Jump to content

Ինչ է, ով է/Դեկորացիա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Դեկորացիա

Բացվում է թատրոնի բեմի վարագույրը, և դուք տեսնում եք ծաղիկներ, ծառեր, մի տնակ, իսկ հեռվում լեռնագագաթներ, երկինք ու ամպեր։ Այդ ամենն, իհարկե, իսկական չեն, այլ դեկորացիա են, դեկորներ (լատիներեն «դեկոր» բառից, որ նշանակում է «զարդարում եմ»)։

Բեմի խորքում մի հսկայական յուղանկար կա, որ նկարված է կոշտ քաթանի վրա։ Դա ետնավարագույրն է, նրա և բեմի առջևի մասի՝ բեմեզրի, միջև տեղավորում են կախովի դեկորները՝ վերնադեկորները։ Դրանք կարող են պատրաստված լինել նրբատախտակից և պատկերել ծառեր, ժայռեր, սյուներ, տների պատեր։ Բեմի վրա կարող է լինել նաև գրեթե իսկական տուն՝ սանդուղքով, դռներով, պատշգամբով։ Դա ճարտարապետական դեկոր է։

Դեկորները, եթե նույնիսկ շատ բարդ են ու խոշոր, փոխում են արագ, մի քանի րոպեում, ներկայացման արարների ընդմիջումների ժամանակ ետնավարագույրն ու վերնադեկորները բարձրացվում են վեր կամ իջեցվում ներքև, ճարտարապետական դեկորները մի կողմ են տարվում, իսկ նրանց տեղում հայտնվում են նորերը։ Այս ամենն անում են հատուկ մեխանիզմները։

Բեմում դուք կարող եք տեսնել լուսնի լույս, արևածագ, կայծակի փայլատակում, հնօրյա լապտերների մեղմ թարթում։ Այդ և ուրիշ լուսային տպավորությունները ձեռք են բերվում լուսավորող բազմաթիվ սարքերի օգնությամբ։ Թատրոնը գոյություն ունի շատ վաղուց Բայց տարբեր ժամանակներում ու տարբեր ժողովուրդների թատրոնի բեմը տարբեր տեսք է ունեցել։ Եղել են բեմեր, որ չեն ունեցել ոչ դեկորներ, ոչ վարագույր, ոչ էլ հատուկ լուսավորություն։ Դերասաններն իրենք են իրենց խաղով ցուցադրել, թե որտեղ են գտնվում անտառում, պալատում, թե ալիքներին օրորվող նավակում կամ էլ գործողության վայրը պայմանականորեն նշվել է որևէ առարկայով։ Որոշ թատրոններ ունեցել են մշտական դեկորացիա, որը չի փոխվել, ինչ թատերախաղ էլ որ ներկայացվել է։ Ավելի ուշ Երևան եկան փոխարինվող դեկորներն ու թատերական բարդ մեքենաները, որոնք ուղղակի հանդիսատեսի աչքի առջև փոխում էին գործողության վայրը, գյուղը վեր էին ածում պալատի անապատը ծաղկուն այգու, պատկերում փոթորիկ կամ երկրաշարժ։


Ժամանակակից թատրոններում օգտագործում են բեմի ձևավորման այն բոլոր ամենահետաքրքիր ու ամենաարտահայտիչ միջոցները, որ թատրոնի երկարատև պատմության ընթացքում ստեղծել են բեմանկարիչներն ու թատերական մեքենավարները։ Երբեմն էլ դերասանները խաղում են առանց դեկորների բեմում, ինչպես Շեքսպիրի թատրոնում էր։