Jump to content

Ժամադրություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ժամադրություն
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 17-18)
Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 97)։

Ժամադրություն


Արցախյան պատերազմի նահատակ
Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հիշատակին

Մութը թանձրացավ...
― Դե՝ լավ, ես գնամ,- ասաց աղջիկը։
― Մի քիչ էլ մնա,- թախանձեց տղան
Ու բռնեց ձեռքը,- մնա՛, խնդրո՜ւմ եմ...

Մութը թանձրացավ...
Հեռվում, ինչ-որ տեղ, ծղրիդը երգեց,
Մի կոտրած լուսին
Քարափի գլխից ձորը գլորվեց.
― Մնա՛, խնդրո՜ւմ եմ...

Քամին չէր լռում, չէր քնում քամին։
Թվում է՝ քամու քունը փախել է՝
Պահվել խավարում,
Քամին ի՞նչ անի, որտե՞ղ որոնի...
Քնել է ուզում աղջիկը ասես...
― Մնա՛, խնդրու՜մ եմ...

Տղան շոյում էր վարսերն աղջկա։
Աղջիկը խոնարհ գլուխը կախել,
Չգիտեր՝ գնա՞ր, չգիտեր՝ մնա՞ր...
Հեռվից ծղրիդի երգն աղերսում էր.
― Մի՛ գնա, մնա՜...
Քարափի գլխից ձորը գլորված
Լուսինը կարծես ձորից կանչում էր.
― Մի՛ գնա, մնա՜...
Քամին չէր լռում.
― Մնա՜,― խնդրում էր։
Տղան չէր խոսում, տղան լռո՜ւմ էր...
Աղջիկը խոնարհ գլուխը կախել,
Չգիտեր՝ գնա՞ր, չգիտեր՝ մնա՞ր...
― Մնա՛, խնդրո՜ւմ եմ...

...Աղջիկը լուռ էր։
Հանկարծ... ի՞նչ եղավ՝ դեմքը վառվում էր.
― Թո՛ղ, ի՞նչ ես անում...
Տղան կանգնել էր մեղավորի պես՝
Շրթունքախառը սերը շուրթերին։
Տղան լռո՜ւմ էր...

Աղջիկը փախավ եղնիկի նման։
― Մնա՛, խնդրո՜ւմ եմ,― աղերսեց տղան։
Խավարը նրան կլանեց իսկույն...
Ինչ-որ տեղ իսկույն դարպասը ճռռաց.
― Չմնա՜ց,
Գնա՜ց...

10.04.1992, Կոճողոտ