Jump to content

Թումանյանի նամակներ/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
նամակ Անուշավան Աբովյանին
Աղբյուր. ԵԼԺ հ9, էջ 14,
ծ. ― էջ 479

6. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս―Կամենեց-Պոդոլսկ
Մայիսի 8-ին 90 թ., Տփխիս
Սիրելիդ իմ Անուշավան,

Երկու նամակդ էլ ստացա1. ուրախ եմ, որ առողջությամբ տեղ ես հասել և գործը հաջողություն է խոստանում։ Վերջին նամակիդ մի քանի խոսքը մի տենչալի մխիթարանք ազդեցին սրտիս և հոգուս. այդ խոսքերը քո դրության ավետաբեր էին, ես սպասում էի քեզանից և այժմ ուրախ եմ և հուսադրված։

«Նոր դարը» կստանաս։ Ղանագյոզը արձակված է «Նոր դարի» խմբագրատանից և դատապարտված ոչ մի լրագրի չմասնակցելու, չաշխատակցելու. այս բոլորը ցենզորի հետ տեղի ունեցած մի վեճի առթիվ2։

Նամակս այս մի քանի օրը դիտմամբ ուշացրի, որ Արծրունու հոբելյանից քեզ տեղեկություն գրեմ. այժմ չգիտեմ ինչ գրեմ, երբ արդեն կատարված է։ Իրավն ասած, անշուք էր և բռնի, ստոր միջոցներով սարքած բան, որ պատիվ չէր բերում հոբելյարին։ «Արձագանքն» ու «Նոր դարը» բավականին վնասեցին, իսկ «Մուրճն» ուղերձ ուղարկեց3, ես էլ ի պատիվ նրան տրված ներկայացմանը հուշարար էի. է՛հ, փա՜ռք Աստծո, հուշարար էլ դարձա. դերասան խո արդեն…4

Սերգոն (քրոջդ որդին) մի քանի անգամ եկավ, հետո՝ թե մի խումբ ընկերներ քննության համար ջոկ պատրաստվում ենք, ասացի որ դժվար ժամանակները գան. փոխելու հույս կա. տանըցիք այստեղ են։

Ճանապարհորդական տպավորություններդ5, որպես խոստացել ես, գրիր, սպասում եմ։ Բանաստեղծություններս պատրաստում եմ տպագրելու6. ասել մեր լուսահոգի Խչատուրը—խու ձու չեմ, որ կոտրվեմ…7

Մեր ազգային-եկեղեցական շաշիցը, չէ՛ ներողություն, լրբիցը՝ Եղիշեիցը, այսօր նամակ ստացա, գրում է թե գրքեր ու դեղեր ուղարկիր8, գրքերը հլա ուղարկեցի, իսկ դեղերի համար գրեցի, թե «Մարդ ո՛չ միայն դեղիւ կեցցէ, այլ բանիւ աստուծոյ»9։

Մեր մամուլից ուրիշ ինչ գրեմ, օրեցօր անգույն ու անհոտ բաներ են դուրս գալիս, մի քանիսն էլ սպառնում են, որ շուտով կհրատարակեն… և այլն։

Մի ժամ առաջ (ժամը 11-ն է) լուսամուտից նայում էի երկնքին, մի վառ աստղի, և մտքիս մեջ ասում, արդյոք դուն է՞լ էս նույն ժամին նույն աստղին նայում…

Փայլուն աստղիկ երկնադիտակ,
Դուն, որ տեսնում ես ամեն բան,
Սառն հյուսիսի երկնքի տակ
Ունիմ ընկեր, տեսնում ե՞ս նրան…
Սա էլ ինձ պես
Նայո՞ւմ է քեզ…10

Բարևում են… Ստեփանին բարևիր։

Քո Հովհաննես Թումանյան

7. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս―Կամենեց-Պոդոլսկ
1890 թ., հունիսի 3-ին, Տփխիս
Սիրելի Անուշավան,

Արդեն ստացել եմ չորրորդ նամակդ1։ Ճանապարհորդական տպավորություններդ նկարագրում ես քեզ հատուկ կենդանի ոճով, այնպես որ կարող եմ ասել, թե յուրաքանչյուր նամակդ ինչ տրամադրության տակ է գրված։ Չորրորդ նամակդ հիանալի էր. կարդալու ժամանակ զգում էի քո ներկայությունը։ Յուրաքանչյուր հաջորդ նամակ իրան առաջինից ավելի գեղեցիկ է։ Շատ կերկարեր, եթե սկսեինք խոսալ տպավորություններիդ և տեղագրություններիդ կամ թե