Jump to content

Ճանապարհորդություն դեպի ապագա... Արցախով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ... ԱՐՑԱԽՈՎ

Արցախյան գոյամարտը մեր լինելիության հաստատումն է ու վերադարձն է մեր արմատներին։ Այն խորհրդային ու օտարալեզու օրորոցայիններով շղարշված մեր արյան արթնացումն է։ Իսկ հայորդին, աշխարհի որ ծագում էլ գտնվի, հայրենի հողի վրա կախված ամենափոքրիկ վտանգն անգամ զգում է իր մեջ ապրող ու գիտության կողմից դեռեւս չբացահայտված բջիջներով, ոտքի ելնում։ Այդպես եղավ նաեւ ծագումով արցախցի, մոսկվաբնակ Բորիս Բարաթովի հետ, որի մասնակցությունը մեր գոյապայքարին, ես կասեի, պակաս արդյունավետ չեղավ։ Առաջին գիրքը նրա, որը կրում է «Արցախի հրեշտակը» վերնագիրը, մարտի մեջ մտավ միանգամից՝ բարձր պահած ճշմարտության դրոշակը։ Ի դեպ, գիրքն այդ վերնագիրը փոխառել է մեր շարժման առաջամարտիկներից ու անվանի արվեստագետներից մեկի՝ Արմեն Հակոբյանի հայտնի քանդակից, որի լուսապատճեն եւս զետեղված է գրքում։ Եվ դա խորհրդանշական է, որովհետեւ Արմենն իր մեջ կրում էր, ավելի խտացված, հայոց ազգային ոգու ըմբոստացումը։

Եվ ահա աշխարհ է եկել երկրորդ գիրքը, ավելի ճիշտ՝ գիրք-ալբոմը. նույնքան շքեղ հրատարակությամբ ու հրապարակումների, լուսանկարների, ինֆորմատիկ նյութերի բազմազանությամբ։ Ինչպես առաջինում, այստեղ եւս զգալի տեղ է հատկացվել պատմական հուշարձաններին, երեկվա ու այսօրվա իրադարձություններին։ Հեղինակը, առաջնորդվելով «Հայոց երկիրը նման է լեռների վրա կանգնած աստվածային ամրոցի» կարգախոսով, ճիշտ ճանապարհ է ընտրել ժողովրդի ազատության ու անկախության պայքարի մասին ճշմարտությունն աշխարհին հասցնելու համար։ Չէ՞ որ գիրք-ապրումում ներկայացվող յուրաքանչյուր վանք-եկեղեցի մոդել-մանրակերտն է երկնագմբեթ հայոց աշխարհի։ Այս անգամ, սակայն, այլ վերնագիր է ընտրել Բորիս Բարաթովն իր ստեղծագործության համար «ավերված դրախտ» («Ճանապարհորդություն դեպի Արցախ»), դրանով իսկ ընդգծելով հայ մարդու կերտելու եւ վերակերտելու հանճարը, որով եւ նա հաղթում է թշնամուն։ Ավելին, Բարաթովի գիրք-ալբոմում մարտադաշտը ներկայանում է աննախադեպ իրատեսությամբ. ծառ լինի, թե վանքի քարաբեկոր, աղբյուր լինի, երեխա, թե տարիքն առած այր, բոլորն էլ զինվորագրված են, ամեն մեկը յուրովի մասնակցում է պատերազմին, ամրացնելով երկրի անպարտելիության հիմքերը։ Ասել է թե՝ հայրենիքն իրենց ուսերին, ձեռքերի վրա պահում են վանք ու երկիր կառուցողներ, հենց այդպես է ցույց տրված գրքի շապիկի վրա, ուր Դադիվանքից քաղված մի պատկեր է՝ վանքի իշխանների ձեռքերին պահվում է մանրակերտը նույն այդ վանքի, որը եւ արտահայտում է ոչ միայն ծառի, քարի, հողի մարդու միասնությունը, այլ նաեւ, այդ ամենով հանդերձ, նվիրվածությունը հայրենիքին, մշակույթին, դրանց սրբությունը։ Ահա ինչու գրքի էջերից քեզ նայող նկարներում մարդ լինի պատկերված, թե վանք, խոսում են նույն լեզվով, ասում են նույն բանը։ Եվ հենց այստեղ է, որ Մամիկոնը, որպես երկրի տեր ու միաժամանակ ծննդավայր կորցրած շինական, ձուլվում է մայր ժողովրդի ճակատագրին, իր երկրի պատմությանն ու գալիքին։ Բորիս Բարաթովի այս գիրքը, հիրավի, արժանիքներ ու առավելություններ շատ ունի, որոնցից ամենագլխավորը հորինելու «արվեստական թույնից» հեռու մնալն է, ինչպես ասում են։

Եվ եթե դրան ծավալենք նաեւ ժողովրդի պատմության «քառուղիների» խորհուրդն ու ականատեսի զգայուն աչքը, ամեն ինչ պարզ կլինի։ Աչքը, սակայն, տեսադաշտը մեծացնելով, վերածվում է փորձառու հայացքի, հաճախ իր մեջ ներառնելով ոչ միայն հողատիրոջ, երկրի տիրոջ, այլ նաեւ աշխարհահռչակ մեծանունների դիտարկումներն ու տեսակետները։ Այս առումով բավականին հետաքրքիր է ռուս մեծ զորահրամանատար Սուվորովի «Կովկասյան գրառումներից» արված մեջբերումն, ուր պատմվում է, թե ինչպես է Մելիք Շահնազարը Շուշիի բանալիները հանձնում Փանահ խանին՝ դավաճանելով իր ժողովրդին ու հողին։ Գրքում շրջանառության մեջ են դրվում ինչպես հանրահայտ, այնպես էլ պատմական թարմ փաստեր ու տեղեկություններ։ Հետաքրքիր են մանավանդ Ավան հայ հարյուրապետի կողմից ռուս զորահրամանատարին հղված նամակի (1726թ. նոյեմբեր) հետ կապված հիշատակումներն ու մեկնությունները։ Ընդհանրապես, պիտի դրվատանքով նշել այն փաստը, որ մերօրյա նշանավոր իրադարձությունները, դեպքերի ու մեծամեծ անցքերի ֆոնի վրա նորովի ընթերցելով հայոց պատմության էջերը, հեղինակն իր խոսքը հիմնավորում է ոչ միայն հայոց, այլեւ օտարազգի նշանավոր պատմիչների, գիտնականների, իմաստունների կոնրետ դիտարկումների միջոցով. Ֆ. Նանսենի, Վ. Բրյուսովի, Պոտտոյի, Յակոբսոնի եւ այլ աշխարհահռչակ դեմքերի վկայությունները հարստացնում են հեղինակի խոսքը, դարձնում այն անառարկելի։ Պատմական-աշխարհագրական նշանակության առումով շահեկան է գրքում զետեղված-օգտագործված հուշարձանների փոքրիկ քարտեզը։ Ահա շատ չնչին մասը այն առանձնահատկությունների, որոնք աշխատությունը դարձնում են կուռ ու ամբողջական՝ թե արծարծած գաղափարով ու խնդիրներով, թե կառուցվածքի առումով։ Ի դեպ, նշենք, որ այստեղ էական դեր է խաղացել նաեւ Շահեն Մկրտչյանի «Արցախի պատմական հուշարձանները» նմանաբնույթ գրքի ուսումնասիրությունն ու փորձը։ Սակայն, խոստովանենք, որ միանգամայն նոր տեսանկյունով է նյութին մոտենում Բորիս Բարաթովը, ընթեռնելի դարձնելով աշխարհին ոչ միայն խաչքարի վրա եղած գիրը, այլեւ այդ գրերի խորհուրդն ու քար ու հողի ճակատագիրը։ Շարադրված տեքստը, ժանրային առանձնահատկություններով ու անմիջականությամբ, մեզ հիշեցնում է ռուս մեծ գրողի՝ Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Էրզրումը», երկը, որտեղ եւս նկարագրվում է, ցավոք, ավերված հայոց դրախտավայրերից մեկը։ Եվ պատահական չէ, որ գիտափաստագրական այս աշխատության համար, ուր կառուցվածքի մեջ մտնում են քառասունվեց գլխիկ-վերնագրեր, հեղինակը բնաբան է ընտրել Չարենցի հանրահայտ բանաստեղծության տողերը, իսկ նկարների շարքը բացվում է Մասիսների արծաթե զուգապատկերով։ (Ինչ վերաբերում է այս հետաքրքիր գրքում մզկիթանկարի առկայությանը, որքան էլ այն լինի քստմնելի, այնուամենայնիվ, ճշմարտախոս հեղինակը դրանով խարազանում է ազերիների կողմից ուրիշի հողի ու սուրբ հուշարձանների համապատկերը խաթարելու կույր մոլուցքը։ Բայց, միեւնույն է, դա չի հաջողվել ավարառու ցեղերին ու երբեք էլ չի հաջողվի, որովհետեւ կա պատմական ճշմարտություն)։

Բորիս Բարաթովը, շրջագայելով ավերված դրախտում, կատարում է հայտնագործություններ, Սամվելի, Արսենի, Մամիկոնի, վանքի, ծառի, լեռան ու դաշտի պատկերները հառնելով երկրի անհաղթելիության, դրախտի վերահառնումի հրաշք-առեղծվածի բացմանը՝ բիբլիական հայոց լեռան՝ ձյունախառն Արարատի շուքի տակ ճանապարհորդության առաջին քայլ անելով, ապա ներս մտնելով Շուշիի պարիսպներից ներս, ըմբոշխնելով այստեղ Վաղարշյանի, Մուրացանի, Գյուրջյանի, Լեոյի, Արզանյանի եւ այլ երեւելիներին ծնունդ տված հողի հմայքն ու խորհուրդը, խորանալով Հայոց Արեւելից կողմանց պատմության ու ներկայի մեջ, հասնում մինչեւ սրբավայրն Ամլտեղ, ի ցույց աշխարհի ավետում՝ սուրբ է ամեն վայր, սուրբ է ամեն քար, ուխտավոր՝ ամեն հայ։ Սա այն դեպքն է, երբ վանքը (Ամարասը վկա՝ Գրիգոր Լուսավորչի հայացքն իր խաչին պահած) դառնում է դիրք, վանականը՝ զինվոր, երկիրը, հետեւապես՝ անառիկ...

Հրաշալի պատմող է Բորիս Բարաթովը, անուրանալի ձիրքի տեր գրիչ ու տեսանող։ Գիրքը ներկայացվում է, որպես համապատկերը մեզանից յուրաքանչյուրի, դեմքը, խաչքարը, ծառը, վանքը, ցավը մեր բնորոշ դիմագծերի տեսքով են ամբողջական դարձնում կերպարը երկրի։ Այս տեսակետից խիստ բնութագրական է «Արցախեցի Պարգեւ Եպիսկոպոսը» վերնագիրը կրող հատվածը։ Պարգեւ Սրբազանը Աստծո այն վսեմաշուք առաքյալներից է, որի ձեռքով, երկարամյա լեթարգիական քնից հետո, քաշվեցին Հայոց Արեւելից կողմաց վանքերի ու եկեղեցիների զանգերի լեզվակները։ Եվ արթնացավ ու ոտքի ելավ ժողովուրդը՝ պաշտպանելու իր հավատը, իր լեզուն, իր երկիր դրախտավայրը։ Եվ հենց այս հատվածում էլ հայի զենքին զուգահեռ գործում է շինարարական կռունկը՝ Ղազանչեցոց եկեղեցու գլխավերեւում։ Սա պատգամն է աստվածային, որ ուժ է տալիս զենք բռնող հայ քաջորդու բազկին։

Գրքի գիտական արժեքը մեծապես բարձրանում է նրանով, որ հեղինակը զույգ ոտքով կանգնած է ծավալվող իրադարձությունների կենտրոնում՝ մեկ վանք ու խաչքարի, մեկ հնագետի ու երկրաբանի, մեկ նկարչի, մեկ գրողի ու լրագրողի, մեկ պատմիչի ու անկողմնակալ ճանապարհորդի դերում։ Մանավանդ՝ աչքառու է տարածական ու ժամանակային արվեստների սինթեզման, հայ հին մանրանկարչությունից մինչեւ մերօրյա գեղանկարը, լուսանկարն ու քանդակը, երեւույթների զուգադրման նրա փորձը. եթե «Անահիտի աղբյուրը» գլուխը առաջ է քաշում «Արհեստը թանկ է ոսկուց» ճշմարտությունը՝ դարձյալ քաղված մեր կյանքի հեքիաթապատումից, ապա «Ավոյի աղբյուրը» հատվածում հանրահայտ կարգախոսը իմաստավորվում է նոր մեկնության մեջ. Ավոյի աղբյուրից ջուրը շարտրվանում է սրի, որ հող-հայրենին պաշտպանված լինի միշտ։ Ասել է թե՝ Վաչագան Հայոց արքան շարունակվում է Ավոյի մեջ, որ Անահիտ աղբյուրը կենսավիշներով միշտ ծաղկուն պահի սրբասուրբ հողն հայոց...

«Ավերված դրախտը» չի ընթերցվում, չի դիտվում, չի մարսվում միանգամից, այն ներսույզ թախանձումների ու դիտարկումների է տանում, անընդհատ հարստացնելով հոգիդ, քեզ քո արժանապատվության հավերժության զինվորը դարձնելով մշտապես։ Առանձնապես մեծ ազդեցություն թողեց ինձ վրա «Ավերված դրախտ», «Լեգենդ եւ եղելություն» հատվածը (ի դեպ, հենց այստեղից էր քաղված գիրք-ալբոմի վերնագիրը) ոչ թե նրանով, որ այն պատմում է իմ ծննդավայրի ու մանկության սրբանունների մասին, այլ ավելի շատ պատմականն ու արդիականը միահյուսելու հեղինակի անմիջականությամբ, փաստերի խոր իմացությամբ ու բարձր իմացություններով նյութի, գիտելիքների վարպետ կիրառությամբ։ Պատմական ճշմարտությունները իրար բերելով, ճշմարտությունը հասուն դարձնելով ընթերցողին, եզրակացությունները եւ հետեւությունները թողնում է գիտնականներին ու ժամանակին` իրեն վերապահելով անկողմնակալ ճշմարտախոսի առաքելությունը։ Սա այն իրավիճակն է կամ դեպքը, երբ սովորական բնանկարն անգամ պատմական վկայություն է դառնում։ Հեղինակը լուսանկարելու նպատակով ձեռնարկում (երեւի այդ ճշմարտության մեջ՝ ամենադժվարինը) Ամըտեղի սրբավայրում լինելու ծանր գործը, կանխազգալով ամբողջ բարդությունը, ի՞նչն էր քաշում նրան, ուզում էր աչքով տեսնել արցախցու այսօրվա հաղթանակն ապահոված ազգային ոգու սխրանքը։ Այդ ակունքից է հանված հենց Վարդան Մամիկոնյանի անունը կրող քարաբեկորը։ Ի՞նչ մասունք է դա։ Ելնելով հայ պատմիչների վկայությունից` Բորիս Բարաթովն իր գրքում շարադրում է. «...Ամըտեղ գյուղի վանքում պահպանվում է վիթխարի մի սրբաքար, որն, ըստ ավանդության, ողողված է մեծ սպարապետ Մամիկոնյանի արյամբ։ Նա Ավարայրի ճակատամարտում մահացել է այդ քարի վրա։ Մամիկոնյանի զինվորները քարը տեղափոխել են Ամլտեղ»։ Եվ հենց այդ քարի վրա էլ պահպանվում են Վարդան Մամիկոնյանի վերքից կաթած արյան կարմիր հետքերը, որոնք չեն խունանում անգամ ժամանակների անձրեւի ու արեւի տարափների տակ։ Այդ քարը սրբացած մասունք է, եւ այստեղ է Վարդանի անունը։ Ի հավելումն Բ. Բարաթովի պատմածի, ասեմ նաեւ, որ իմ Սաթենիկ տատն այդ սրբավայրի երդվյալ ուխտավորներից էր ու ժայռի կատարին բխող աղբյուրից մշտապես ջուր-մանանա էր բերում մեզ համար, միաժամանակ պատմելով Վարդանի քարի լեգենդացած եղելությունը... Տատս մեզ պատմում էր նաեւ այն մասին, որ հայոց մեծ Սպարապետի դին, Ավարայրում նրա սպանվելուց հետո, բերել ու ամփոփել են Արցախի ծմակներից մեկում (այս մասին իր «Վաչագան» վեպում նշում է նաեւ Հայկ Խաչատրյանը)։ Գրքում Մամիկոնյանը հավաքական կերպար է դարձել։ Եվ նա, անշուշտ, կորցրած Գետաշենի անունով այստեղ նոր բնակավայր կստեղծի՝ իր որդիների, որդիների որդիների մեջ արմատավորելով-ապրեցնելով հին Գետաշենը, մինչեւ որ... մինչեւ որ հայոց բոլոր կորուստները՝ Մուշ, Վան, Տարոն, Գետաշեն եւ այլն, եւ այլն, եւ այլն, կգան Արցախի պես ու Արցախով, կգան որպես ավերված, սակայն եւ վերակերտվող ամբողջական երկիր դրախտավայրը։

Հիրավի, ուշադրության արժանի ու բարձրարժեք գիրք է ստեղծել Բորիս Բարաթովը։ Իմ ողջույնը եւ խորին շնորհակալությունը՝ նրան։ Այո, սիրելի Բորիս Բարաթով, մենք այս երկիրը դարեր շարունակ պաշտպանել ենք սերնդեսերունդ (դու էլ՝ մեր մեջ ու մեզ հետ) ու հար ու հավիտյան պաշտպանելու ենք։ Վկա՝ Վարդանի քարը ու գիրքը քո նոր... Վկա Արցախն Հայոց ու անպարտելի մեր ոգին։