Jump to content

Ինչ է, ով է/Դեկորատիվ արվեստ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դեկորատիվ արվեստ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Դեկորատիվ արվեստ Անդերսենի մի հեքիաթում կախարդուհին բանաստեղծին է տալիս իր ակնոցն ու լսափողը, և բանաստեղծին շրջապատող բոլոր իրերը կենդանանում են ու սկսում խոսել: Եթե ամենասովորական, գրեթե չնկատվող իրերին` գավաթին, աթոռին, հագուստին, դիպչի վարպետ նկարչի կախարդական ձեռքը, նրանք նույնպես «կսկսեն խոսել», սակայն առանձնահատուկ մի լեզվով՝ գեղեցկի լեզվով: Ցանկացած նյութ գեղեցիկ է, բայց նրա գեղեցկությունը միանգամից չէ, որ երևան է գալիս: Կավի անմշակ, գորշ կտորը ուշադրության չես արժանացնի, բայց այ, օրինակ, հայ բրուտի հմուտ ձեռքով այդ փափուկ, դյուրաբեկ նյութից ծնունդ են առնում զարդարուն, ասես անզգուշորեն վառ ջնարակով ցողված գավաթներ, սկահակներ, սափորներ: Անտառին հատուկ խեժահոտ բուրող սոճու բունը մարդու ձեռքով նորից կենդանություն է առնում: Բոգորոդսկցի վարպետ-խաղալիքագործը, բնի վրայից փրփրանման տաշեղ հանելով, ասես մաքրում-բացում է գեղեցկահյուս մանրաթելերի թաքնված նախշը, մուգ ոստերի խայտերն ու պուտերը, որոնցից աչք չես կտրում։ Զարմանալի գեղեցիկ են ուռենու ճկուն շիվերից հյուսված զամբյուղները։ Բամբուկահյուս ճապոնական զամբյուղներն իրենց ուրվագծով դեպի ափ վազող թեթեվասահ ալիքներ են հիշեցնում։ Ճապոնացիներն այդպես էլ անվանում են դրանք՝ «ալիքներ»։ Երկաթն ամենևին էլ կոպիտ նյութ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։ Նրա «հոգին» կարողացել են հասկանալ դարբինները, որոնք գեղեցիկ աշտանակներ են կռում և կաղնե դռների հիասքանչ նախշազարդեր։ Ասիայում բրդե խիտ գորգերը փոխարինում էին ոչ միայն կահույքին ու պաստառին։ Գորգագործ վարպետը նրա նախշերով երբեմն մարմնավորում էր իր երազանքը։ Այդ վառ գույներն ու նախշերը կախարդական հեքիաթների, խայտաբղետ հարավային շուկաների, երկնքի շլացուցիչ կապույտի, շատրվաններով և պալատներով ծաղկուն այգիների պատրանք են ստեղծում։

Մեծ համբավ ունեն, օրինակ, Թուրքմենիայի գորգերը։

Հապա վոլոգդացի և կիրովցի ժանեկագործուհիների, լաքե մանրանկարչության պալեխյան վարպետների, խոլմոգորցի ոսկրափորագրիչների, ուզբեկ քարափորագրողների, վրացի դրվագողների աշխատանքները։ Նրանց արվեստը բոլորին է հիացնում։ Համաշխարհային դեկորատիվ արվեստի գանձարանում մեծ է հայ վարպետների ավանդը։ Հայկական գորգերը, ժանյակները, կարպետները, ասեղնագործ կտորեղենը, տարազի տարատեսակները, խեցեղենը, փայտի գեղարվեստական մշակումը վկայում են, որ արվեստի այդ ճյուղը։ Հայաստանում զարգացած է եղել դեռ շատ հնում։ Հապա հայկական հինավուրց խաչքարերի զարդանախշերը, որ ամենանուրբ ժանյակներ լինեն ասես։

Մարդիկ դեռևս խոր անցյալում էին կարողանում գեղեցիկ պատրաստել կյանքի ու աշխատանքի համար անհրաժեշտ առարկաները։ Բայց ժամանակի հետ փոփոխվում էին նաև մարդկանց ճաշակն ու պահանջները։ Եվ այսօր երբեմն մեկ առարկայով սկահակով կամ հին բազկաթոռով, մասնագետները որոշում են, թե այս կամ այն ժամանակաշրջանում մարդիկ ինչպես էին հագնվում, ինչ զարդեր էին կրում, ինչպիսի շենքեր կառուցում։ Եվ այսպես, դեկորատիվ արվեստը ամանեղենի և կահույքի, այգու ցանկապատերի և տների երեսպատման, հագուստի և ոսկերչական իրերի և, նույնիսկ, մեքենաների գեղարվեստական ձևավորումն է։ Արվեստագետի ձեռքն ամենասովորական իրը կարող է վերածել արվեստի գեղեցիկ ստեղծագործության։