Ինչ է, ով է/Գրիգոր Նարեկացի
Գրիգոր Նարեկացի
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հազարավոր ձեռագրերի հետ պահվում է 9661 թվահամարով մի մատյան որը գրվել է Աստրախան քաղաքում, 1837 թ․։ Այդ ձեռագրում թվով 17 ավանդություններ ու զրույցներ կան Գրիգոր Նարեկացու մասին։ Իսկ ակադեմիկոս Արամ Ղանալանյանն իր «Ավանդապատում» գրքում դրանց թիվը 24-ի է հասցրել։ Այսքան շատ ավանդություն ու զրույց ոչ մեկի մասին չի ստեղծվել Նարեկացու անունն են հիշեցնում նաև Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ հիշարժան վայրեր, հուշարձաններ Նարեկացու քարերը Վաս պուրականի Նարեկ, Հարգիդ գյուղերում և Նարեկավանքի մոտակայքում, Նարեկացու աղոթատեղին Նարեկ գյուղի մոտ, Նարեկացու գիհիի ծառը Ձևե գյուղում, Նարեկացու տունը Եվդոկիայում և այլն։
Ավանդություններն ու զրույցները պատմում են այն ջերմ սիրո ու վերաբերմունքի մասին, որ Գրիգոր Նարեկացին տածել է մարդու և ապրող ամեն արարածի նկատմամբ։ Դրանցից մեկում կարդում ենք, որ Նարեկացին հովվություն է անում Հարգիդ գյուղի մեռած հովվի փոխարեն և ստացած։ վարձը տալիս նրա կնոջն ու որբացած երեխաներին։ Մեզանից հազար տարի առաջ ապրած մի բանաստեղծ է Գրիգոր Նարեկացին` գողտրիկ տաղերի, «Մատյան ողբերգության» հիասքանչ պոեմի և ուրիշ շատ գործերի հեղինակ, որին դնում են աշխարհի հանճարեղ բանաստեղծների կողքին: Նա ծնվել է Հայաստանի Վասպուրական աշխարհի Նարեկ գյուղում (այստեղից էլ նրա Նարեկացի անունը), հոգևորականի ընտանիքում, սովորել Նարեկա վանքում (հին ժամանակներում ուսում միայն վանքերում էին ստանում), դարձել հոգևորական: Հայ ժողովուրդը սրբացրել է Գրիգոր Նարեկացուն, իսկ նրա «Մատյան ողբերգության» պոեմը դարեր շարունակ կոչել է «Նարեկ» և այդ գրքին վերնագրել հոգեկան ու մարմնական ցավեր բուժելու մեծ զորություն։ Հովհաննես Թումանյանն այդ պոեմի մասին գրել է «Հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք»: Նարեկացին իր քնարական պոեմով սեր, մարդասիրություն, բարություն, ազնվություն է սերմանում մարդկանց հոգում, կոչում աշխարհի բոլոր մարդկանց լինել բարի ու անաղարտ, սիրել ու օգնել միմյանց, ձգտել կատարելության: Այս գաղափարները նա արտահայտել է հանճարի երևակայությամբ և բանաստեղծական բարձրաթռիչ պատկերներով ու համեմատություններով։ Մարդու հոգեկան ու մարմնական գեղեցկությունների և բնության հրաշալիքների նկարագրության մեջ Նարեկացու բանաստեղծական երևակայությունը սահմաններ չի ճանաչում և զարմանք ու ապշանք է հարուցում։ Կարդացեք Նարեկացու տաղերից այս հատվածը և ինքներդ կհամոզվեք:
Նոճիներն ու արոսենին նորաբողբոջ
Շրշում էին՝ հևքով հուշիկ
Գգվելով վարդ ու շուշանին
Շողշողում էր շուշանն հովտում,
Շողում էր դեմն արեգակի։
Հյուսիսային հովն հեզասահ
Հովհարում էր գիրգ շուշանին
Հարավային լեռների զով
Օդն էր ցողում ջինջ շուշանին
Ու շուշանն է լցվում շաղով,
Շող շաղով ու շար մարգարտով: