Ինչ է, ով է/Անտառ
Անտառ
Անտառը ոչ մեկի թշնամին չէ։ Անտառը բոլորի բարեկամն է։
Գազանների ու թռչունների համար նա հարազատ տուն է և ստնտու։
Դաշտերի համար պահապան է քամուց, հատկապես կիզիչ խորշակից։ Թե չլիներ անտառը, քամին այնպես անկաշկանդ կսուրար, որ դաշտից կքշեր կտաներ հողի ողջ բերրի շերտը, կչորացներ այն։
Անտառը բարեկամն է գետի և նրա բնակիչների ձկների, խեցգետինների, գորտերի։ Երբ մեռնում է անտառը, շատ չանցած ծանծաղում և ցամաքում է նաև գետը։ Ինչու՞ է այդպես։ Գարնանը ձնհալի ջուրը մեկ շաբաթում հոսում հեռանում է դաշտերից։ Իսկ անտառի թավուտում, ծառերի ճյուղերի տակ, ձյունը դեռ մնում է մի ամբողջ ամիս, հալվելով աստիճանաբար։ Ձնհալի ջուրը կուտակվում է մամառածածկույթում, ինչպես սպունգի մեջ, և անտառային առվակները մշտապես ջուր են մատակարարում գետին։
Անտառը բարեկամն է նաև օդի։ Անտառի բույսերը օդը մաքրում են փոշուց ու մրից, հագեցնում թթվածնով։
Մարդու համար անտառն ամենաշռայլ բարեկամն է։ Գերան է տալիս տան, տախտակ՝ սեղանի, վառելափայտ վառարանի համար։ Թուղթ, թաղանթանյութ, լուցկի, բևեկնախեժ, դեղանյութեր դժվար է թվարկել այն ամենը, ինչ տալիս է անտառը, հապա սնկե՞րը, մորի՞ն, հապալա՞սը, ընկո՞ւյզը։ Մարդը երախտապարտ է անտառին բերրի դաշտերի, խոր գետերի, մաքուր օդի համար, չէ որ նա օգտվում է այդ ամենից։ Անտառը նաև մարդկանց է նվիրում իր գեղեցկությունը։ Ե՛կ, հիացիր, որքան ուզում ես, անտառը քեզ չի վտարի։
Ընդարձակ է Սովետական Միությունը, և անտառներն էլ այնտեղ տարբեր են։ Հյուսիսում տարածվում է փշատերև անտառների լայն շերտը։ Այնտեղ աճում են եղևնի եղևին, խեժափիճի, մայրի։ Հետո գալիս է խառն անտառների շերտը, ուր սոճու և եղևնու կողքին աճում են կեչին, կաղամախին, լաստենին։ Ավելի հարավ այդ թվում նաև մեր հանրապետությունում ձգվում են կաղնու, թխկու, լորենու, հացենու սաղարթավոր անտառները։
Անապատներում աճում են սաքսաուլի անտառներ։ Սաքսաուլը ծառ է, որի տերևները բարակ ճյուղերի են նման և քիչ խոնավություն են գոլորշիացնում։ Ամենահարավի՝ Միջին Ասիայի լեռների անտառները կարելի է այգիներ անվանել, այնտեղ աճում են ընկուզենի, հոնի, վայրի խնձորենի, տանձենի։
Հարուստ ու գեղեցիկ է անտառը։ Դրա համար ամեն մի ծառ, թուփ ու խոտ պետք է պահպանել, և հատկապես՝ կրակից։ Անտառի պահպանությունը մեր երկրում բնության պահպանության համար տարվող մեծ աշխատանքի կարևոր մասն է։
Կարդացեք այս գրքերը.
Գաբրիելյան Ռ. Բ. Տերմիտների կյանքը, Ե., Հայաստան, 1969
Смирнов А. В., Лес, М., «Дет лит», 1973