ԻՄ ԿԱԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԱՌԱՍՏԱՂՆԵՐԸ ՑԱԾՐ ԵՆ
Գետը մտքի մեջ հոսում է հակառակ ուղղությամբ՝ դեպի լեռները, թեեւ
իրականում ծովն է թափվում։ Տխրությունս օգնում է, որ ես
դուրս գամ ինձանից,
իմ փոխարեն ինքն ամփոփվի իմ մեջ։ Եվ խոսում է այնպես,
ասես չի խոսում, այլ համտեսում է բառերը։
Չկա ոչինչ ավելի բարդ, քան պարզն է
եւ, առավել եւս՝ պարզից պարզը։ Հասանելիի անհասը։ Ծառերը
ծնվում են՝ ուշքն ու միտքը
երկնքի ճանապարհին, ինչ անենք, թե
մինչեւ հիմա ոչ մի ծառ դեռ երկինք չի հասել, բայց նրանք
հո չե՞ն դադարում ձգտելուց։ Բայց հո մի օր հասնելո՞ւ են։
Ինքնագոհությունը, դա մենաշնորհն է թույլերի։ Երկնքից վերեւ
երկինք չկա,
իսկ իմ կախվելու համար աշխարհի բոլոր առաստաղները
ցածր են։
Պահը ամենաբարձր կետն է անհունի. ցողունը սիրուց դող ընկած ծաղիկ,
որ մոտեցող մեղվին ընդառաջ է վազում՝
թերթերի մեջ ինչ-որ անըմբռնելի մեղեդիներ եղանակելով։
Հողի տակ՝ արմատներում ծառի,
անվերջնականի մասին,
ճռվողում են բազմաթիվ թռչուններ։
Մի ձայն հուշում է՝ ով մեղք չի գործել, նա կարող է իմանալ, թե
ինչ է անմեղությունը։ Ամեն ինչ կարեւորվում է այն ժամանակ, երբ
կարեւոր չէ ոչինչ («այն ժամանակը», դա աներբությունն է)։
Տեսակցության համար ես չեմ ուզում ժամադրվել, ես սիրում եմ
անսպասելի հանդիպումները, որովհետեւ, Հոկուսայը
նկարել է առանց ձեռքերի։ Կարմիր երակներով տերեւները՝ կտավին,
գետի մեջ կապույտ, ասում են, ներկված հետքերն են աքլորի, որ
ինձ հրում են դեպի անսահմանելին։
Եվ ոչինչ այնքան չի արագացնում ընթացքը, որքան արգելակումը նրա։