Jump to content

Ինչ է, ով է/Ալյումին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ալյումին

1855 թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ընդհանուրի ուշադրությունն էին գրավում 12 փոքրիկ չորսուներ, որ պատրաստված էին արծաթավուն-սպիտակ մետաղից։ Այդ մետաղը փափուկ էր դյուրահալ նման էր արծաթին, բայց շատ ավելի թեթև էր։ Ամենազարմանալին այն էր, որ ինչպես պարզվեց, այն պարունակվում էր նույնիսկ, սովորական կավի մեջ, որից վաղուց ի վեր աղյուս էին պատրաստում։ Ամենից հաճախ հանդիպող ապարներում գրանիտի և բազալտի մեջ, նույնպես կար այդ մետաղից, որն այդ ժամանակ անվանում էին կավի արծաթ։ Բնության մեջ իր տարածվածությամբ այն զիջում էր միայն թթվածնին և սիլիցիումին։ Այդ մետաղն այժմ բոլորին լավ հայտնի ալյումինն էր։

Ալյումինն այն ժամանակ այնքան թանկ արժեր (ոսկուց շատ քիչ էր էժան), որ օգտագործում էին միայն զարդարանքներ պատրաստելու համար։ Հումքից բոքսիտից ալյումին ստանալը չափազանց դժվար էր, որովհետև շատ էլեկտրաէներգիա էր պահանջվում։ Իսկ էլեկտրակայաններ դեռևս չկային:

Զուր չէ, որ ալյումինն անվանում են 20 րդ դարի մետաղ։ Առանց նրա չէին լինի ժամանակակից տեխնիկայի ամենահրաշալի նվաճումները։ Ալյումինը և նրա համաձուլվածքներն օգտագործում են ինքնաթիռներ, ստորջրյա թևերով նավեր, Երկրի արհեստական արբանյակներ կառուցելու ժամանակ։ Ցանկացած ռադիոընդունիչի կամ հեռուստացույցի ներսում կան ալյումինե դետալներ։ Ալյումինից պատրաստում են էլեկտրահաղորդալարեր խոհանոցի ամանեղեն «արծաթե թուղթ» փայլաթիթեղ, որով կոնֆետներ են փաթաթում և շատ այլ առարկաներ: