Jump to content

Ինչու առվակը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ինչո՞ւ առվակը կարկաչի, ես՝ չէ։
Ես քո խոսքերից
Մարգարտահատիկ բառեր ընտրեցի
                        Երգերիս համար
Եվ բառերիդ մեջ փնտրեցի ձայնս,
Մինչեւ որ սերդ կապույտ հուն դառավ:
Ինչո՞ւ առվակը կարկաչի, ես՝ չէ։

Առվակը շուրթին երգերս փորձեց
Ու հետո սիրո խոսքեր շշնջաց,
Եկավ շիկնանքիդ, կարոտիդ նման
                մերվեց իմ սրտին
Եվ ես հասկացա` առու չէր, սեր էր,
Սեր էր աղջկա։
Առվակը շուրթին երգերս փորձեց...

Իսկ կակաչները կրակվել էին
                 Առվակի ափին
Ու ժպտում էին, կրկնում էին.
- Պոետ չես, գիժ ես...
Առուն՝ այրում էր, չէր հովացնում,
Առուն՝ կրակ էր, չէր մարում իմ մեջ,
Ու... կարկաչ դարձա սիրուդ շուրթերին։

Ինչո՞ւ առվակը կարկաչի, ես՝ չէ։