Խաղերգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մանկական խաղ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Խաղերգ

Վարդան Հակոբյան

Մանուշակները
ԽԱՂԵՐԳ


Առուն եկավ վազեվազ,
Ճակտին՝ մի փունջ ծաղկեվարս,
Ջուրը՝ մաքուր, ջուրը՝ պարզ.
-Ասես իմ քույր Աննան է։

Մենք իրար ձեռք բռնեցինք,
Անտառի մեջ սուզվեցինք,
Զրուցեցինք, խաղացինք.
-Ասես իմ քույր Աննան է։

Ու երբ մեկեն մութն ընկավ,
Առուն ինձ հետ ետ չեկավ,
Քնեց՝ դեմքին լուսնկան.
-Ասես իմ քույր Աննան է։

Տնից մեկը ինձ կանչեց,
Ձայնը այնքան ջերմ հնչեց,
Թվաց՝ մեղմիկ կարկաչեց.
-Ասես իմ քույր առուն է։

Մի օրով էլ մեծացած՝
Երբ տուն հասա, հասկացա,
Որ քույրեր ենք շատ նման՝
Ես, մեր առուն եւ Աննան։

Իսկ թե հանկարծ խոսք բացվի,
Տատս կասի իմ մասին.
-Նա աղջիկ է մի զուլալ,
Աստծո ջուրն երեսին։