Ինչ է, ով է/Գայլաձուկ
Գայլաձուկ
Գայլաձուկը Սովետական Միության տարածքում գտնվող գրեթե բոլոր ջրամբարներում հանդիպող խոշոր ձուկ է։ Նրա մարմնի երկարությունը հասնում է ավելի քան 1,5 մ-ի, քաշը կարող է լինել 35 կգ-ից ավելի:
Շատ լեգենդներ են հյուսվել գայլաձկան արտասովոր երկարակեցության շուրջ, բայց իրականում նա ապրում է ամենաշատը 20 տարի: Եղել է նաև երեսուներեք տարեկան գայլաձուկ որսալու դեպք:
Սովորաբար գայլաձուկը կշռում է 6-8 կգ: Հավանաբար, կհամաձայնեք, որ նման ձուկն էլ փոքր չէ, և նա պետք է շատ սնունդ հայթայթի։ Դրա համար էլ գայլաձուկը որս է անում օրեր շարունակ: Սակայն նա իր զոհին չի որոնում և չի հետապնդում, այլ սպասում է, որ այն լողալով մոտենա իրեն: Ձկները չեն տեսնում ջրիմուռների մեջ թաքնված գիշատչին. գայլաձկան խալերով ու զոլերով ծածկված մոխրագույն կամ մոխրականաչ մաշկը քողարկվելու հիանալի «զգեստ» է: Հենց որ զոհը հայտնվում է նրա կողքին, գայլաձուկը կայծակի արագությամբ հարձակվում է վրան և ավարն արդեն չի կարող դուրս պրծնել նրա սուր թրանման ատամներով հսկա երախից:
Գայլաձուկը գիշատիչ է: Նա հարձակվում է թե մանր և թե խոշոր ձկների վրա, կուլ տալիս սագի և բադի ճուտիկներին ջրի հատակը, քարշ տալիս նույնիսկ մեծ բադերի և կտցարների:
Ձկներին և թռչուններին ոչնչացնելով՝ գայլաձկներն անշուշտ վնաս են պատճառում։ Սակայն որսալով առաջին հերթին հիվանդ և թույլ ձկներին՝ նրանք կանխում են հիվանդությունների տարածումը ջրամբարների բնակիչների մեջ: