Jump to content

Ի՞նչ կ’օնիմ հէքիմըն, ի՞նչ կ’օնիմ ջարէն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Ի՞նչ կ’օնիմ հէքիմըն, ի՞նչ կ’օնիմ ջարէն

Ի՞նչ կ’օնիմ հէքիմըն, ի՞նչ կ’օնիմ ջարէն՝
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ,
Էրում է մըհլամըն, չէ լաւնում եարէն.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ.
ուրիշ դիղ, ամա՜ն, ուրի՛շ դիղ»”

Ասաց թէ.«Հիռա՛ցի գըլխէմէս, գընա՛.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
Էդ քու արարմունքսըն քիզի չի՛ մընայ.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
ուրիշ տիղ, ա՜ման, ո՛ւրիշ տիղ»:

Ասի թէ.«Էշխէմէդ չիմ հանգչում տանըս,
Ձեռնիրըս թուլացաւ՝ չէ շինում բանըս,
Էրվեցաւ ջիգարըս, մաշվեցաւ ջանըս,
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ.
ուրիշ դիղ, ա՜ման, ո՛ւրիշ դիղ»:

Ասաց.«Իմ դիղեմեն քիզ չըկայ չարա,
Գընա՛, թէ խիլք ունիս՝ գըլխիդ ճա՛ր արա,
Թէ չէ՝ անիլ կու տամ քիզ փարա-փարա.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
ուրիշ տիղ, ա՜ման, ո՛ւրիշ տիղ»:

ՙՅիս բըլբուլ իմ, վարդըս մընաց խարումըն.
Կըրակ դըրիր սըրտիս խուցի եարումըն.
Վունց գըրանքումըն կայ, վունց դավթարումըն.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ.
ուրիշ դիղ, ա՜ման, ո՛ւրիշ դիղ»:

Ասաց թէ.«Քի զարար շինեցիր շահըդ
Կըտրեցիր ադաբըդ, կըտրեցիր ահըդ.

Մի՛ վիթի արունըդ, մի՛ շանց տայ մահըդ.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ու՛րիշ տիղ.
ուրիշ տիղ, ա՜ման, ու՛րիշ տիղ»:

Ասի թէ.«Մազիրըդ սիրմա իս անում,
Հէնց գիդիս՝ չի՞մ գիդի, եա՛ր, չի՞մ իմանում,
Սէրըդ ինձ մահ դառաւ, էլ չի՛մ դիմանում.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ու՛րիշ դիղ.
ուրիշ դիղ, ա՜ման, ու՛րիշ դիղ»:

ՙԹագաւուրի թագի լայիղ քարըն իմ,
Շիրինի պէս Փահրադի դիդարըն իմ,
Յիս է՛ն գըլխէն Սայաթ-Նովու եարըն իմ.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ուրիշ տիղ.
ուրիշ տիղ, ա՜ման, ու՛րիշ տիղ»:

ՙՀիդըս խօ՛սի, մի՛ կէնայ խըռովի պէս.
Տալղա տըվիր՝ գէմիս տարար ծովի պէս.
Կու միռնիմ, չիս տեսնի Սայաթ-Նովի պէս.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ու՛րիշ դիղ.
ուրիշ դիղ, ա՜ման, ու՛րիշ դիղ»:


Էսպէս շիրվանի հանգում, վուր ասում է «Եօլարումըզդան».

Արութինն ու իր սիրեկանն ասում ին իրար:

Սեպտեմբերի 3-ին, քրոնիկոնի 444-ին (1756):

թարգմանություն
Ի՞նչ կանեմ հեքիմն, բժիշկն ի՞նչ կանեմ

Ի՞նչ կանեմ հեքիմն, բժիշկն ի՞նչ կանեմ[1]՝
Քո տվածն ուրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ,
Այրում է սպեղանին, չի բուժվում վերքը,
Քո տվածն ուրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ.
ուրիշ դեղ, ա՜ման, ո՛ւրիշ դեղ»:

Ասաց թե.«Հեռա՛ցի գլխիցս, գնա՛,
Քո ասածն ուրիշ տեղ է, ո՛ւրիշ տեղ,
Էդ քո արարմունքն քեզ էլ չի՛ մնա.
Քո ասածն ո՛ւրիշ տեղ է, ո՛ւրիշ տեղ.
ուրիշ տեղ, ա՜ման, ո՛ւրիշ տեղ»:

Ասի թե.«Սիրուցդ չեմ հանգչում տանս,
Ձեռքերս թուլացան՝ խաթարվեց գործս,
Վառվեցավ իմ սիրտն, մաշվեց մարմինս,
Քո տվածն ո՛ւրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ.
ուրիշ դեղ, ա՜ման, ո՛ւրիշ դեղ»:

Ասաց թե.«Իմ դեղից քեզ չկա մի ճար,
Գնա՛, թե խելք ունես՝ գլխիդ արա ճա՛ր,
Թե չէ՝ անել կտամ քեզ կտոր հազար,
Քո ասածն ո՛ւրիշ տեղ է, ո՛ւրիշ տեղ.
ուրիշ տեղ, ա՜ման, ուրիշ տեղ»:

ՙԵս բլբուլ եմ, վարդս մնաց փշի մեջ,
Կրակ դրեց սրտիս խուցի վերքի մեջ,
Ո՛չ գրվածքներում կա, ո՛չ էլ՝ գրքի մեջ,
Քո տվածն ո՛ւրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ.
ուրիշ դեղ, ա՜ման, ո՛ւրիշ դեղ:

Ասաց թե.«Քեզ վնաս շինեցիր շահդ,
Կտրեցիր ամոթդ, կտրեցիր ահդ,

Մի՛ հեղի այրունդ, մի ցույց տուր մահդ,
Քո ասածն ուրիշ տեղ է, ո՛ւրիշ տեղ.
ուրիշ տեղ, ա՜ման, ո՛ւրիշ տեղ:

Ասի թե. «Մազերդ արծաթ ես անում,
Կարծում ես՝ չգիտե՞մ, յա՛ր, չե՞մ իմանում,
Սերդ ինձ մահ դարձավ, էլ չե՛մ դիմանում,
Քո տվածն ուրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ.
ուրիշ դեղ, ա՜ման, ո՛ւրիշ դեղ»:

ՙԹագավորի թագին վայել ես քարն եմ,
Շիրինի պես Ֆահրադի պատկերըն եմ,
Ի՛ սկզբանե ես Սայաթ-Նովու յարն եմ[2],
Քո ասածն ուրիշ տեղ է, ուրիշ տեղ.
ուրիշ տեղ, ա՜ման, որիշ տեղ»:

ՙՀետս խո՛սիր, մի՛ մնա խռովի պես,
Հորձանք տվիր՝ նավս տարար ծովի պես,
Կմեռնեմ, չես տեսնի Սայաթ-Նովի պես,
Քո տվածն ուրիշ դեղ է, ո՛ւրիշ դեղ.
ուրիշ դեղ, ա՜ման, ո՛ւրիշ դեղ»:


  1. Ըստ Ն. Աղբալյանի՝ Սայաթ-Նովայի ճակատագրական սերը եղել է վրացական արքունիքին մոտ կանգնած մի հայուհի: Ինչպես երևում է խաղի բովանդակությունից, թեթև ֆլիրտին դեմ չլինող այդ գեղեցկուհին հարցը լրջանալու դեպքում անմիջապես տեղն է դնում դժբախտ Սիրահարին՝«Քո ասածն ուրիշ տեղ է, ո՛ւրիշ տեղ»:
  2. Յար - այստեղ նշանակում է ոչ թե սիրած, այլ՝ ընկեր, մտերիմ մարդ