Ծաղիկներ
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Ծաղիկներ
Օր չէր լինում, որ դուրս գալով ես տնից,
Դըռանս մոտ չըտեսնեի գանգրահեր
Մի երեխա, որ մոտ գալով իսկույն ինձ,
Աղերսում էր. «Պարո՜ն, առե՛ք ծաղիկներ»։
Եվ սովորած՝ համարյա թե ամեն օր
Առնում էի մի–մի հատ փունջ նորանից
Ու տուն բերում—և իմ փոքրիկ, մենավոր
Սենյակումս կախում նոցա պատերից։
Բայց ծաղիկներն ամեն անգամ նո՛ր քաղած
Այնքա՜ն անուշ բուրում էին սենյակում,
Որ ես մի օր տըղին հարցրի զարմացած՝
—Այս ծաղիկներն ի՞նչ տեղից ես դու քաղում։
«Հորեղբայրս պահապան է շիրմատան,—
Խեղդուկ ձայնով ինձ շըշնջաց երեխան.
«Նո՛րա հետ եմ ես էլ ապրում, բարի՛ տեր,
Եվ այնտե՛ղից միշտ քաղում եմ ծաղիկներ»։
Ես տուն դարձա լուռ մտախոհ ու տրտում,
Սիրտըս հուզված երեխայի խոսքերից,
Է՛հ, բա՛խտ, դարձյալ քո հանաքն եմ տեսնում,
Այստե՛ղ էլ քեզ ճանաչեցի քո խաղից…
Չըկա՜ ծիծաղ, որ կյանքի մեջ գեթ մի օր
Դու մեզ առանց ծածուկ վշտի պարգևես.
Չըկա՜ ապրուստ, չըկա՜ վիճակ լուսավոր,
Ուր դու գաղտուկ թույն ու լեղի չը խառնես…