Ինչ է, ով է/Դեկաբրիստներ
Դեկաբրիստներ
1825 թ դեկտեմբերի 14-ին Պետերբուրգի սենատի հրապարակում շարվել էին երեք գնդերի զինվորներն ու սպաները: Այդ օրը մայրաքաղաքի զորքերը հավատարմության երդում պետք է տային նոր ցար Նիկոլայ Առաջինին: Բայց Սենատի հրապարակում շարված զինվորականները նոր ցարին երդում տալու փոխարեն նրանից սահմանադրություն պահանջեցին: Նրանք ցանկանում էին գյուղացիներին ազատել ճորտատիրական կախումից և ամեն մարդու ազատ լինելու իրավունք ընձեռել: Ռուսաստանում այդպիսի օրենքներ չկային։ Գյուղացիները լիովին կախման մեջ էին կալվածատերերից: Բոլոր նրանց, ովքեր պայքարում էին ցարական կարգերի դեմ, մահապատժի էին ենթարկում, բանտ նետում, հետապնդում: Ապստամբները պահանջում էին նաև, որ ողջ Ռուսաստանում ընտրություններ անցկացվեն և որ ժողովրդի ընտրած լավագույն մարդիկ մասնակցեն երկրի կառավարմանը։ Ապստամբության որոշ ղեկավարներ նույնիսկ գտնում էին, որ հարկավոր է տապալել ցարին և հանրապետություն ստեղծել: Նիկոլայ Առաջինը վախեցավ և գեներալ նահանգապետ Միլորադովիչին ուղարկեց ապստամբներին համոզելու, որ ցրվեն: Նրա հորդորները կարող էին դժվարացնել ապստամբության ընթացքը, և այդժամ ապստամբության մասնակիցներից մեկը` Պ. Դ. Կախովսկին, մահացու վիրավորեց գեներալին: Ցարը հեծյալ գվարդիային հրամայեց հարձակվել Սենատի հրապարակում հավաքված զորքի վրա: Գրոհը ետ մղվեց: Այնժամ ցարը հրամայեց թնդանոթներից կրակ բացել ապստամբների վրա: Ապստամբները ցրվեցին, իսկ փողոցներում և Նևայի սառույցների վրա մնացին սպանվածների դիակները: Ապստամբության կազմակերպիչներին և մասնակիցներին անվանում են դեկաբրիստներ` դեկտեմբեր (ռուսերեն` декабрь ) ամսվա անունով, երբ այն կատարվեց: Այդ նույն օրերին ապստամբություն տեղի ունեցավ նաև Ուկրաինայում։ Այնտեղ Չեռնիգովյան գնդի վեց վաշտ գլխավորում էր սպա Ս. Ի. Մուրավյով Ապոստոլը, բայց 1826 թ. հունվարի 3-ին նրան վիրավոր վիճակում գերի վերցրին, իսկ ջոկատը ջարդեցին: Պետերբուրգի ապստամբները հյուսիսային ընկերություն կոչվող գաղտնի հեղափոխական կազմակերպության անդամներ էին, իսկ հարավի ապստամբները՝ Հարավային ընկերության անդամներ: Ապստամբության ջախջախումից հետո ոստիկանությունը երկու ընկերությունների անդամներին էլ ձերբակալեց։
Ովքեր էին դեկաբրիստները: Մեծամասնությամբ սպաներ էին, որ կրքոտ սիրում էին ազատությունը և ատում ցարական իշխանությունը։ 1812 թ. նրանք մասնակցել էին Նապոլեոնի ջախջախմանը։ Բայց Եվրոպայից տուն վերադառնալով, նրանք իրենց Երկրում տեսան նույն անգութ կարգերը։ Պատերազմի մասնակից սպաներից բացի, գաղտնի ընկերությունների անդամներ դարձան Ռուսաստանի կրթված, խիզախ ու վճռական մարդկանցից շատերը։ Նրանց շարքում էին բանաստեղծներ Կ. Ֆ. Ռիլեևը, Ա. Ի. Օդոևսկին և Վ. Կ. Կյուխելթեկերը, որոնք երիտասարդ տարիքի բերումով չէին մասնակցել 1812 թ. պատերազմին, գրող Ալեքսանդր Բեստուժև Մարլինսկին։
Ցարը դաժանորեն հաշվեհարդար տեսավ դեկաբրիստների հետ։ Բանաստեղծ Կոնդրատի Ռիլեևին, հարավային ընկերության ղեկավար Պավել Պեստելին, Սերգեյ Մուրավյով Ապոստոլին, Պյոտր Կախովսկուն և դեռ բոլորովին երիտասարդ Միխայիլ Բեստուժև Ռյումինին կախաղան բարձրացրին։ Ապստամբության շատ մասնակիցների աքսորեցին Սիբիր տաժանակրության։ Որոշ սպաների աստիճանազրկեցին, որպես շարքային զինվոր ուղարկեցին Կովկաս, ուր այդ ժամանակ պատերազմ էր գնում։
Կովկաս աքսորված դեկաբրիստներից շատերը եղան Հայաստանում։ Ակտիվորեն մասնակցեցին Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրելու, ինչպես նաև հայկական մի շարք քաղաքների ու բերդերի համար մղված մարտերին։ Նրանց մեջ էին Ն. Դեպրերադովիչը, Ա. Պ և Պ. ԲԵստուժև Եղբայրները: Ի Բուրցովը, Ե. Լաչինովը, Պ. Լեմանը, Պ. և Ի. Կոնովնիցին եղբայրները, Մ. Պուշչինը և շատ ուրիշներ։ Կովկասյան բանակում ծառայող դեկաբրիստների ոգևորության և հերոսական գործերի աղբյուրը նրանց առաջավոր գաղափարներն էին, ազգերի հավասարության, նրանց իրավունքների ճանաչման սկզբունքները։ Նրանց համար շատ հասկանալի էր Անդրկովկասի ժողովուրդների պայքարը պարսիկ և թուրք կեղեքիչների դեմ։
Դեկաբրիստները ծանոթ են եղել և բարեկամական կապեր են հաստատել մի շարք հայ գործիչների Հարություն Ալամդարյանի, Ներսես Աշտարակեցու, Բարսեղ Բեհբութովի, Վալերիան Մադաթովի, Լազար Լազարևի և ուրիշների հետ։ Տարիներ շարունակ գտնվելով Անդրկովկասում, դեկաբրիստները շփվել են տեղի բնակիչների հետ, մոտիկից ծանոթացել նրանց կյանքին ու կենցաղին։ Ա. Բեստուժև Մարլինսկին, Ե. Լաչինովը, Ս. Գլինկան և ուրիշ դեկաբրիստներ արժեքավոր ու բազմակողմանի տեղեկություններ են թողել երկրամասի և մասնավորապես, Հայաստանի տնտեսական կյանքի, ժողովրդի նիստուկացի, ավանդույթների մասին։ Դեկաբրիստները խորացրին և նոր աստիճանի բարձրացրին ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Պուշկինն իր դեկաբրիստ ընկերներին շատ բանաստեղծություններ է ձոնել, այդ թվում և հանրահայտ «Դեպի Սիբիր» ուղերձը.
Հպարտ ապրեցեք, ով աքսորյալներ,
Խավար հանքերում հեռու Սիբիրի,
Չի կորչի իզուր աշխատանքը ձեր,
Ու ձգտումները ձեր վեհ մտքերի։
Դեկաբրիստ բանաստեղծ Ա. Ի. Օդոևսկին տաժանավայրից այսպես է պատասխանել Ա. Ս. Պուշկինին.
Չի կորչի իզուր աշխատանքը մեր,
Կայծից բոց կբռնկի:
Ռուսաստանի լավագույն մարդիկ սրբությամբ էին մեծարում դեկաբրիստների հիշատակը։ «Կայծից բոց կբռնկի...» տողը դարձավ լենինյան «Իսկրա» թերթի բնաբանը: Վ. Ի. Լենինը, գնահատելով դեկաբրիստների ապստամբությունը, նշել է, որ նրանք կարևոր դեր են կատարել Ռուսաստանում հեղափոխական շարժման զարգացման գործում։
Դեկաբրիստների մասին ավելի մանրամասն դուք կարող եք կարդալ հետևյալ գրքում. Алексеев С. П., Декабристы М. «Дет лит», 1969