Թախիծ (Համո Սահյանի շիրմի մոտ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գիրքը ձեռքս առա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Թախիծ (Համո Սահյանի շիրմի մոտ)

Վարդան Հակոբյան

Վիմագրություն
ԹԱԽԻԾ

Համո Սահյանի շիրմի մոտ

Ձյունապատ սարերում
Լուսինը շրջում է,
Հողմերը քարայրում
Պահ մտել, ննջում են։

Լարերից քնարի՝
Թոնրատան վեմից կախ,
Թափվում են մարգարիտ,
Ու ոսկի, հակինթ, տաղ։

Աստղերը ծագում են
Չմեռնող հուշերում,
Ցավերը ծաղկում են,
Գիշերը՝ թեժ բուրում։

Ծփում է մի հին մաղ
Տատի տաք ափերում,
Լուսին է՝ շիկ ու շարմաղ՝
Ջրվեժի ծափերում։

Եվ հորով-մորով են
Երգերը, ինքը՝ որբ,
Աշխարհից խռով է
Սահյանը անսփոփ։

Ինչ է անում ձյուներում
Կամ այս պաղ քարի տակ,
Նա աղբյուր է Լորում,
Հոգին՝ բաց ու շիտակ։

Մեռած էլ լինեմ թե,
Ասում էր, չէ՞, կգամ,
Ինձ երգիս մեջ փնտրեք,
Ես ուրիշ տեղ չկամ։
Վահագնը եւ Սերոն,
Տես, կողքիդ են դարձյալ,
Հրանտը՝ լույս-կերոն,
Սրբերը մնացյալ։

Ձյունապատ սարերում
Լուսինը շրջում է,
Հուշերը դարերում
Պահ մտել, ննջում են։