Jump to content

Խրախուսողները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խրախուսողները
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 451
տ. ― էջ 715, ծ. ― էջ 803

<ԽՐԱԽՈՒՍՈՂՆԵՐ>

Տուկլուզյան էին ասում—իսկի անունը չգիտեմ, ծանոթներից ոմանք ասում էին Կիրակոսի, բայց ավելի Կարապետի նման էր։


ՏՈՒԿԼՈՒԶՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ, Պ. ԿԱՐԱՊԵՏԻ ՓԼԱՎԸ ԵՎ ԻՄ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Ես նրան մի քանի անգամ տեսել էի Թիֆլիսի վանքի բակում տոն օրերը, և նրանից է երևի, որ միշտ նրան երևակայում եմ վանքի բակում և միշտ խոսելիս մի քանիսի հետ՝ համոզված և խորհրդավոր։ Նա շատ էր սիրում դատողություններ անել և իր դատողություները համարում էր անվիճելի։

Ազգային կատարած ամեն մի ձախորդ դեպքի մասին հառաչով կրկնում էր շարունակ․

— Ախ, քանի անգամ ասացի, էդպես չի կարելի, չի կարելի․․․ լսողն ով է․․․ ամենքն իրենց համարում են մի-մի Բիսմարկ[1]․․․

Ճիշտ որ, նրա մշտական ունկնդիրների վրա էն տպավորությունն էր անում, որ ազգի ամեն դժբախտությունը նրանից է առաջ գալի, որ պ․ Կ<արապետ>ին չեն լսում։ Գլուխները կախում էին ու խորը մտածմունքի մեջ ընկնում։

Եվ նա ուներ իր մշտական խոսակիցները կամ ավելի ճիշտը—ունկնդիրները, որ միշտ վանքի բակում գտնում, շրջապատում էին նրան ու հարցնում․

— Ի՞նչ նորություն կա, պ․ Սիմոն։

Եվ նա սկսում էր։

Ընդհանուր քաղաքական դրությանը գալով՝ նա միշտ հայտնում էր, որ նշանավոր բաներ են պատրաստվում․․․ իսկ արդեն կատարված քաղաքական դեպքերը լրագիրներից պատմելով, միշտ ավելացնում էր.

— Հիշո՞ւմ եք, որ ես ասում էի, էնպես էլ եղավ․․․

Եվ լսողները կարծում էին, որ մի էդպես բան հիշում են։

Նոր էի իմ բանաստեղծ<ությունների> գրքույկը հրատ<արակել>, որ պատահեցի սրան կամ ավելի ճիշտ <1 անընթ.> խմբակին։

— Կարդացի,— ասավ ինձ,— հավանեցի․․․ շարունակի․․․

Ես շնորհակալություն արի ու հեռացա։

Հանդիպեցի պ. Կարապետին, որ չգիտեմ ինչու չէր սիրում Տուկլուզյանին և նրան մի տեսակ հակառակորդ էր համարում, թեև միշտ միասին էին պատահում։

— Հը՞, գլխիցն ի՞նչ է դուրս տալի։

— Ինչու գույնդ տեղը չի, եղբայր, պետք է ուտես, ուտես– և հրավիրեց ճաշի— տես ինչ քյուֆթա ունենք, ուժը կոկորդովն է գնում։

— Տեսնեմ գույնը տեղը չի– էսպես չի լինի, ոչ ոք չի մտածում, թե գրողն էլ ուտելով պետք է ապրի, որ գրի․․․

Ճաշին — կե՛ր, կե՛ր, էդպես չի լինիլ։

Է՜հ, ինչ ասեմ, ինչ ասեմ․․․ ինձ մի հասկացող չելավ էլի—կե՛ր, կե՛ր․․․

— Հը՞, ոնց ես զգում քեզ։

Գնալիս– մե-մեն դու արի ինձ լսի,— արի, պետք է ուտես։

Դրանից հետո ամառը գնացի հայրենիք։ Աշնանը վերադարձա միանգամայն կազդուրված։ Եվ հետս բերի նոր գրվածքներս ու տպեցի, որ լավ ընդունելություն գտան։ Այդ ժամանակ մեռավ մեր հայտնի գրողներից մինը, թաղմանը գնացի վանքի բակը։ Մեկ էլ տեսնեմ բազմության մեջ—մի կողմը ինձ ծանոթ խմբակը, մեջտեղը Տուկլուզյանը։

— Հա, կարդացի, ապրես, որ ինձ սևերես չես թողնում, բայց անքաղաքավարի մարդ ես— մի գիրք չես ղրկում․․․ լավ չի, մարդի երախտիք մոռանալը լավ բան չի․․․ Նա ինձ անվանում է իմ բանաստեղծը— ես եմ առաջ բերել․․․

Դրանից հեռացա, առաջս կտրեց Տուկ<լուզյանը>։

— Հը, ոնց ես․․․ Չէ, հիմի լավ ես․ այ, ինչ կասեմ։ Թե չէ, ախպերս, էն ընչի՞ նման էիր։ Եվ սկսեց պատմել իր հետի մարդկանց, թե ինչպես տեսավ, ես նիհար, հիվանդ—տարավ մի փլավ․․․

— Ես քեզ ասել եմ—շարունակի—դու ինձ լսի․

Բերում էր ինձ ցույց տալի․

Ես ամաչեցի, ասում եմ, որ չէի ճանաչում էն ժամանակ— և տան տեղն էլ չգիտեմ։

Ես այնուհետև դադարեցի վանքի բակը գնալուց։ Բայց միշտ էլ մի որևէ տեղ, մի որևէ շրջանում պատահում էի նրանց, որ հիշեցնում էին մեկն իր կարծիքը, մյուսն իր փլավը, հաճախ լսում էի ծանոթներից թե գանգատվում <են> իմ անշնորհակալությունից, որ մեծ մարդ դառնա և նրանց մոռացա։

Սրանց միշտ պատահելով ու ավելի շատ սրանցից խուսափելով անցավ 25 տարի։

Լրանում էր իմ 25 ամյակը։ Բարեկամներս ու պարտքատերերս միտք հղացան ու եռանդով մեջ մտան էդ առիթով ինձ համար փող հավաքելու։

Ինձ անհարմար ու անախորժ մի բան թվաց․ ես հայտնեցի, որ անհարմար է, որ իմ բարեկամներն ու պարտքատերերն անեն էդ։ Բան չկա, ասին․ հոբելյանի ժամանակ էսպես կներկայացնենք, ու կազմեցին մի թուղթ, որով ինձ պետք է դիմեին, թե «ազգը գնահատելով ձեր բարձր տաղանդն ու եռանդը և երկարամյա տանջանքը գրական ասպարեզում, այսօր գալիս է պսակելու ձեր բազմավաստակ ճակատը հայրենի հովիտների ու դաշտերի, սարերի ու ձորերի ծաղիկներով և նվիրաբերում է ձեզ իր չնչին լուման, որ այսուհետև հանգստանալու հնար ունենաք երկարամյա տանջանքի փոխարեն․․․»

Այսուամենայնիվ, ես չթողեցի, ասի՝ ավելի լավ է թողնենք ազգին փողը կամավոր, բայց, այսուամենայնիվ, իմ բարեկամներն ու պարտքատերերը սկսեցին պրոպագանդ անել, որ հոբելյանը կատարվի, ու ազգը գիտենա վերջապես ըստ արժանվույն գնահատել իր տաղանդավոր զավակներին, ինչպես օտարներն են անում։ Շատ տաք էր մանավանդ իմ պարտքատերերից մեկի նամակը մի լրագրում, ուր ջերմ խոսում էր գրականության նշանակության մասին, իմ ծառայության ու տաղանդի մասին և հորդորում էր ազգին ու հասարակությանը չբավականանալ միայն ծափերով ու պսակներով, այլ հիշել, որ տաղանդն էլ մարդ է, ապրել է ուզում, և նրա կյանքը թանկ է հասարակության համար, պետք է ապահովել։

Վերջապես երեսնամյակին գլուխ եկավ իմ հոբելյանը։ Հանձնաժողով կազմեցին։ Իմ պարտքատերերից մի երկուսը։ Գանձապահ։ Վերջապես հոբելյանը գլուխ եկավ։ Իմ բարեկամներն ու պարտքատերերը նորից սրեցին իրենց գրիչներն ու դարձան հրապարակախոս— «Թող ազգը ցույց տա, որ հասել է գիտակցության․․․», «թող․․․» և այլն։ Ու սկսեցին թերթերի մեջ երևալ նվիրաբերությունները՝ գաղթականների, սովյալների ևս հետ և իմ օգտին․ Ռաշտից 75 կոպեկ և ետևից էլ ցուցակը, ապա Ասխաբադից մի խումբ համակրողներ 1 ր. 80 և այլն, մի ջերմ նամակ էլ հետը, թե ինչպես իրենք բարձր գնահատելով իմ տաղանդը և միշտ կարդալով իմ անմահ «Մեռել․․-ը» և այլն։ Պետք է ասեմ՝ դուրսը շատ էլ մեծ տպա<վորություն> չարավ։ Բայց սաստիկ վշտացրել էր ինձ, թեև բան չէի ասում և իմ բարեկամներին ու պարտքատերերին, որոնցից առաջինները շուտ—շուտ թքում էին, թե էսպես էլ ժողովուրդ կլինի, իսկ երկրորդները <․․․>։ Մանավանդ, մի դեպք․ թերթերում մի երկուսն սկսեցին հարց հարուցանել, թե ես ով եմ և ինչ գրող եմ։ Մի թերթ էլ, որ միշտ առաջ էր բերում, թե օտարները գիտեն իրենց գրողներին հարգել և այլն, իսկ մենք։ Ապա սկսեցին ծաղրել և իմիջիայլոց ընկ<երներս>, ու մինը մինչև անգամ գրեց, թե ինչ նյութական <1 անընթ.> ճամփին պատմում է մի շքեղ հագած տիկնոջ գլխին շլյապա ունի՝ բոլորովին նոր, մեծ փետուր․ ասում եմ՝ ով է, ասում են <1 անընթ.>։

Մուրացկանության անունից․․․։

Միայն մեր հարևան խանութպանի վրա էր, որ էդ բոլոր պատրաստությունները էնպես մեծ տպավորություն էին արել, որ դիմեց ինձ՝ ու առաջարկեց, որ ինչ ուզում եմ իր խանութից վերցնեմ «նիսիա», «ով է ձեզանից փող ուզում․․․»։

Հոբելյանի օրը ես սաստիկ կոտրված էի։ Իմ մի քանի բարեկամները, դես—դեն էին թռչում, կարգադրություններ էին անում, ճաշի տոմսակներ էին տալիս և այլն։ Իսկ, մեր գանձապահի և մյուս պարտքատերերիս սրտին դանակով տայիր, արյուն չէր կաթիլ։

Վարագույրը բացվեց, ինձ դուրս բերին երկու հայտնի տիկիններ, ծափահարություններով դահլիճը թնդաց, գլուխ տվի, ու ինձ նստեցրին բեմի մեջտեղը։ Բեմի վրա առաջս շարել էին մի խալիչա, մի սամովար։ Առաջ եկան, սկսեցին ճառեր ասել։ Բոլոր ճառերն էնքան էին իրար նման, էնքան երկար ու ձանձրալի, որ ես սկսեցի ուրիշ բան մտածել, շատ տխուր բան, մի ժամանակ մինչև անգամ քունս տարավ։ Բայց գլխի ընկա, որ շատ անհարմաը տեղ է քնելու համար, սթափվեցի ու կրկին տոնական դիրք բռնեցի, իբրև թե ոչինչ չկա։ Հանկարծ տեսնեմ առաջ է գալիս Կարպ Թորոսիչը ձեռքին մի թուղթ․ ճառ է ասում։ Վա՜հ, էս մարդն ո՜վ, ճառն ո՜վ։ Շատ հետաքրքրվեցի։ Սկսեց կարդալ։

— Այն ժամանակ, երբ ձեզ ոչ ոք չէր էլ ճանաչում, երբ դուք ինքներդ էլ չէիք իմանում, թե ինչ եք և ով, երբ ինքներդ էլ կասկածում էիք… և քիչ էր մնում ծռեք ձեր ճամփեն, դեռ այն ժամանակ, եթե չեք մոռացել, ես սիրեցի ու մոտեցա ձեզ… Բայց ավելորդ եմ համարում այսօր հիշել այն, ինչ որ քաջ է ձեզ… Կյանքը ալեկոծված ծով է, տաղանդը երբ հայտնվում է, նա հեշտ կարող է ընկղմել, եթե չունի փորձված առաջնորդ ու խրախուսող, եթե չունի <․․․>։

Մինը խոսում է, որ եթե բախտն էդպես չի տնօրիներ (այսինքն՝ ինքը չպատահեր), չէին լինի իմ գրվածքները, էն գոհարները, որ և այլն։ Էն ժամանակ, ասում է, որ դու նոր էիր սկսել և միշտ բերում էիր ինձ ցույց տալի, ես ասում էի, ցույց էի տալի (սուտ է ասում երեսիս)։ Մյուսը նրա դեմ. թե եթե ինքը չպատահեր, գրողը ինքը չէր լինիլ։ Մինն առաջարկում է իմ անունով մի համապատասխան բան։ Մյուսը թե՝ մի գյուղ, մեջն ամեն բան և թատրոն, ու խաղան իմ դրամաները, թեև իսկի դրամա չունեի։

Էսպես հեռվից է սկսում, որ մենք իրար չենք ճանաչել։

Առաջ են բերում, կարդում՝ 87 ր<ուբլի> 26 կ<ոպեկ>։

Ճաշին սրա հակ<առակ> խոսք է առնում, թե իր ճառի մեջ հաստատապես ասում է, որ ես համաձայն չեմ, նա պետք է <1 անընթ.> և իր տոլմեն է հիշեցնում։

Իսկ ես փոխանակ շնորհակալ <լինելու>՝ շատ տխուր մտքերի ետևից էի, թե ինչքան ցած են իմ համար։ Լինում են էդպես հակառակ րոպեներ՝ մարդ ակամայից դուրս է գալի անքաղաքավարի և ապերախտ։

Մեկը հոբելյանին առաջ եկավ,

— Այն ժամանակ, երբ բանաստեղծը գունատ շրջում էր

ուժասպառ, քաղցած, մերկ, ինչպես ստվեր, և եթե էնպես տևեր․․․ ոչ մի կարծիք չէր կարող օգնել․․․ երբ ոչ ոք չէր մոտենում նրանցից, այն հիացողներից, որոնք այսօր շրջապատ ել են նրան… երբ <․․․>։

Ապա թե ճաշի ժամանակ էլ ձայն ուզեց մյուսը, բայց տեսան կռիվ է դուրս գալի՝ չտվին։

Մինը առաջարկում է <․․․>։

Էս բոլոր խրախուսանքներից հետո կորավ իմ գրելու տրամադրությունը և կարծես շնորհքը։

Մի հին առակ կա․ մեկին սովորեցնում են, թե դու էս ու էս բաները կանես և հասարակ քարից էդպիսով ոսկի կշինես, միայն թե՝ մի պայման, որ էդ ժամանակ կապիկը չհիշես։ Եվ ամեն անգամ իր փորձն անելիս դժբախտը հիշում է կապիկն ու բանը գլուխ չի գալի։

Էսպես, ամեն անգամ, երբ ուզում եմ գրեմ, միտս են գալի, էդ խրախուսանքները ու կորչում է գրելու տրամադրությունս, և ես կարծում եմ, քանի կենդանի են նրանք, ես չեմ գրիլ։

<ՍՈՒՐԵՆ>

Սուրենին պատիվ տալու և զվարճացնելու ջանադիր էին յուր հին ընկերները, յուր մանկության օրերի մտերիմները։

Յուրաքանչյուրը յուր տունը հրավիրեց, հոգեպահուստ ինչ ուներ չուներ աշխատեց ընկերի գոհության համար ծախսել։

Բայց գիտենալով նրա բնավորությունը, հանդերն էին տանում․ մի օր որսի գնացին, մի օր էլ գնացին մի հին ավերակում, աղբյուրի վրա գառը մորթեցին։

Մի օր էլ գնացին ձորը ձուկը բռնելու։ Ազնվական Յագորը, չնայելով Սուրենի հայտնի ատելությանը և զզվանքին, տանում էր ամեն տեսակ արհամարհանք և չիբուխը

Տողատակեր

[խմբագրել]
  1. Բիսմարկ Օտտո (1815 — 1898) — գերմանական պետական գործիչ և դիվանագետ, Գերմանիայի կանցլեր (1871—1890)