Ինչ է, ով է/Բնակարան (Կացարան)
Բնակարան (Կացարան)
Ուր էլ որ բնակվելու լինի մարդը, տաք երկրում, թե բևեռային շրջանից այն կողմ, ծովի ափին թե բարձր լեռներում, անպայման պետք է բնակարան ունենա, որպեսզի պատսպարվի շոգից ու ցրտից, անձրևից ու քամուց։ Մարդիկ միշտ էլ իրենց տները կառուցել են այն ամենից, ինչ ունեցել են ձեռքի տակ` հարմարվելով բնության պայմաններին: Հին ժամանակներում մարդը որպես կացարան օգտագործել է քարանձավները, շինել գետնափոր տներ և պարզ հյուղակներ: Այդպիսի քարայր-բնակարաններ կային Հայաստանի ժայռաշատ վայրերում` Արզնիում, Գեղարդաձորում, Գորիսում, Խնձորեսկում, Վանում, Բագարանում, Անիում, Սասունում, Մանազկերտում։ Իսկ ցածրադիր վայրերում տարածված էր գետնափոր կամ կիսագետնափոր կացարանը։ Հայաստանի շատ շրջաններում մարդիկ կառուցում էին գերանակապ բրգաձև ծածկով տներ։ Այդ ծածկերը, որոնց կենտրոնում երդիկն էր, կոչվում են հազարաշեն կամ սողոմաքաշ:
Ծայր հյուսիսում, ուր ամեն կողմ ձյուն է ու սառույց, էսկիմոսներն իրենց կացարանները՝ իգլուները, կառուցում էին ձյունե աղյուսներից, իսկ պատուհանները՝ գետի սառույցի բեկորներից։ Որպեսզի տաք լիներ, խրճիթում փոկի ճարպի ճրագ էին վառում, հատակն ու պատերը ծածկում գազանի մորթով:
Անտառի բնակիչների վիճակն անշուշտ ավելի լավ էր։ Հաստ գերաններից կապված մամռով ու ծառի կեղևներով խծուծված նրանց խրճիթները հուսալիորեն պաշտպանում էին սառնամանիքից և գազաններից:
Իսկ տափաստաններում, ուր անտառները քիչ են, տները շինում էին կավից կամ կավի ու դարմանի՝ արևի տակ չորացրած խառնուրդից:
Շատ ժողովուրդներ տեղից տեղ էին թափառում՝ որսատեղ կամ արոտավայր գտնելու նպատակով և նրանց այնպիսի կացարան էր պետք, որ հեշտությամբ հավաքվեր ու փոխադրվեր:
Չուկոտյան յարանգան և նենեցական չումը պատրաստում են փայտե ձողերից, որոնց վրա ձգում են եղջերուի մորթի։ Չէ՞ որ չուկչիներն ու նենեցները եղջերվապահներ են։ Ղազախները, կիրգիզները և մոնղոլները վաղուց ի վեր ոչխարներ էին բազմացնում, դրա համար էլ ձողերից պատրաստված հիմնակմախքը նրանք ծածկում էին ոչխարի բրդի թաղիքով և ստացվում էր յուրդ ։ Հյուսիսամերիկյան հնդկացիներից ալգոնկինները, որ անտառի բնակիչներ էին, ծառերի ճկուն բները խրում էին հողի մեջ, ծայրերը իրար կապում, ծածկում ճյուղերով, եղեգով կամ ծառի կեղևով և ստացվում էր վիգվամ: Իսկ սիու հնդկացիները, որ որսորդություն էին անում պրերիաներում, ապրում էին նենեցական չումերին նմանվող վրաններում` տիպիներում, միայն թե դրանք ծածկում էին բիզոնի մորթով: Հենացցերով տներում ապրում են նորգվինեական պապուասները և տաք երկրների շատ այլ բնակիչներ: Արմավենու տերևներով ծածկված բամբուկե (հնդկեղեգի) թեթև խրճիթները գետնից այնքան բարձր են, որ նրանց համար սարսափելի չեն ո՛չ հեղեղները, ո՛չ էլ գիշատիչ գազանները: Թշնամին անգամ չի կարող աննկատ մոտենալ նրանց բնակավայրին։ Ճապոնացի գեղջուկը իր տնակը շինում է բամբուկից, թղթից ու խսիրներից և ոչ միայն այն պատճառով, որ աղքատ է, այլև այդ կացարաններն առավել անվտանգ են երկրաշարժերի ժամանակ, որոնք հաճախակի են Ճապոնիայում: Հարավ-Արևելյան Ասիայում, որ շատ խիտ է բնակեցված և հողը չի բավականացնում տուն կառուցելու համար, մարդիկ ողջ ընտանիքով բնակություն են հաստատում նույնիսկ նավակներում, և այդպես էլ՝ մեծ ու փոքրով ձկնորսության են ելնում ծովի խորքերը։ Բայց այս բոլոր բնակարանները այնքան էլ հուսալի չեն և հաճախ են կործանվում հեղեղներից, փոթորիկներից ու երկրաշարժերից։ Պարզվում է, որ ամենադիմացկունները քարե կառույցներն են: Մինչև մեր օրերն են հասել մի քանի հազարամյակ առաջ կառուցված քարե տներ ու տաճարներ: Բայց քարե տները թանկ էին նստում, որովհետև քար կտրելն ու մշակելը հեշտ գործ չէր: Զուր չէ, որ հին ժամանակներում քարհանքերում աշխատում էին տաժանապարտներն ու ստրուկները: Եվ մարդ սկսեց որոնել այնպիսի մի շինանյութ, որը փոխարիներ բնական քարին: Սկզբում նա սովորեց կավե աղյուսներ թրծել, հետո ասպարեզ եկավ բետոնը` ներկայիս ամենատարածված շինանյութը։ Այժմ մարդու բնակարանը, որ կառուցվում է ամուր հիմքով, դիմացկուն պատերով ու տանիքով, հուսալի պաշտպան է քամուց, անձրևից ու ձյունից, իսկ երկաթբետոնե տները չեն վախենում անգամ երկրաշարժից: Այդպիսի տան բնակիչը կարիք չունի աղբյուրից կամ ջրհորից ջուր բերելու, քանի որ կա ջրմուղ, վառարան վառելու, կա գազ և կենտրոնական ջեռուցում, նավ թե լամպ օգտագործելու, կա էլեկտրականություն։ Այժմ մարդիկ գեղեցիկ քաղաքներ են կառուցում անգամ անապատներում, գյուղերում շինում են մեծ ու հարմարավետ տներ, Անտարկտիդայի սառցապատ տարածություններում` ավաններ և նույնիսկ ծովի հատակն են իջեցնում առաջին ստորջրյա տները: