Jump to content

Կայծեր/Մաս II/ԻԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կայծեր
 ԻԲ
ԻԴ 

ԻԳ

ՈՍՏԱՆ

— Այսուհետև երկյուղալի տեղերով պետք է անցնենք, — զգուշացրեց Մուրադը, խորհուրդ տալով, որ մեր զենքերը պատրաստ պահենք:

Նա առաջ ընկավ, իսկ նրա ընկերը, Ջալլադը, գալիս էր մեր ետևից: Ես ու Ասլանը պատսպարված էինք երկուսի մեջտեղում: Լսելով Մուրադի խոսքերը, ես իսկույն հիշեցի նապաստակին, չէ՞ որ պետք է մի բան պատահի, մտածում էի ես և անպատճառ` վատ բան:

Ճանապարհը սարսափելի էր: Անցնում էինք Արտոսի ոլորապտույտ ձորերով, նեղ փապարներով և մթին կիրճերով: Մարդ կարող էր բոլորովին կորչել, անհետանալ այդ խորին անդունդների մեջ: Բայց մեր առաջնորդին այնքան ծանոթ էին բոլոր անցքերը, բոլոր շավիղները, որքան ծանոթ էին նրան իր ձեռքի հինգ մատները: Արտոսը և Կապուտ Կողը, իրանց ոլոր-մոլոր շղթաներով հյուսվելով միմյանց հետ, կազմում են Ռշտունյաց գավառի լեռնային ցանցը: Այդ հսկայական ցանցը մի մեծ ծուղակ է, որ, կարծես, այդ քմահաճ լեռները պատրաստել են մարդիկ որսալու համար: Մենք խարխափում էինք այդ ծուղակի մեջ:

Երբեմն հանդիպում էին մթին անտառներ: Երբեմն հանդիպում էին ուղևորների խումբեր, որ գնում էին մերձակա արոտատեղիները, իրանց անասունների մոտ: Նայելով այդ անտառներին, նայելով այդ մարդիկներին, ինձ թվում էր, որ այդ վայրենի, լեռնային երկրում ամեն ինչ նույնպես խոշոր էր, նույնպես խիստ էր, որպես շրջակա բնությունը: Վաղեմի դյուցազունների փոխարեն ապրում էր մի խոշոր ժողովուրդ: Վաղեմի հսկա անտառների փոխարեն` ամեհի ծառատունկ: Բայց անցյալ փառքն ու մեծությունը մաշել, տրորել էր ժամանակը... Միայն իր վեհության մեջ մնացել էր անխորտակելի Արտոսը:

Անհամբերությունը խեղդում էր ինձ, մտածում էի, ե՞րբ պետք է դուրս գանք այդ մթին վիհերից ու վիրապներից: Գոնե լույս լիներ: Հորիզոնը ամեն կողմից փակված էր բարձր լեռներով: Հեռուն չէր երևում: Նայում էի դեպի երկինք, ձյունագույն ամպերը լողում էին օդի մեջ: Նրանց մի կողմը ոսկու գույն էր ստացել: Երևի, արևը ծագել էր: Բայց մեր գտնված ձորերի մեջ դեռ տիրում էր գիշերային խավարը: Բոլորովին պայծառ օրերում անգամ` այդ ձորերի մեջ լույսը պակաս է լինում: Իսկ այն գիշեր անձրև էր եկել, և վաղորդյան մառախուղը լցրել էր ձորերը:

Չարագուշակ նապաստակի հանդիպումը այս անգամ ևս մնաց առանց որևիցե չար հետևանքի: Մենք անցանք բոլոր վտանգավոր տեղերը առանց փորձանքի, միայն սաստիկ ջարդված, սաստիկ հոգնած: Բայց իմ հոգնածությունը բոլորովին փարատվեցավ, երբ բարձրացանք մի սարավանդի վրա, երբ կրկին մեր առջև բացվեցավ կապուտակ ծովը, և երբ Ասլանը, ձեռքը մեկնելով դեպի մի հին քաղաքի ավերակները, ասաց.

— Ահա՛ Ոստանը:

Ոստա՞ն... այդ անունը ծանոթ էր ինձ երեխայությունից: Գրքերի մեջ նրա մասին ոչինչ չէի կարդացել: Բայց շատ անգամ լսել էի, որ մայրերը ձեռքի վրա օրորում են, վեր-վեր են թռցնում իրանց փոքրիկ մանուկներին, երգելով մի երգ, որի մեջ զանազան խոստմունքներ են անում երեխային, թե երբ նա կմեծանա, ինչ կբերեն նրա համար, խոստանում են արծաթապատ զենքեր, ոսկենկար հագուստներ, հրեղեն ձի և այլն, և մայրական ջերմ բաղձանքներով լի երգի յուրաքանչյուր տունը վերջանում է հետևյալ հարց ու պատասխանով.

«Դո՞ր բերեմ, դո՞ր բերեմ, Ի Վանա, Ոստանա բերեմ»:

(Որտեղից կբերեմ, ո՞րտեղից կբերեմ, խոստացած առարկան, Վանից, Ոստանից կբերեմ):

Այդ երգը գոյություն է ունեցել Ոստանի փառավոր անցյալի հետ, այդ երգը լսելով, ես միշտ երևակայում էի Ոստանը մի մեծ վաճառաշահ քաղաք, որ լի էր աշխարհի բոլոր բարիքներով: Բայց երբ հասանք, երբ իմ առջև ներկայացավ ավերակների մի տխուր տեսարան, ես բոլորովին հիասթափ եղա իմ մանկական փայլուն երազներից: Ոստանում ոչինչ չէր մնացել: Մի քանի ողորմելի խրճիթներ միայն երևում էին ձորի մեջ, որոնց մեջ բնակվում էին նույնքան ողորմելի քրդեր:

Ի՞նչ նպատակով բերեց մեզ այստեղ Ասլանը, մտածում էի ես, մի՞թե միշտ պետք է ավերակներ տեսնենք, մի՞թե այդ երկրում չկար մի բան, որ փոքր ի շատե մխիթարական լիներ:

Սարավանդի բոլորովին սպառվածքի վրա, որի ստորոտում ծփում էր ծովը, մենք ցած իջանք ձիերից: Այդ գագաթը իր բարձր դիրքով իշխում էր բոլոր շրջակայքի վրա: Այստեղ էին թափված հին ամրոցի բեկորները, որոնց քարակույտը իմ վրա այն տպավորությունն էր գործում, կարծես դարերի կործանիչ սասանմունքից հետո այժմ մի հսկայական քարեղեն կմախք իր վիթխարի գլուխը վեր էր բարձրացրել, տեսնելու, թե ի՞նչ էր կատարվել իր չորեք կողմում...

Ոստան կոչվում էին այն քաղաքները, որոնց մեջ կա՛մ թագավորի արքունիք կար, կա՛մ բարձր դիվան, ինչպես ոստանիկ կոչվում էին արքունիքում ծառայող ազնվականները: Այդ անունը ծագել է ասթան բառից, որ նշանակում է դուռն կամ շեմք:

Ոստանը Ռշտունյաց հզոր նախարարության մայրաքաղաքն էր: Բայց իր անմատչելի դիրքի պատճառով, որ մի կողմից պատսպարված էր ծովով, իսկ մյուս կողմից լեռներով` Ոստանը, միևնույն ժամանակ, ծառայում էր և որպես ամուր բերդ:

Ռշտունյաց լեռնային աշխարհը մի ժամանակ սնուցանում էր իր մեջ իր ժայռերի նման ամուր և անխորտակելի մի ժողովուրդ: Նրա նախարարները Հայաստանի հարավային սահմանապահ զորքերի սպարապետի պաշտոնն էին վարում: Այդ պաշտոնը միայն Ռշտունյաց նախարարների արտոնությունն էր:

Ռշտունյաց աշխարհը տվել է մեզ երևելի հերոսներ, որոնք հայոց հին պատմության մեջ փայլուն անուն են թողել: Այստեղից էր Բարզափրան սպարապետը, որ Տիգրան երկրորդի օրերում մի արշավանք գործեց դեպի Պաղեստին և, հռոմեայեցոց հետ պատերազմելով, ջարդեց, հալածեց նրանց, հետո տիրեց Երուսաղեմին: Այնտեղ Անտիգոնոսին թագավոր կարգեց Հյուրկանոս քահանայապետի և, միևնույն ժամանակ, արքայի փոխարեն: Այդ ձեռնտվության համար Բարզափրանը ստացավ Անտիգոնոսից, իբրև ընծա, հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի: Իսկ Հյուրկանոս քահանայապետին հրեից բազմաթիվ գերիների հետ բերեց Հայաստան, բնակեցրեց Վան քաղաքում:

Այստեղից էր Մանաճիհր (Մանուչահր) քաջ նահապետը, որ Տրդատի և նրա որդի Խոսրովի ժամանակ հարավային զորքերի սպարապետ էր: Այդ նահապետի օրերում ավելի սաստկացել էր այն խուլ կռիվը, որ սկսվեցավ Լուսավորիչի ժամանակից և տևեց մինչև նրա վերջեն ժառանգի` Սահակ Պարթևի օրերը: Դա նոր հաստատվող քահանայապետական և նախարարական իշխանության կռիվն էր: Դա հոգևոր իշխանության կռիվն էր, մի կողմից և մարմնավոր իշխանության կռիվն էր, մյուս կողմից: Հոգևոր իշխանությունը, հոգևոր ագահությամբ, աշխատում էր իրավունքներ, արտոնություններ, կալվածքներ ձեռք բերել, և սահմանափակել թե՛ թագավորի, թե՛ նրա նախարարների իշխանությունը: Այստեղից ծագեց կռիվը: Նրա սկիզբը դրեց Լուսավորիչը: Եվ այդ կռվի մեջ զոհ գնացին` թե՛ ինքը Լուսավորիչը և թե՛ նրա բոլոր ժառանգները` Արիստակեսը, Վրթանեսը, Հուսիկը, Ներսես Մեծը և Սահակը: Իմ խոսքը Մանաճիհր Ռշտունու մասին էր: Դա մի արշավանք է գործում դեպի Ասորեստան և սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի վիճակից բազմաթիվ գերիներ է բերում, նրա ութն սարկավագների հետ Ծերունի հայրապետը անձամբ գալիս է Մանաճիհրի մոտ, խնդրելու, որ արձակե գերիներին: Բայց խստասիրտ Մանաճիհրը, փոխանակ նրա աղաչանքը լսելու, նրան ավելի վշտացնելու համար հրամայում է գերիներից ութն հարյուր հոգի` հայրապետի ութն սարկավագների հետ` նետել ծովը: Ասլանը ինձ ցույց տվեց այն տեղը, ուր կատարվել էր այդ եղեռնագործությունը: Դա Ոստանից ոչ այնքան հեռու մի ապառաժ հրվանդան էր, որի բարձրության վրա գտնվում էր Մանաճիհրի Մանակերտ անունով բերդը: Այդ բարձրությունից թափեցին ծովը խեղճ գերիներին:

Այստեղից էր Թեոդորոս Ռշտունին` յոթներորդ դարու հերոսը, որը արաբացոց անընդհատ արշավանքների ժամանակ կայծակի նման Հայաստանի մի կողմից դեպի մյուսն էր թռչում, և հայոց արյան ծարավի արաբացոց հրոսակներին ջարդում էր, և երբեմն իր սուրը նենգավոր հունաց դեմ էր դարձնում:

Այստեղից էր հիշյալ Թեոդորոս Իշխանի որդի Վարդ Պատրիկը` հունաց ոխերիմ թշնամին, որը հունաց զորքերի Գայլ գետի շարժական կամուրջից անցնելու ժամանակ կտրեց կամոջրջի ծայրը, ամենքը հոսվեցան դեպի գետի մեջ, և մնացածներին կոտորել տվեց: Հույները այն աստիճան բարկացած էին այդ քաջի դեմ, որ կենդանության ժամանակ, չկարողանալով վնասել նրան, մեռնելուց հետո որոնում էին հանգուցյալի գերեզմանը, որպեսզի ոսկորներից վրեժխնդիր լինեն: Բայց Հայոց-Ձորի երախտագետ ժողովուրդը, զգուշանալով հունաց չարությունից, Խորգոմ գյուղում, ծովի ափի մոտ, մի եկեղեցի կառուցին և քաջի մարմինը նրանում հանգուցին: Այդ եկեղեցին ծածկեցին հողով, և կազմվեցավ մի բարձր բլուր, որի վրա կառուցեցին մի այլ եկեղեցի: Ոստանից փոքր-ինչ հեռու, Մահռաշտ բարձրադիր և զվարճալի գյուղում, մինչև այսօր նկատվում են Վարդ Պատրիկի շքեղ ապարանքների ավերակները: Այդ ծովեզրյա գյուղը քաջի ամառանոցն էր, իսկ Աղթամար կղզում գտնվում էր նրա հոր բերդը, որ հետո ժառանգեց որդին:

Գագիկ Արծրունին ավելի գեղեցկացրեց Ոստանը, նորոգելով և ամրացնելով հին բերդը և իր համար փառավոր պալատներ կառուցանելով: Այդ բոլորը մի առանձին հիացմունքով նկարագրում է Վասպուրականի ոգելից պատմագիրը` Թոմա Արծրունին: Իմ նկարագրությունը շատ անգույն կլիներ նրա գեղարվեստական գրչի առջև: Ես թողնում եմ այդ, միայն մի բան չէ կարելի չհիշեցնել, որ Ոստանը, Ռշտունյաց գավառի ամուր բերդ լինելուց հետո էր միևնույն ժամանակ նրա վաճառաշահ քաղաքը: Նա մի կողմից մոտ էր Դատվանի նավահանգստին, մյուս կողմից, այն մեծ քարավանի ճանապարհին, որ տանում է Վանից դեպի Մուշ և Բաղեշ: Այդ էր պատճառը, որ Ոստանի հովիտը մի ժամանակ ուներ մինչև հարյուր հազար հայ բնակիչ: Բայց տասնևհինգերորդ դարում Սկանդերբեկը, որ, Հայաստանի մի մասին տիրելով, իրան կոչեց Շահ-արմեն (թագավոր հայոց) այդ բարբարոսը, Վան քաղաքը ավերակ դարձնելուց հետո, Ոստանն էլ բոլորովին անմարդաբնակ դարձրեց: Նա կործանեց հին բերդը, կործանեց բոլոր ամրությունները, նա կործանեց Գագիկի կառուցած պալատների մնացորդները:

Այժմ Ոստանի փառքից, նրա հազարավոր հայ բնակիչներից, մնացել էին մի քանի քրդական խրճիթներ միայն: Այդ գետնափոր խրճիթների երդիկներից մուխ էր բարձրանում: Շների ձայնից մի խումբ երեխաներ, կանայք և աղջիկներ դուրս սողացին նեղ դռներից և կտուրների վրայից սկսեցին նայել մեզ վրա: Մեկը բաժանվեցավ նրանցից և, հենված երկու թևքերի տակին առած երկու ցուպերի վրա, սկսեց կաղալով մոտենալ մեզ: Երբ հասավ, նա մի երկբայական հայացք ձգեց մեզ վրա, մի քանի րոպե կանգ առեց և ապա լուռ նստեց: Քուրդը առհասարակ քաղաքավարի է լինում, երբ հանդիպում է օտար մարդու, բայց նա մինչև անգամ չողջունեց մեզ: Երևի նա տատանվում էր, թե ինչ ձևով ողջունե, որ չվիրավորե մեզ, որովհետև մահմեդականը զանազան ձևերով ողջույններ ունի իր լեզվում, նայելով մարդու աստիճանին, ազգությանը, կրոնին և այլն: Նրան անհայտ էր, թե մենք ինչ մարդիկ ենք, այդ պատճառով բարվոք համարեց լուռ մնալ:

Սկզբում մենք նրան մուրացկանի տեղ ընդունեցինք, և նրա հնոտի հագուստը վկայում էր այդ: Բայց այդ հնոտիքի մեջ նշմարվում էր մի աչքի զարկող հպարտություն: Շալե գոտիի մեջ, կուրծքի վրա, խրած ուներ մի փոքրիկ խենջար, որի աբենոսյա սև կիթը զարդարած էր արծաթով և գունավոր քարերով: Այդ զենքը արդեն նշան էր նրա ազնվական ծագման:

Գետնափոր խրճիթից հայտնված ազնվականը, վերջապես, խզեց իր լռությունը, հարցնելով.

— Ծխախոտ ունե՞ք:

— Ունենք, — պատասխանեց Մուրադը, որ լավ քրդերեն գիտեր:

— Հեռվից տեսա ձեզ, եկա մի փոքր ծխախոտ խնդրելու:

Մուրադը տվեց նրան բավականաչափ ծխախոտ, որը մեծ շնորհակալությամբ ընդունեց: Նա իսկույն վառեց ծխաքարշը, սկսեց ծխել: Երևում էր, որ երկար ժամանակ չէր ծխել:

Նա, դարձյալ հենված իր թևքերի տակ առած ցուպերի վրա, սկսեց կաղալով դիմել նույն խրճիթը, որտեղից դուրս էր եկել: Բայց քառորդ ժամ չանցած, նա կրկին վերադարձավ իր հետ ունենալով մի այլ մարդ: Այդ վերջինը դրեց մեր առջև մի մաղ լի նոր թխած հացերով, որոնց մոտ դրած էր պանիր, որ մակարդված էր զանազան անուշահամ բույսերով և սեր, որ երկու մատի հաստությամբ լավաշի ձև ուներ: Հպարտ ազնվականը չկամեցավ պարտավոր մնալ մեզ և բերեց մեզ համար մի լավ նախաճաշիկ: Մենք սկսեցինք ուտել.

— Դու ո՞ր ցեղից ես, քրիվա՛, — հարցրեց Մուրադը:

(Չգիտեմ ինչո՞ւ հայերը սովորություն ունեն քրդերին դիմել Քրիվա բառով, որը նշանակում է կնքավոր):

— Վռըշիկների, — պատասխանեց քուրդը մի առանձին բավականությամբ:

— Վռըշիկների՞, — կրկնեց Մուրադը մի մեծ գյուտ արածի նման, — դու գիտե՞ս, քրիվտ, որ քո նախնիքը հայեր են եղել:

— Ես այդ չգիտեմ, — պատասխանեց քուրդը վիրավորված եղանակով, — ես այդքանը միայն գիտեմ, որ իմ նախնիքը այդ բերդի տերերն էին:

— Հենց այդ բերդի տերերը հայեր էին:

Քուրդը դարձյալ չհամոզվեցավ և ցույց տվեց մեզնից հեռու մի քանի փառավոր մահարձաններ, որ ծածկված էին մատռաձև գմբեթների ներքո, և ավելացրեց.

— Դրանք իմ նախնյաց շիրիմներն են:

— Այդ շիրիմներից շատ առաջ էին քո հայ նախնիքը, — ասաց Մուրադը, պնդելով իր խոսքը: — Նրանք կոչվում էին Ռշտունիք և այդ երկիրը կոչվում էր Ռշտունյաց աշխարհ: Այդ Ռշտունյաց նախարարներից առաջ եկավ վռըշիկների քրդական ցեղը, ինչպես մեր Մամգունյան նախարարներից առաջ եկավ քրդերի մամկանի ցեղը: Եվ ուրիշ շատ քրդական ցեղեր կան, որոնք հայոց ծագումից են:

— Կարելի է, — պատասխանեց քուրդը կիսահամոզական եղանակով: — Մենք առաջ մի հոր որդի էինք և եղբայրներ էինք, բայց սատանան մեջ մտավ, երկպառակություն ձգեց, խառնեց նրանց լեզուները, և միմյանց չհասկանալով, բաժանվեցան:

— Դու հայր Ադամի և Նոյի ժամանակների բանն ես խոսում, — ընդհատեց Մուրադը:

— Ես գիտեմ և մոտ ժամանակների գործը, ինչ որ իմ աչքով եմ տեսել, ինչ որ իմ ականջով եմ լսել, — խոսեց քուրդը, ցույց տալով իր հմտությունը: — Այդ բերդը, ճշմարիտ է, մի ժամանակ պատկանում էր հայ իշխանների. այստեղ տիրում էր Ղարա-Մելիքների տոհմը: Նրանք շատ բարեկամ էին մեզ հետ. մի մորից ծնված եղբայրները այնքան սիրով չէին լինի, ինչպես մենք էինք: Մենք միասին էինք գնում թշնամու դեմ պատերազմելու, մենք միասին էինք բաժանում թշնամուց բերած ավարը: Բայց սատանան լցրեց իմ հոր եղբոր սիրտը չար խորհուրդներով, նա խաբեությամբ Մելիքին իր մոտ հյուր կանչեց և ընթրիքի ժամանակ հրամայեց սպանել: Հետո եկավ Մելիքի ամբողջ ընտանիքը սրից անցկացրեց և տիրեց այդ բերդին:

Կարծես ես լսում էի մի ծանոթ պատմություն. անհամբերությամբ ընդհատեցի քրդի խոսքը, հարցնելով.

— Ի՞նչպես էր կոչվում ձեր հոր եղբայրը:

— Խան-Մահմուդ:

— Իսկ այն Մելի՞քը, որին խաբեությամբ սպանել տվեց ձեր հոր եղբայրը:

— Միր-Մարտո: Նա իմ լավ բարեկամս էր. նրա յոթը որդիներից ամենակրտսերին, Կարոյին, ես եմ եկեղեցի տարել մկրտության ժամանակ: Բայց բոլորին կոտորեցին, ոչ մեկը չմնաց...

Կարոյի անունը տալու ժամանակ ես նայեցի Ասլանի երեսին: Նա աչքով արեց, որ լռեմ: Քուրդը շարունակեց.

— Այո՛, նա իմ լավ բարեկամս էր. շատ անգամ միմյանց հետ «հաց ենք կտրել». շատ անգամ միմյանց հետ որսի ենք գնացել: Նա աննման մարդ էր: Նրա պես քաջ, նրա պես մեծահոգի չկար ոչ միայն հայ ազնվականների մեջ, այլ բոլոր քուրդ բեկերի մեջ:

Երևի, ազնիվ քուրդը շատ կուրախանար, եթե ասեի, որ նրա լավ բարեկամի որդին, իր կնքել տված Կարոն, ազատվել էր սարսափելի կոտորածից և այժմ կենդանի էր: Ես այդ կոտորածի պատմությունը լսել էի շատ առաջ, Կարոյի տատ Զումրուդից, երբ նա մահվան անկողնի մեջ պատմում էր անբախտ որդու հոր ցավալի արկածը:

— Բայց աստված պատժեց իմ հոր եղբորը, — առաջ տարավ քուրդը, — իր բարեկամի և դաշնակցի հետ այդպես վատությամբ վարվելուց հետո և խաբեությամբ այդ բերդին տիրելուց հետո երկար վայելել չկարողացավ...

— Ի՞նչպես, — հարցրեց Մուրադը:

— Նա միացավ այնուհետև Ջեզիրեին տիրող անգութ Բեդիր-խան-բեկի հետ, և երկուսը միասին սկսեցին անխնա կերպով ասպատակել, ավերակ դարձնել Վանի, Մուշի, մինչև Դիարբեքիրի նահանգները, և ամեն տեղ, որտեղ հայ կար, սրից անցկացնել: Այդ լսելով Ստամբուլի հայոց խալիֆան (Մատթեոս պատրիարքը) բողոքեց սուլթանին, և սուլթանը բազմաթիվ զորքերով ուղարկեց Օսման փաշային` պատժելու ապստամբներին: Օսման փաշան եկավ, նա ոչինչ անել չէր կարող, եթե հայերը չօգնեին նրան:

— Հայերը ինչո՞վ օգնեցին, — հարցրեց Մուրադը:

— Ստամբուլի հայոց խալիֆան թուղթ էր գրել Վանի, Մուշի, Դիարբեքիրի և մյուս նահանգների հայոց բոլոր հոգևոր առաջնորդներին, որ իրանց ժողովրդի հետ օգնեն սուլթանի զորքերին: Այդ ժամանակ հայտնվեցավ Մելիք-Միսաքը և հայոց կամավոր զորքերի գլուխն անցավ: Քաջությամբ պատերազմելով թե՛ Բեգիր-խան բեկի և թե՛ իմ հոր եղբոր` Խան-Մահմուդի հետ, նա երկուսին էլ հաղթեց, երկուսին էլ ձերբակալեց և հետո հանձնեց Օսման փաշայի ձեռքը: Երկուսին էլ իրանց ընտանիքների հետ տարան Ստամբուլ, այնտեղ բանտարկեցին. հետո Բեդիր-խան-բեկին աքսորեցին Կրետե կղզին, իսկ իմ հոր եղբորը` Խան-Մահմուգին, իր ընտանիքի հետ աքսորեցին Սիլիստրե: Եվ այսպես Մելիք-Միսաքը առեց իր վրեժը:

Վերջին խոսքերը արտասանեց ծերունի քուրդը մի առանձին դառնությամբ: Մենք ամենքս միմյանց երեսին նայեցինք. մենք դարձյալ լսում էինք մի ծանոթ անուն, բայց ինձ գոնե անծանոթ պատմություն:

— Այդ կռիվների մեջ, — ավելացրեց նա, — ես ստացա այն վերքերը, որ բոլորովին անդամալուծեցին ինձ և այն օրից այս երկու փայտերի վրա եմ ման գալիս: Հետո եկավ օսմանցին, այդ բերդը քարուքանդ արեց և մեր տոհմի բոլոր նշանավոր քաջերին մաշեց բանտերի մեջ: Ինձ խնայեցին, որպես արդեն անպետք և կիսամեռ մարդու...

Խան-Մահմուդին և Բեդիր-խան-բեկին նվաճելուց և նրանց աքսորելուց հետո, իրավ է, քրդական բռնապետությանը վերջ տրվեցավ արևելյան Հայաստանում և մանավանդ Տարոնի և Վասպուրականի նահանգներում, և օսմանցոց իշխանությունը այդ ժամանակից ավելի հաստատվեցավ այդ կողմերում: Բայց ինձ ուրախացնում էր այդ պատմության այն մասը, որ հիշյալ երկու գազանների անկումը կատարվել էր մի հայ հերոսի ձեռքով, այն հայի, որ մեր ամենի դաստիարակը և սիրելին էր: Դա էր Պարսկաստանում հասարակ որսորդի անվան տակ ծածկված խորհրդավոր մարդը` Ավոն, որի իսկական անունը Մելիք-Միսաք էր, որը բոլորից թաքցրած ուներ, թե՛ իր գործերը, թե՛ իր անցյալ մեծությունը և թե՛ իր ո՛վ կամ ի՛նչ մարդ լինելը:

Ես չեմ մոռացել, ընթերցող, բայց դու ևս հիշո՞ւմ ես այն ցավալի պատմությունը, որ Ս. Տիրամոր տոնախմբության ժամանակ, իր վրանում, իմ քեռի Պետրոսը պատմում էր Որսորդի կյանքից: Նա ասում էր, որ Որսորդը հասարակ մարդ չէ, թե նա Սասունի և Մոգաց երկրի զորավոր մելիքն է եղել, թե այնտեղ ունեցել է իր սեփական բերդը, պատմում էր, թե ինչպես հայ տանուտերերը, միացած իրանց հոգևոր առաջնորդի հետ, դավաճանում են նրան, մատնելով մի «քուրդ իշխանի» ձեռքը, պատմում էր, որ դավադրության ժամանակ նշանակվում է Զատկի ավագ շաբաթ գիշերը, և երբ Մելիքը իր ընտանիքով բոլորել էր ճրագալույցի սեղանի շուրջը, հանկարծ նրա ամրոցը պաշարվում է բազմաթիվ թշնամիներով: Նրա ամրոցը հրդեհում են, ընտանիքը կոտորում են, այդ միջոցին կրակի և արյան միջից հափշտակում է հավատարիմ Մըհեն իր վիրավորված տիրոջը և, իր հզոր ուսերի վրա բարձած, տեղափոխում է նրան Պարսկաստան, ուր ապրում էր նա անհայտության մեջ, Որսորդի անվան ներքո: Իմ քեռի Պետրոսը ծպտյալ Որսորդի պատմությունը հասցրեց մինչև այստեղը, էլ ուրիշ ոչինչ չասաց: Բայց այժմ ծերունի քրդի պատմությունից երևաց, որ նա կրկին հայտնվել է իր իսկական Մելիք-Միսաք անունով և, հայոց կամավոր զորքերի գլուխն անցած, կռվել է երկու քուրդ բռնապետների հետ, երկուսին էլ հաղթել է և, կալանավորելով, հանձնել է Օսման փաշայի ձեռքը և իր «վրեժը» առել է: Ի՞նչ վրեժ: Երբ այդ մասին հարցրի, ծերունի քուրդը պատասխանեց.

— Բեդիր-խան-բեկը նույն դավաճանությամբ վարվեցավ իր բարեկամ Մելիք-Միսաքի հետ, որպես իր հոր եղբայր Խան-Մահմուդը` Միր-Մարտոյի հետ: Երկուսն էլ խաբեությամբ ոչնչացրին իրանց լավ դաշնակիցներին և տիրեցին նրանց բերդերին: Մելիք-Միսաքը Սասունի և Մոգաց երկրի իշխանն էր և լավ բարեկամ Բեդիր-խան-բեկի հետ: Բայց այդ վերջինը այնքան ցած, այնքան վատ գտնվեցավ, որ մի գիշեր անակնկալ կերպով հարձակվեցավ նրա տան վրա և բոլորին սրից անցկացրեց: Մելիքին նույնպես սպանված էին համարում, բայց տարիներից հետո կարծես գերեզմանից վերադարձավ նա և իր վրեժը առեց...

Երկու հայ իշխաններ, մեկը` Ոստանի տերը, մյուսը` Սասունի տերը, միևնույն ճակատագրական հարվածքի տակ խորտակվել էին, երկուսն էլ ստոր դավաճանության զոհ էին դարձել: Ասլանը, երևի, գիտեր այդ բոլորը. նա ոչինչ չէր խոսում, միայն լռությամբ լսում էր ծերունի քրդի խոստովանությունը, որը, դառն փորձերից խրատված, խոսում էր մեզ դառն ճշմարտություններ...

— Տեսնո՞ւմ ես, քրիվա, — վերջապես խոսեց Ասլանը, — դուք ձեր բարեկամներին ու դաշնակիցներին այդպես վատությամբ ոչնչացնելով` ինքներդ միայնակ ու անզոր մնացիք և դուք էլ ոչնչացաք: Դուք խաբեությամբ տիրեցիք ձեր բարեկամների ամրոցներին, բայց ձեր ձեռքումն էլ չմնացին նրանք, եկավ օսմանցին և խլեց ձեզանից: Եթե դուք հաշտ մնայիք, դրանցից և ոչ մեկը չէր պատահի:

Ասլանը ծերունի քրդի, այդ անբախտացած ազնվականի, սրտիցն էր խոսում: Նրա վշտահար դեմքն ավելի մռայլվեցավ, ավելի թախծալի կերպարանք ստացավ:

— Ճշմարի՜տ է, շատ ճշմարի՜տ, — պատասխանեց նա տխուր ձայնով: — Մենք մեր ձեռքով մեր տունը քանդեցինք... Բայց ո՞վ կռվացրեց մեզ, ո՞վ բարեկամների ու դաշնակիցների մեջ երկպառակություն սերմանեց: Նույնիսկ օսմանցին: Ես բոլորը չպատմեցի ձեզ, պարոն, թե ինչպես օսմանցի գործակատարները գաղտնի կերպով գրգռում էին մեզ հայերի դեմ... Բայց մենք այնքան միամիտ եղանք, որ չհասկացանք, որ դրանով մեր կործանումն են նախապատրաստում...

— Հիմա նույնը չե՞ն անում, հիմա ձեզ չե՞ն գրգռում հայերի դեմ...

— Գրգռում են, և ավելի վատ կերպով... բայց մեր հիմար ազնվականները չեն հասկանում: Չեն հասկանում և մեր հոգևորականները: Օրինակի համար, կարելի է լսած լինեք, որ մեզանից ոչ այնքան հեռու, Արտոսի ստորոտներում, կենում է մեծ շեյխը: Նա աստծո սուրբ մարդն է, ես շատ մեղք արած կլինեմ, եթե այդ մասին ամենափոքր կասկած ունենամ, բայց կրքոտ մարդ է: Գիտե՞ք, ո՜րքան անգամ նրան գրգռել են հայերի դեմ... Ո՜րքան անգամ նա ոչնչացրել է հայոց ամբողջ գավառներ... Եվ բոլոր քրդերը լսում են նրա ձայնը և խոնարհվում են նրա հրամանին: Բավական է նրան` մի առավոտ վերկենալ ու ասել, թե մարգարեն երազում հրամայեց բոլոր գավուրներին կոտորել: Իսկույն քրդերը կառնեն իրանց զենքերը և կհետևեն նրան: Եթե «Գուշակողը» չլիներ, նա շատ վատ բաներ կաներ...

— Ո՞վ է այդ «Գուշակողը», — հարցրեց Ասլանը, որպես թե չէ ճանաչում:

— Ասում են` Արաբիայի կողմերիցն է, մարգարեի հայրենիքից: Բոլորովին սուրբ մարդ է. ամեն բան գիտե. ինչ-որ հարցնեք, նա կասե ձեզ: Մինչև անգամ շեյխը, որ մեծ իմաստություն ունի, շատ բաներ նրանից է հարցնում:

— Ուրեմն, դուք գոհ չե՞ք օսմանցիներից:

— Ի՞նչ ունենք գոհ լինելու: Նրանք եկան, մեր տան մեջ երկպառակություն ձգեցին. մեզ թշնամացրին ոչ միայն մեր դրացի հայերի հետ, այլ թշնամացրին քուրդը քրդի հետ: Այժմ չեք գտնի մի ցեղ, որ մի այլ ցեղի հետ հաշտ լինի: Եղբայրը եղբոր միսն է ուտում: Բայց այդպես չէր առաջ. սեր կար, միաբանություն կար, ամեն մարդ իր չափը ճանաչում էր, փոքրը գիտեր մեծի պատիվը, իսկ մեծը գիտեր փոքրին հոգ տանել: Այժմ ամեն բան փոխվել է: Այն մարդը, որ երեկ իմ ախոռատան մեջ ծառա էր, իմ ձիաների աղբն էր մաքրում, այսօր իրան մուդիր, գայմագամ, փաշա է կոչում, և ես պետք է գնամ նրան գլուխ վեր բերեմ: Ավելի լավ չէ՞ր լինի, որ ես այդ գլուխը գերեզման տանեի, քան թե անպատվեի. ..

Բայց մի բան չպետք է ուրանալ, որ օսմանցին գալուց հետո երկիրը բավական խաղաղացավ:

— Ի՞նչպես խաղաղացավ. ավելի վատթարացավ: Առաջ մենք մեր երկրի տերն էինք և գիտեինք մեր տան բանը, ճանաչում էինք` ո՛վ է լավը, ո՛վ է վատը, և եթե մեկը մի չար գործ էր կատարում, իսկույն իմանում էինք, և հանցավորը իր արժանի պատիժն էր ստանում: Բայց հիմա գողը մնում է իր համար ազատ, և բոլորովին անմեղ մարդկանց տանում են, դնում ծակը, և այն էլ գիտե՞ք ինչի համար, որ փող առնեն, հետո բաց թողն են: Դատավորը երկու կողմից ևս շահվում է, նախ, գողի հետ ընկեր լինելով, բաժանում է նրա հետ կողոպուտը և նրան չի դիպչում, երկրորդ, անմեղ մարդկանց չարչարում է` նրանց կողոպտելու համար: Այստեղ արդարությո՞ւն կա: Երկրի համարյա բոլոր կառավարիչները ամեն գործերի մեջ այդպես են վարվում:

Նա կրկին լցրեց իր ծխաքարշը, սկսեց ծխել: Կարծես, դառն ծխի հետ աշխատում էր նա թափել իր սրտի մաղձը:

— Լավ էր առաջ, — շարունակեց նա, — շատ լա՜վ... Մեր անասունները ազատ-համարձակ մեր սարերի վրա արածում էին. մեր վրանները, որտեղ ցանկանում էինք, այնտեղ էինք կազմում: Երկիրը դեպի ամեն կողմ բաց էր մեր առջև: Հիմա ամեն տեղի վրա սահման դրվեցավ. այստեղը, ասում են թագավորական է, այնտեղը, չգիտեմ ումն է պատկանում, և բոլորից վատթարն այն է, որ ամեն բանի վրա հարկ է դրվել. մի ամսական փոքրիկ գառն անգամ, աստծո խոտը արածելու համար, պետք է հարկ վճարե: Ո՞վ է տեսել մի այդպիսի բան:

Նա նայեց իր շուրջը, տեսնելու` արդյոք ուշադրությամբ լսում են իրան, թե ոչ: Այդ միջոցին նա ինձ ներկայանում էր որպես մի քարոզիչ, որը և՛ խոսում էր, և՛ դիտում էր իր ունկնդիրների դեմքի արտահայտությունները, թե ի՛նչ ազդեցություն է գործում նրանց վրա իր քարոզը:

— Ամեն ինչ, որ լավ էր, բարի էր, խլեցին մեզանից, — առաջ տարավ նա, — փոխարենը տվեցին զեխություն, շռայլություն, անբարոյականություն միայն: Մենք ապրում էինք մեր նախահարց պարզ կյանքով, կերակրվում էինք մեր անասունների յուղով ու պանրով, խմում էինք մեր լեռների մաքուր ջուրը: Մեզ սովորացրին փլավ ուտել, շերբեթ ու ղահվե խմել, և որ ավելի չարն է` արաղ խմել: Մեր կանայք մեր անասունների բուրդից իրանց ձեռքով էին պատրաստում մեր հագուստը. թե՛ ազնվականի կինը և թե՛ գռեհկի կինը երբեք չէին խորշում թելից ու ասեղից. իլիկն ու ջահրեն երկուսի ձեռքում ևս ամբողջ օրը պտտվում էր: Հիմա մեր կանայք օսմանցու հարեմի ծույլ և փափուկ խաթուններ են դարձել, իսկ մեզ սովորեցրին մետաքս հագնել, կարմիր մահուդ հագնել, ոսկի թելերով զարդարել մեր հագուստը: Մեր կանայք այժմ սովորել են իրանց երեսները ներկել զանազան դեղերով, սովորել են աստծո շնորհած գեղեցկությունը կեղծել, խարդախել: Մեր տղամարդիկ չեն ամաչում կանանց նման իրանց մազերին գույն տալ հինայով և իրանց աչքերը սևացնել սուրմայով: Երբ որ զուգված, զարդարված մի երիտասարդ է անցնում, նստած գեղեցիկ նժույգի վրա, ինքը փայլում է ոսկու մեջ, ձին արծաթապատ ասպազենքով, զենքերը վառվում են թանկագին ակներով, ամեն կողմից մատով ցույց են տալիս նրան, ընկերն ընկերին ասում է. «Տե՜ս ի՜նչ քաջ երիտասարդ է»... Բայց ո՞ր կռվի մեջն է մտել այդ կնամարդը, վերք տվել ու վերք ստացել, այդ ոչ ոք չէ հարցնում: Առաջ մի երիտասարդ մինչև մի քանի տասնյակ մարդիկ սպանած չլիներ, մինչև իր մարմնի վրա մի քանի վերքեր ստացած չլիներ, նրան աղջիկ չէին տալ. և մեր աղջիկները անպատվություն կհամարեին երկչոտին ու անարիին իրանց փեսա ընտրել: Հիմա դրանց նայող չկա. հիմա երիտասարդի քսակն են շոշափում, որ տեսնեն` քանի ղուրուշ ունի: Ճշմարիտ քաջությունը կորել է, և նրան փոխարինել է օսմանցու թուլամորթությունը: Այժմ առաջվա քուրդը չէ մնացել, և եթե մարդիկ կան, այն ևս կարելի է գտնել հին սերունդի մեջ, նորը բոլորովին փչացած է: Մեր վաղեմի երիտասարդները իրանց մարմնի վրա կրած սպիները իրանց զարդն էին համարում և այդ նշաններով պարծենում էին: Բայց այժմյանները հոգի են տալիս օսմանլվի շքանշանի համար, և գժվածի նման վազ են տալիս պաշտոնների ու աստիճանների ետևից: Եվ օսմանցիք, օգուտ քաղելով մեր փառասերների այդ մոլորություններից, վատերին առաջ են քաշում, իսկ լավերին ետ են մղում...

Ոստանի ավերակների վրա, ծերունի քրդի բերանով խոսում էր նահապետական ժողովրդի խաբված ոգին: Մեկի ներկայացուցիչը բողոքում էր, մյուսի ներկայացուցիչը` Ասլանը, լռությամբ լսում էր...

Վերջինը հեգնությամբ հարցրեց.

— Լավ է, որ դու չհրապուրվեցար օսմանլվի փայլուն շքանշաններով:

— Ես ավելի պատվավոր համարեցի այսպես աղքատ, այսպես չքավոր ապրել այն գետնափոր խրճիթի մեջ, իմ քաջ նախահարց շիրիմների մոտ, քան թե իմ կուրծքը զարդարել օսմանլվի շքանշանով, որ ստանում են շողոքորթները, կեղծավորները, խաբեբաները միայն, վաճառելով իրանց խիղճն ու պատիվը: Ես այժմ ունեմ հինգ այծ և դրանով բախտավոր եմ: Այդ հինգ այծը փոխարինում է այն հարյուրավոր անասուններին, որ խլեց ինձանից օսմանցին: Այդ բոլորից հետո` գնալ և օսմանլվի ոտները լիզե՞լ, քա՜վ լիցի, քաղցածությունից կմեռնի ծերունի Օմար-Աղան և իրան չի ստորացնի...

Նա կրկին անգամ շնորհակալություն հայտնեց ստացած ծխախոտի համար, վերկացավ և, իր երկու ցուպերի վրա կաղալով, սկսեց ընթանալ դեպի իր խրճիթը:

— Ահա՛ քրդական բռնապետության ճյուղակտուր եղած կոճղը... — ասաց Ասլանը, ծերունու ետևից նայելով: Հետո դարձավ դեպի մեզ այդ խոսքերով.

— Ես իսկապես հակառակ եմ ազնվականության գաղափարին, բայց կցանկանայի, որ հայերը ազնվականներ ունենային: Երբ ժողովուրդը զարգացած չէ, երբ նա դեռ մի ուրիշ գիտակցության չէ հասած, ազնվականությունը միշտ հարմար միջնորդ է դառնում նրա բողոքը արտահայտելու, երբ ինքը` ազնվականությունը, նույն ժողովրդի հետ ճնշված դրության մեջ է գտնվում և նրա տառապանքներին մասնակից է լինում: Նայեցե՛ք այդ ծերունի քրդին, այդ ոտքից և ձեռքից զրկված անդամալույծին, հազարավոր քրդեր չեն կարող այն մտածել, ինչ որ դա է մտածում, հազարավոր քրդեր չեն կարող այն զգալ, ինչ որ դա է զգում: Իր խրճիթի մարած օջախի նման մխում է նրա սիրտը, երբ իր ցեղի ազատությունը կորած է տեսնում: Երբ մենք ազնվականություն ունեինք, երբ տակավին բնաջինջ եղած չէին նախարարական տները, ամեն անգամ, երբ ժողովրդի կողմից բռնության դեմ բողոք էր հայտնվում, նրա նախաձեռնությունը տալիս էր նախարարությունը: Եվ մեր հայրենիքի թշնամիները` հույները, պարսիկները, արաբացիք, վերջը թաթարները, լավ հասկանալով ազնվականության նշանակությունը, սկսեցին հետզհետե ոչնչացնել նախարարական տները, որպեսզի կատարելապես տիրել կարողանան մեր հայրենիքին:

Ինձ համար այժմ շատ բան պարզ էր: Ծերունի քրդի պատմությունից ես լիակատար տեղեկություն ստացա Որսորդի անձնավորության մասին, գիտեի նրա փառավոր անցյալը, գիտեի նրա աղետավոր անկումը, գիտեի նրա խորհրդավոր ներկան: Ինձ համար պարզ էր և Ղարա-Մելիքների հեղհեղուկ պատմությունը. ես ճանաչում էի այդ ազնվական տոհմի վերջին ժառանգին` Կարոյին, ես գտնվում էի նրա հոր դժբախտ ամրոցի փլատակների մոտ, այն ամրոցի, որ սկսյալ Ռշտունի ախարարներից, քսանևմեկ դարերի ընթացքում, մի ձեռքից մյուս ձեռք անցնելով, վերջը հասել էր նրա հորը և որից դավաճանությամբ հափշտակել էին քրդերը: Կարոն նույնպես գիտեր այդ բոլորը, գիտեր իր ծագումը, գիտեր, թե ի՛նչ էին կորցրել իր հայրերը: Բայց ես հավատացած էի, որ նա նույն եռանդով կգործեր և նույն անձնվիրությամբ կաշխատեր սրբելու նեղյալների արտասուքը, եթե գիտենար, որ ինքը մի անհայտ գռեհկի որդի է: Երբ այդ միտքը հայտնեցի Ասլանին, երբ, Կարոյին օրինակ բերելով, ասացի, որ տոհմային ազնվականությունը միակ պայմանը չէ, որ մարդ ձգտում է դեպի ազատությունը, նա պատասխանեց.

— Այո, այդ հեշտ կլիներ, եթե ամեն մարդ Կարոյի սիրտը և զարգացումը կունենար:

Բայց ո՞րտեղից ստացավ նա այդ զարգացումը, ես այդ մասին ոչինչ չգիտեի: Չգիտեի նաև նրա մյուս ընկերների` Ասլանի և Սագոյի, կրթության գաղտնիքը: Այդ երիտասարդները իմ աշակերտակիցներն էին, առանց մի բան սովորելու, թողեցին տեր Թոդիկի դպրոցը և անհայտացան, բայց տարիներից հետո հայտնվեցան, բոլորովին փոխված, բոլորովին այլ մարդ դարձած: Մինչև այսօր մի առիթ չէր ներկայացել, որ հարցնեի Ասլանից, թե ի՞նչ հրաշք էր այդ: Երբ այժմ խնդրեցի նրանից պատմել, նա պատասխանեց.

— Ես մի օր բոլորը կպատմեմ քեզ, բայց դեռ ժամանակը չէ...

Ոստանա հովիտը մի երկայնաձև ձորադաշտ է, որ սեղմված է Արտոս լեռան գրկում: Ամեն տեղ սփռված են պատմական հին հիշատակարաններ: Իշխանական բերդերի, ամրոցների փշրանքներն են մնացել: Պահպանվել են միայն սրբության տաճարները: Կրոնասեր ժողովուրդը առաջինը զոհեց՝ երկրորդը չկորցնելու համար:

Մենք երկար չմնացինք Ոստանա բերդի ավերակների մոտ: Երբ ձիաները բավական հանգստացած էին, երբ մենք ևս բավական կազդուրված էինք ճանապարհի հոգնածությունից, Ասլանը շտապեցրեց, թե պետք է ուղի ընկնել: Ես վերջին անգամ հայացք ձգեցի ավերակների վրա, վերջին անգամ նայեցի դեպի ծովը: Ինձ թվում էր, թե հենց այդ րոպեում, նրա պարզ հայելիի մեջ, ես տեսնում էի այն գույնզգույն ցոլացմունքները, որ արտափայլում էին, անդրադարձնելով Գագիկի շքեղ դահլիճների գույնզգույն ապակիների շողքերը և նրա օդաբեր հովանոցների ոսկեզօծ նկարները: Ինձ թվում էր, որ ալիքների մեղմ մեղեդիի մեջ ես լսում էի արձագանքը մի քաղցր նվագածության, որով Ռշտունյաց գուսանները զվարճացնում էին Վասպուրականի հզոր իշխանի ուրախության ժամերը: Սահում են դարեր, անցնում են ժամանակներ: Տեսարանը փոխվում է: Վարդագույն ապակիների վարդագույն շողքերի փոխարեն հոսում են արյան վարդագույն վտակներ: Այլևս ոսկեզօծ նկարների փայլը չէ, որ վառվում է արևի ճառագայթների առջև, այդ հրդեհի բոցն է, որ լափում է փառքի և իշխանության բոլոր վայելչությունները: Լաց ու կոծ է լսվում... աղմուկը սաստկանում է... կրակի լուսավորության առջև նշմարվում է դաշույնների փայլը... մարդիկ անորոշ ուրվականների նման խլրտում են... ոմանք ընկնում են, ոմանք կանգնում են... դահլիճների կործանվող կամարները ծածկում են դիակները... Կրակն ու կոտորածը ոչնչացնում է Ղարա-Մելիքների հիշատակը... բայց մի կին, մի երեխա կուրծքին սեղմած, դուրս է սողում կրակի միջից և թաքչում է մերձակա անտառում... Հետո թանձր ծուխը ցած է թողնում իր սև վարագույրը, և եղերական տեսարանը անհետանում է մթության մեջ...

— Դու շատ զգայուն սիրտ ունես, — ասաց Ասլանը, երբ նշմարեց իմ արտասուքը: — Նստիր ձիդ, գնանք, հեռանանք, դեռ այդպիսի ավերակներ շատ կտեսնես...

Երբ ճանապարհ ընկանք, հեռվից տեսանք այդ կրակի ու կոտորածի հեղինակներից մեկին` ծերունի Օմար-Աղային: Նա դեռ նստած էր իր խրճիթի կտուրի վրա և արևի ջերմ ճառագայթներով տաքացնում էր սառած մարմինը: Նա էլ նկատեց մեզ և, հեռվից գլուխն ու ձեռները շարժելով, բարի ճանապարհ մաղթեց:

Այնօր մենք անցանք Ոստանա ամբողջ հովիտը: Ուր և գնում էինք, մեզ հանդիպում էին ամայի վանքեր, ամայի եկեղեցիներ և մենավոր մատուռներ: Լեռները, ձորերը, անտառների խուլ, անմարդաբնակ խորքերը լի էին այդ սրբավայրերով: Ի՞նչ էր որոնում նրանց մեջ Ասլանը, ես չգիտեմ, միայն ինձ հայտնի էր, որ նա վանքերի շատ սիրահար չէր: Իլի գյուղում մենք տեսանք աստվածածնի «Քառասուն խորան» կոչված վանքը: Գագիկ Արծրունին հիմնեց այդ մեծաշեն վանքը իր քառասուն հոյակապ տաճարներով: Նրանցից միայն մի քանիսն էին մնացել. մյուսները կործանվել էին: Այստեղ դիմում էին հայոց ապաշխարողները և իրանց մեղքերի քավության համար «քառասունք» էին կատարում, այսինքն՝ քառասուն տաճարների յուրաքանչյուրի մեջ մի-մի պատարագ էին մատուցանել տալիս, իհարկե, լավ վճարելով վարդապետներին: Բայց ես հավատացած էի, որ եթե այդ վանքի քառասուն տաճարների յուրաքանչյուրի մեջ ամեն օր քառասուն անգամ պատարագ մատուցանեին, հազիվ կարող էին քավել նրա հիմնողին այն մեծ մեղքից, որ նա կատարեց, ապստամբվելով Բագրատունիների դեմ և Վասպուրականում իր համար մի նոր, հակաթոռ թագավորություն հիմնելով: Դրանով անհնազանդ Արծրունին, արաբացոց տագնապի ժամանակ, երբ Հայաստանը ավելի մեծ զորության պետք ուներ, Բագրատունիների ուժը ջլատեց, իսկ իր հիմնած թագավորությունը միայն մեկ դար կյանք ունեցավ...

Ոստանա հովտի մեջ, Արտոսի կողքի վրա, կանգնած է մի այլ վանք և իր գեղեցկադիր, բարձրահայաց դիրքով գրավում է ճանապարհորդի ուշադրությունը: Նա «Քառասուն-խորանի» նման մեծաշեն, փարթամ և փառահեղ չէ, նա համեստ է և փոքրիկ: Բայց ամեն մի հայ չէ կարող` առանց նրա փոշիները համբուրելու` անցնել նրա մոտից, երբ գիտենա, թե ում գերեզմանն է դրած նրա անշուք տաճարում: Նրան կոչում են Չաղար (Չարահան) Ս. Նշանի վանք, որ շինված է Ս. Աստվածածնի անունով: Մեծ ջերմեռանդությամբ մենք մտանք այդ վանքը և համբույր մատուցեցինք մի մոռացված գերեզմանի: Նրա մեջ հանգչում էր Ավարայրի հերոսների երգիչը` Եղիշեն:

Ոստանա լեռնահովտի մեջ կա մի այլ սրբավայր, որը նույնքան սիրելի է ամեն մի հայի սրտին, որպես վերոհիշյալ վանքը: Ծովեզերքից կես մղոն հեռավորությամբ, կանաչազարդ, հարթ դաշտի մեջտեղում, բարձրանում է մի գեղեցիկ բլուր: Բարդի և ուռենի ծառերը իրանց վարսավոր ճյուղերի ներքո հովանավորում են շինականների խրճիթները, որ գտնվում են այդ բլուրի վրա: Դա Նարեկ (Նոր-եկք) գյուղն է: Նա փոքրիկ է, բայց ամեն հայի համար նվիրական է, որովհետև ծննդավայրն է մի պաշտելի մարդու: Գյուղի մեջտեղում, բլուրի ուղիղ գագաթի վրա, կանգնած է մի հոյակապ վանք: Բավական հեռավորությունից երևում է այդ վանքը, և նրան տեսնելիս ճանապարհորդի սիրտը սկսում է բաբախել: Խորին, սրբազան ջերմեռանդությամբ խաչակնքում է նա իր դեմքը և ծունր է խոնարհեցնում: Այդ վանքի մեջ դրած է հայոց ոգելից սաղմոսերգուի` ս. Գրիգոր Նարեկացու մարմարյա գերեզմանը:

Այդ դաշտը և նրա շրջակայքը լի են այն բոլոր նվիրական տեղերով, որ կապված են Նարեկացու հիշատակի հետ: Խարզիթ գյուղի մոտ, ծովափնյա ճանապարհի եզրում, մեզ ցույց տվին մի գոգավորված ժայռ: Այդ գոգավորությունը մարդու մարմնի նմանություն ուներ: Նրա մասին պատմում էին, թե Նարեկացին այստեղ հովիվ եղած ժամանակը` մի անգամ ավազակները հարձակվեցան նրա վրա. նա փախավ և դիմեց դեպի հիշյալ ժայռը, նրա մոտ պատսպարան գտնելու համար: ժայռը բաց արեց իր քարեղեն գիրկը և ընդունեց սրբին:

Բայց բոլորից հետաքրքիր են այն քարանձավները, որոնք մի ժամանսկ Նարեկացու ճգնարանն են եղել: Նարեկ գյուղից մի ժամ հեռավորությամբ, ծովեզրի մոտ, բարձրանում է մի այլ քարաժայռ: Նրա մեջ կան մի քանի մեծ և փոքր բնական այրեր: Բացի այդ բնական այրերից, նույն բարձրադիր ապառաժի մեջ փորված են թվով ինն սենյակներ: Այդ վիմափոր սենյակները անհիշելի ժամանակների գործ է: Նրանք երկու հարկերի են բաժանված, որոնցից հինգը ներքին հարկն է կազմում, իսկ չորսը` վերին հարկը: Հայոց հին սորամուտների (տրոգլոդիտների) այդ քարեղեն բնակարանը այնքան անմատչելի, այնքան բարձր է գետնի մակերևույթից, որ Նարեկացու նման հրաշագործ անձը միայն կարող էր մուտք գործել այդտեղ: Գլխավոր դուռը բացվում է ներքնահարկի առաջին սենյակի մեջ, և հետո մեջեմեջ դռներով տանում է դեպի մյուս սենյակները և հանում է մինչև վերին հարկը: Յուրաքանչյուր սենյակ պատուհանաձև լուսամուտ ունի, որ նայում է դեպի ծովը: Վերնահարկի սենյակներից մեկը ձևացնում է մի փոքրիկ մատուռ, քարեղեն սեղանով: Այստեղ էր բնակվում Նարեկացին, այստեղ էր գրում իր սքանչելի գիրքը: Այստեղից տեսավ նա ս. Աստվածամորը, աստվածորդի մանուկը գրկում, որի տեսությանը այնքան մեծ տենչանքով փափագում էր նա: Փոքրիկ Առ-Տեր կղզու վրա կանգնած էր նրա տենչալին, և ամբողջ ծովը վառվում էր հրեղեն ճառագայթներով: Իր քարայրից ցած իջավ Նարեկացին, մոտեցավ ծովեզրին և, որպես ցամաքի վրա, նա ջրի վրայով ընթանալով, ոտքով անցավ ծովը և հասավ կղզուն: Աստվածամայրը տվեց երանելի սուրբի գիրքը աստվածորդի մանուկին, ասելով. «Առ տեր», այսինքն` առ քո տիրոջը: Եվ այն օրից այդ փոքրիկ կղզին կոչվեցավ Առ — Տեր:

Հին Ռշտունիքը այժմ երկու գավառների է բաժանված` Գավաշ և Կարճկան, երկուսն էլ կոչվում են իրանց համանուն ավանների անունով, որոնց մեջ գավառապետներ են նստած: Սկսյալ Հայոց-Ձորից, որը Գավառի հյուսիս-արևելյան սահմանն է, հիշյալ երկու գավառները` Վանա ծովակի հարավային եզերքով՝ տարածվում են մինչև Մոգաց և Բզնունյաց աշխարհները: Ճանապարհը նույնպես ոլորվում է ծովակի եզերքով, երբեմն բոլորովին մոտենում է, երբեմն փոքր-ինչ հեռանում է, բայց երբեք ծովեզերքից չէ բաժանվում: Նա այնքան նեղ է, այնքան դժվարին ելևէջներ ունի և այնքան սարսափելի են նրա անցքերը, որ իզուր չստացավ իր Կապան անունը: Հայոց երկրի բազմաթիվ կապանների թվում՝ Ռշտունյաց կապանը դժվարանցանելիներից մեկը պետք է համարել: Ամեն մի քայլում բավական են մի քանի հրացանավորներ, որ փակեն մի ամբողջ քարավանի անցքը և, վանդակի մեջ բռնված թռչունի նման, չթողնեն, որ տեղից շարժվի: Ճանապարհը պտտվում է նեղ ձորերի միջով, որոնց երկու կողմերից ևս բարձրանում են անհնարին ապառաժներ: Եվ այդ սատանայական լաբյուրինթոսը քարավանի միակ ուղին է, որ տանում է դեպի Բաղեշ և Մուշ: Մարդ խեղդվում է անձկության մեջ: Իսկ երբ դուրս ենք գալիս նեղ կիրճերից և Մուշի ընդարձակ դաշտին ենք հասնում, այն ժամանակ միայն հորիզոնը բացվում է մեր առջև, սկսում ենք ազատ շունչ առնել:

Ռշտունիք, այդ ռաշիդների (քաջերի) աշխարհը, սնուցել է իր խիստ և վայրենի բնության համեմատ` մի ինքնուրույն ժողովուրդ: Նրա բնակիչները` իր մթին անտառների և ահարկու լեռների նման` կոշտ, կոպիտ և անխորտակելի են: Հսկա բնությունը ծնել է և հսկա ժողովուրդ: Այստեղ միայն կարելի է տեսնել սահմանակից Հայոց-Ձորի վաղեմի տիտանների վիթխարի սերունդը, որ իր քաջությամբ բնավ ետ չի մնում դրացի սասունցիներից: Չէ կարելի տեսնել և չհիանալ այդ առողջ, կենդանի, մշտազվարթ ժողովրդով: Նա երբեք չէ թառամում, որպես իր ծմակների մշտականաչ կիպարիսը: Նա երբեք չէ ծերանում, որպես իր թավուտների դարևոր եղևնին: Հզոր կուրծքը մերկ, զորավոր բազուկները հոլանի, գլխին թաղիքյա կոնաձև քոլոզը դրած, և նրա վրա գույնզգույն թաշկինակներ փաթաթած, որոնց ծայրերը` ոսկեգույն մազերի երկայն գիսակների հետ` թափվում են լայն թիկունքի վրա, հագին մի կարճ քազախա (կուրտիկ) հագած, որի ամրությունը, երկաթյա զրահի նման, կարող է դիմանալ ամենասուր դաշույնի առջև, ներքին հագուստը մազեղեն զոլ-զոլ շալվարի մեջ հավաքած, դուք կտեսնեք Ռշտունյաց լեռների այդ զավակին, երկար նիզակը ձեռին, թեթև վագրի նման, անցնում է մի ապառաժից դեպի մյուսը: Նրա նիզակը, որ երկու ծայրերում ևս սուր երկաթներ ունի, ծառայում է և՛ իբրև զենք, և՛ իբրև նեցուկ, որ, գետնի մեջ ցցելով, հենվում է նրա վրա և ոստումներ է գործում սարսափելի վիհերի վրայից: Այդ բոլորը այնքան արագ է կատարվում. որ դու կարծում ես, թե նա թռչունի նման թևքեր ունի և օդի մեջ սլանում է: Նրա թաղիքյա փափուկ տրեխների տակերը ամբողջապես գամած են սրածայր բևեռներով, որ չսահի, որ չսայթաքեն ժայռերի վրա ման գալու ժամանակ: Գոտիի մեջ խրած ունի մի կեռ խենջար, որի կոթը դերձանով կապած է պատյանին. այդ կապանքը նրա համար է, որ մինչև արձակելը` նրա բարկությունը անցնի, իսկ երբ մերկացրեց սուրը` գործողությունը արդեն վճռված է, մինչև արյան մեջ չզովացնե, իր տեղը չի դնի: Թշնամու հետ անգութ է, իբրև գազան, բարեկամի հետ բարի է, իբրև հրեշտակը: Իր հովիտների բարձրահասակ սոսիների նման գեղեցիկ է նա. Երբ նայում է քո երեսին, դու զմայլվում ես: Նրա կապուտակ աչքերը այնքան լուսափայլ, այնքան ընդարձակ և այնքան խորն են, որպես այն կապուտակ ծովը, որ ծփում է նրա աշխարհի մոտ: նրա այրական դեմքը այնքան արձակ և այնքան պայծառ է, որպես Ռշտունյաց պարզ երկինքը: Ռշտունյաց պարզ երկնքի նման, այդ խաղաղ դեմքը հանկարծ մռայլվում է, մթնում է, շանթեր է արձակում, երբ խաղաղ եղանակը փոխվում է, և տեղի է ունենում վերահաս փոթորիկը... Այդ միջոցին նա չէ խոսում, այլ որոտում է, և այդ որոտման ձայնի մեջ դու լսում ես նախկին հայի ուժեղ բարբառը իր բոլոր կոշտ ու անտաշ ձևերով: Բայց այդ կոշտ հնչյունները քո հոգուն այնքան ազդու են, քո սրտին այնքան կախարդիչ են, որ, որքան էլ և ընկած լինեիր դու հոգով, հանկարծ ներշնչվում ես մի անբացատրելի ոգևորությամբ... Եվ երբ դու տեսնում ես, թե ինչպես նա իր միակ զենքով` նիզակով, կռվում է մթին ծմակից դուրս պրծած ամեհի վարազի հետ, իսկույն հին առասպելը կենդանանում է քո մտքում, և դու հիշում ես «վիշապաքաղ» Վահագնին, հայոց անպարտելի Հերքուլեսին, հիշում ես, և սքանչանում ես նրա արժանի ժառանգների քաջության վրա, որոնք, գազանների հետ բնակվելով, սովորեցին գազանների հետ մարտնչել...