տարազը. հավանական է, որ մյուսներն ալ շատ տարբեր չէին Գագիկի տարազեն, բացի գլխարկի ձևեն։
Արձանին բարձրությունը կհասնի գրեթե 1,20 սմ. գլուխը դրած է Բաղդադի խալիֆայական պատվանշան արքայական սպիտակ չալման. երկար սև մազերը կհասնին գրեթե մինչև ուսերը՝ խուրձ-խուրձ իջած և դեպի վեր ոլորված՝ հին սասանյան ձևով. դեմքը լայն, աչքերը խոշոր, թավ հոնքերով, սև բեղերը ոլորված դեպի վեր, մասամբ խառնված է թավամազ մորուքի հետ՝ որն որ կծածկե կուրծքին կեսեն ավելին։
Կռնակը հագած է արքայական կարմիր գույնով վերարկու մը՝ որուն լայն օձիքը ծալված է ուսերուն վրա. վերարկուին ետևի քղանցքը, ճեղքված մինչև մեջքին մոտ, համաչափորեն եռանկյունաձև դարձած է դուրս՝ պարեգոտին ստորին քղանցքը երևան հանելով։ Կուրծքեն վար ալ միայն մեկ տեղ կոճկված ունի, մյուս տեղերը թողված է ազատ՝ որպեսզի երևա վիզեն կախված խաչը և
- ↑ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 270-276։ «Հուշարար», 1907, № 8, էջ 121-124, № 9, էջ 140-143, №10, էջ 153-155։