Jump to content

Կաղնի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կաղնի
Աղբյուր. ԵԼԺ հ4, էջ 217,
ծ. ― էջ 619



ԿԱՂՆԻ


(Հայրիկին)

Նվեր իշխ. Մ. Թ<ումանյանին>

Անտառի միջին բարձրանում էր մի
Հաստաբուն հսկա— ծերունի կաղնի։
Երկինքը բոցոտ շանթ ու կայծակով
Այրել էր նրա բունը շատ անգամ
5 Եվ փոթորիկը յուր սառը զարկով
Զարկում էր անդուլ, սուլում չարակամ։
Գարնան կարկուտը, տապերն ամարան,
Հանդիպում էին առաջ դեռ նրան,
Եվ ձմրան գուժկան ագռավն էլ գալիս
10 Նրա գլխին էր իջնում՝ վայ տալիս...
Բայց նա միշտ կանգուն, նա միշտ աննկուն
Հուսով նայում էր ամպած երկնքին,
<1 անընթ.> համբուրում շոգին ու բուքին,
Նորա շուքի տակ, նրանից շատ ցած
15 Խըռնվել էին իրար փաթաթված
Աննշան խոտեր, թփեր ու ծառեր։
Նրանք նայելով մեծ կաղնին ի վեր
Ցրտից խըշշալով, հողմից դողալով,
Կամ թե ամպրոպին արձագանք տալով՝
20 Թեքթեքվում էին՝ իրար ականջում
[Չնչին ձայներով] դըժգոհ շըշընջում.―
«Սա, որ վերև է բարձրացել այսքան,
Ոչ որոտ դիտի, ոչ քամի, ոչ բան...»։