Ինչ է, ով է/Գրիմ
Գրիմ
Արտիստը պատրաստվում է բեմ ելնել նոր դերով: Զգեստն արդեն ընտրված է, հիմա հարկավոր է «վերափոխել» դեմքը: Արտիստը երկար տնտղելուց հետո իր համար կեղծամ է ընտրում, փորձում զանազան «ֆասոնների» բեղ կամ մորուք, կպցնում հատուկ պլաստիլինից սարքած քիթ ու բամբակե այտեր։ Ապա նա սկսում է ներկերով հարդարել դեմքը` գրիմ անել («գրիմը» ֆրանսերեն բառ է, որ նշանակում է «ներկել դեմքը»): Սկզբում արտիստը (կամ էլ դիմա հարդարը) ամբողջ դեմքը պատում է «ընդհանուր երանգով» և այն դառնում է երիտասարդ կամ ծեր, գունատ կամ թուխ: Ապա ներկում է աչքերը, շուրթերը, հոնքերը, որպեսզի իր դեմքի արտահայտաթյունն օժտի գործող անձի բնավորության գծերով, օրինակ, հպարտությամբ, տխմարությամբ, վեհանձնությամբ։ Նշանավոր երգիչ և արտիստ Ֆ. Ի. Շալյապինը Գունոյի «Ֆաուստ» օպերայում: Մեֆիստոֆելի դերերգը կատարել է իր ստեղծագործական ողջ կյանքում: Սկզբում, քանի դեռ երիտասարդ էր, Շալյապինն այդ դերում դիմահարդարվում էր հանդիսատեսի համար սովորական «օպերային» սատանայի տեսքով։ Տարիների հետ երգչի տաղանդն ավելի վառ էր դրսևորվում, ավելի արտահայտիչ էին դառնում նրա հերոսների նկարագրերը, փոխվում էր և գրիմը: Ի վերջո նրա Մեֆիստոֆելը հանդիսատեսի առջև կանգնեց որպես մարդու կերպարանք առած մի չար ոգի՝ կեղծավոր և ահարկու: Արևելքի մի շարք թատրոններում դերասանները գրիմի փոխարեն պատրաստի դիմակներ են հագնում կամ էլ այդ դիմակները նկարում դեմքերին: Կրկեսի դերասանները նույնպես գրիմ են գործածում: Հիշեք վառ շուրթերով և կարմրաշեկ կեղծամով զվարճասեր ծաղրածուներին` կարմիր շպարի եռանկյունները ձյունաճերմակ այտերին։ Այդ գրիմ-դիմակը հարուցում է հանդիսատեսի ծիծաղը և ավելի ևս զվարճալի դարձնում ծաղրածուներին: