Jump to content

Հոգնակի ժպիտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀՈԳՆԱԿԻ ԺՊԻՏ


Ծաղկի բուրմունքը մթնում ավելի թանձր է լինում
եւ լույս է տալիս,
այնպես որ՝ բույրով կարող ես ծաղկին նկարել հանգիստ,
պատկերել անգամ մարմնի բոլոր առեղծվածները։

Յուրաքանչյուր քայլ ընթացք է անսովոր, միաժամանակ,
ե՛ւ գնալ է, ե՛ւ գալ,
գաղտնիքն աչքերիդ մեջ է՝ ճամփու ես դնում, թե՞... դիմավորում։

Ժամանակի մեջ ամեն-ամեն ինչ փոշի է դառնում, եւ
միայն ժպիտն է մնում
որպես զորություն անձեռնմխելի։ Իրական, բայց անիրական։
Եթե չգոյություն գոյություն չունի, բնականաբար,
սեր կա, նշանակում է,
ողջույն, քաջ տղա, Պարմանիդես։ Անդիմադրելի լույս։

Թե չմեկնեիր ինձ ծաղիկները դժոխքից բերված,
վայրկյանը
իրեն ընծայված ժամանակի մեջ կտեղավորվե՞ր, արդյոք։

Իսկ ես պատրաստ էի ինձ ժայռից գլորել անդունդ,
որ չգիտեմ՝ ով չի փորել, միայն թե
արժանանայի, թեկուզ մի պահ, ինքս իմ ներումին։

Ամեն անգամ քեզ հանդիպելիս, տեսնում եմ մի աղջկա (անշուշտ՝
քեզ), որին, երդվում եմ,
մինչ այդ ոչ մի տեղ եւ ոչ մի անգամ դեռ չեմ հանդիպել։

Մութն ավելի ծանր է այնտեղ, որտեղով քիչ առաջ անցել է
լույսը։ Ծաղիկները
մանկություններ են։ Մանուկների ժողովուրդ։ Եվ ես ազգությամբ
երեխա եմ։ Միշտ ուզում եմ հեռանալ, անկախ նրանից, թե որտեղ եմ։