Jump to content

Ինչ է, ով է/Բնանկար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Բնանկար

Ճահճոտ հարթավայրով հենց նոր սուրաց-անցավ փոթորիկը: Հեռվում դեռ մոլեգնում են անձրևն ու քամին, կապտագույն ամպերը լի են խոնավությամբ, ծանրացել են ծառերի ու թփերի թաց ճյուղերը: Բայց ահա հորիզոնում երկինքն սկսեց փայլել ջինջ կապույտով, երևաց արևը, օդը դարձավ մաքուր ու թափանցիկ, իսկ թաց մարգագետնի վրայով սահեցին ցրվող ամպերի ստվերները։ Փոթորկից խռովված բնությանն անդորր իջավ: Այս ամենը մենք տեսնում ենք 19-րդ դարի երկրորդ կեսի ռուս հայտնի բնանկարիչ Ֆ. Ա. Վասիլևի «Թաց մարգագետին» նկարում։ Նկարչի պատկերած բնանկարը անպաճույճ է ու հիասքանչ: Հիասքանչ է ոչ թե արտաքին փայլով, այլ` ճշմարտացիությամբ, իրականության պատրանքով։ Դա նկարչի ջերմորեն ու քնքշորեն սիրած հայրենի բնությունն է: Ցույց տալ բնությունն իր ողջ գեղեցկությամբ, միաժամանակ արտահայտելով մարդկային զգացմունքների ու ապրումների մեծ ու բարդ աշխարհը. ահա բնանկարչի գլխավոր խնդիրը: Բնանկարչությունը որպես ինքնուրույն ժանր միանգամից չէ, որ ձևավորվել է։ Սկզբում բնանկարը ֆոն է եղել դիմանկարների կամ պատմական տեսարանների համար: 16-17-րդ դարերում բնանկարը դարձավ կերպարվեստի ինքնուրույն ժանր։ Այդ ժամանակ առանձնապես հռչակված էին հոլանդական նկարիչների բնանկարները: 19-րդ դարում հանդես եկան բնանկարչության հայտնի վարպետները` անգլիացի նկարիչներ Թյոռներն ու Կոնստեբլը: Աշխատելով բնության գրկում նրանք ստեղծեցին լուսառատ կենսահույզ կտավներ։ Շատ բնանկարներ են ստեղծել նաև 19-րդ դարի վերջի նշանավոր նկարիչներ ֆրանսիացի Գոգենը, հոլանդացի վան Գոգը և ուրիշներ։

Իրենց կտավներում ռուսական բնության բովանդակալից և բանաստեղծական պատկերն են կերտել նկարիչ պերեդվիժնիկները՝ Ա․ Կ․ Սավրասովը Ի․ Ի․ Շիշկինը, Ի․ Վ․ Լևիտանը, Ա․ Ի․ Կուինջին։

Բնանկարն աչքի ընկնող տեղ է գրավում նաև սովետական հայտնի գեղանկարիչներ Ի. Է. Գրաբարի, Ա.Ա․ ԴԵյնեկայի ստեղծագործություններում։

Հայ ժողովուրդը տվել է բնանկարիչների պատկառելի մի սերունդ՝ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհ․ Այվազովսկի, Վ․ Մախոխյան, Գ․ Բաշինջաղյան, Շահին Փ․ Թերլեմեզյան, Ե․ Թադևոսյան, Ս․ Առաքելյան, Մ․ Ավետիսյան, Հ․ Հակոբյան։ Անունների այս շարքում առանձնահատուկ տեղ է գրավում 20-րդ դարի հայ խոշորագույն նկարիչ Մ․ Ս․ Սարյանը, որը մեծ վարպետությամբ է պատկերել հայրենի հեքիաթային բնաշխարհը։ Հայրենի բնության գողտրիկ մի անկյուն է ներկայացնում Ս․ Առաքելյանի «Աշունը Երևանի շրջակայքում» նկարը՝ անվրդով մաքուր ու լուսավոր տրամադրությամբ աշխատավոր մարդու առօրյայով, դեղնակարմիր ծառերի ու ձյունապատ լեռների փայլուն ներդաշնակումով։

Բանաստեղծորեն պատկերելով մեզ շրջապատող բնությունը՝ նկարիչ արվեստագետները մեր առջև բացում են նրա անսպառ գեղեցկությունները և սովորեցնում ավելի խորը սիրելու հայրենի բնաշխարհը։