Jump to content

Կայծեր/Մաս II/ԻԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կայծեր
 ԻԳ
ԻԵ 

ԻԴ

ՄԻ ԳՅՈՒՂ ՌՇՏՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Օրը երեկոյանում էր: Նախորդ գիշերը, «Գուշակողի» տաղավարի մոտ, բոլորովին անքուն էինք մնացել, իսկ այսօր անդադար ճանապարհորդում էինք: Մեր ձիաները հոգնածությունից դժվարությամբ էին շարժվում. մենք ևս հանգստանալու սաստիկ պետք էինք զգում:

— Իմ ձին ընկնելու վրա է, — ասացի Մուրադին, որ իմ կողքով գնում էր:

— Մինչև հիմա նրանք էին մեզ տանում, շուտով կսկսենք մենք նրանց տանել, — պատասխանեց նա ծիծաղելով:

Ես նրա կատակը չհասկացա, բայց երբ մի փոքր առաջ գնացինք, նա դարձավ դեպի մեզ այդ խոսքերով.

— Ցած իջե՛ք, այսուհետև անկարելի է ձիով գնալ, եթե ոչ, մենք և թե՛ մեր ձիաները կգլորվենք անդունդի մեջ և կկորչենք:

Մենք հնազանդվեցանք մեր առաջնորդի խորհրդին: Եվ իրավ, մի նեղ շավիղ իջնում էր դեպի անդնդային ձորը, և նրա խորքից կրկին բարձրանալով, ոլորվում էր լեռան առապարներով, հետո կորչում էր անտառի մթության մեջ: Այդ ընդարձակ վիհից պետք է անցնեինք մենք, որի հատակը նայելիս` մարդու գլուխը պտտվում էր, աչքերը սևանում էին:

Մեզանից յուրաքանչյուրը, իր ձիու սանձից բռնած, խարխափելով իջնում էր դեպի ձորը: Ձին նրա ետևից` ամբողջ մարմնով դողղողալով, գլուխը ցած խոնարհեցրած, փռնչալով դեպի ամեն կողմն էր նայում, թե ոտը ո՛ր քարի վրա դնե, որ ցած չգլորվի: Մի քանի ժամ այսպես մաքառում էինք ժայռերի, մացառների և միմյանց մեջ հյուսված թուփերի հետ, մինչև ձորի խորքից դուրս եկանք մի բարձր սարավանդի վրա: Մեր առջև բացվեցավ մի սքանչելի հորիզոն:

Հազար անգամ ավելի տաժանական տանջանքներ ես պատրաստ կլինեի հանձն առնել, եթե առաջուց գիտենայի, թե դեպի ո՛ւր է տանում մեզ այն ոլորապտույտ շավիղը, որ ընտրեցինք մենք, խոտորվելով երթևեկաթյան մեծ ճանապարհից: Մեր դուրս ըկած սարավանդը, կարծես, մի բարձր դիտանոց լիներ, որտեղից երևում էին գեղեցիկ տեսարաններ: Ստորոտում ծփում էր լայնածավալ ծովակը, որի եզերքը, կանաչազարդ շրջանակի նման, պատած էին շքեղ բուսականությամբ: Մեղմ հովիկը շնչում էր մետաքսանման փափուկ խոտերի վրա, և երեկոյան ճառագայթներից լուսավորված փայլուն ծղոտները հանդարտ կերպով տատանվում էին, ծածանվում էին և իրանց բաց-կանաչագույն ալիքներով միախառնվում էին ծովակի արծաթյա ալիքների հետ, որ զգուշությամբ զարկվում էին եզերքին, կարծես վախենալով, մի գուցե խանգարեն ծաղիկների խորհրդավոր խաղաղությունը:

Վերևում, լեռան լանջաց վրա, սփռված էին ոչխարների հոտերը, իսկ ներքևում, հարթ մարգագետնի վրա, որը ծովի ափերով, կանաչագույն լայն ժապավենի նման, ձգվում էր հեռու և հեռու, արածում էին ձիաների երամակները և արջառների նախիրները: Մի փոքրիկ գետակ շտապելով դուրս էր վազում ձորի միջից և, մի բան որոնողի նման, մի քանի պտույտներ գործելով արոտամարգերի վրա, քմահաճ երեխայի պես կարկաչում էր, տրտնջում էր, պատահած քարերի կուրծքին էր խփում, պատահած թուփերի արմատներն էր քանդում և, բավական աղմուկ բարձրացնելուց հետո, մի առանձին գոհունակությամբ մտնում էր ծովը, այնտեղ ձայնը կտրում էր, կարծես մի մեծ գործ էր կատարել: Նրա պարզ, թափանցիկ հատակի գույնզգույն խիճերը ժպտում էին, ծիծաղում էին նրա միամիտ չարության վրա: Տեղ-տեղ երևում էին փոքրիկ լճակներ: Ինձ թվում էր, որ այդ ապստամբները, որևիցե դժգոհության պատճառով, բաժանվել էին ծովից և նրա ափերի մոտ իրանց համար անկախ, փոքրիկ ավազաններ էին հիմնել: Բայց գոնե միանային նրանք, այն ժամանակ դարձյալ մի միտք կունենար: Այդ դրության մեջ, բավական էր արևի մի քանի օրվա տապն ու կրակը, որ լափեր, ցամաքացներ նրանց ունեցած ջուրը: Եղեգնաբույսերը այնքան առատությամբ աճել, բազմացել էին նրանց եզերքի վրա, որ փոքր էր մնում բոլորովին ճնշեին, բոլորովին խեղդեին այդ լճակները իրանց խտության մեջ: Նրանք ծծում էին բոլոր կենսական հյութը, նրանք արգելում էին մաքուր օդի անցուդարձը, և այդ պատճառով, այդ ողորմելի լճակները, անշարժության մեջ մնալով, ճահիճների ձև էին ստացել:

Չնայելով, որ ամառվա սաստիկ տոթերի ժամանակն էր, բայց այստեղ գարունը կարծես դեռ նոր էր սկսվում: Կեռասի ահագին ծառերը, որ վայրենի դրության մեջ աճելով, ձգվել էին մինչև երկինքը, դեռ նոր էին հասցնում իրանց վարդագույն պտուղները: Ընկուզենիները, որոնք իրանց բարձր լայնատարած ճյուղավորությամբ լցրել էին ձորերի խորքերը, այդ հսկա ընկուզենիները դեռ պտուղ չէին ցույց տալիս: Վայրենի կակաչը, պուտը, ամանկոտրուկը, գարնան այդ առաջին ավետաբերները, դեռ նոր էին իրանց կարմիր գլխիկները բարձրացրել խոտերի ճոխ խտության միջից: Կարմիր կակաչների նման պտտվում էին կարմիր հարսներ ու աղջիկներ: Նրանց «լե՜-լե՜ի» ձայնը, միախառնվելով թռչունների երեկոյան երգեցողության հետ, մի առանձին կենդանություն էին տալիս շրջակայքին: Նրանք զանազան բանջարներ էին քաղում, այն բանջարները, որ մեր կողմերում վաղուց արդեն քաղել ու չորացրել էին ձմեռվա համար:

Մեր հանդեպ` սարի կուրծքի վրա` կպած էր մի գյուղ, որ իր գեղեցկադիր բարձրությունից նայում էր դեպի ծովը: Այդ գյուղը, կարծես, կտրված լիներ Ռշտունյաց աշխարհից, ապրում էր իր լռիկ, մնջիկ առանձնության մեջ, հրճվում էր ծովի ալիքներով, շնչում էր իր լեռների թարմ, հովասուն օդը և վայելում էր իր շրջակայքի բարիքները, որ այնքան շռայլությամբ պարգևել էր առատաձեռն բնությունը: Մենք դիմում էինք դեպի այդ գյուղը:

Արևը մտնելու վրա էր: Նրա պայծառ ճառագայթները մի առանձին փայլ էին ստանում, շողշողալով ծառերի լայն, հյութալի տերևների վրա: Ինձ թվում էր, որ ամբողջ շրջակայքը ծփում էր, թրթռում էր մի սքանչելի ոսկեզօծության մեջ: Ոսկեզօծ էին երևում կարմիր հարսներն ու աղջիկները, որ պտտվում էին մարգերի մեջ, ոսկեզօծ էին երևում ձիերն ու կովերը, որ ներքևում արածում էին արոտների մեջ, ոսկեզօծ էին երևում այծերն ու ոչխարները, որ վերևում թռչկոտում էին մի ժայռից դեպի մյուսը, ոսկեզօծ էին երևում շինականները, որ, երկար գերանդիները ուսներին դրած, վերադառնում էին խոտհունձից. ոսկեզօծ էր երևում գյուղական փոքրիկ եկեղեցու գմբեթը, որ իշխում էր մյուս շենքերի վրա, ոսկեզօծ էր երևում և ծիրանի ծովը, որ ծավալվում էր հեռու ու հեռու և ապա միախառնվում էր նույնպես ոսկեզօծ երկնքի հետ: Ես առաջին անգամն էի տեսնում, թե որպիսի՜ հրաշալի պատկեր է նկարում արևի երեկոյան վերջալույսը, երբ նա իր արարչագործ վրձինի տակ ունի ընդարձակ ջուր, պարզ երկինք, կանաչազարդ դաշտավայր և գեղեցիկ լեռներ` ալիքավոր, գեղագրական բարձրություններով:

Արևը մտավ, և կախարդական պատկերը սկսեց փոքր առ փոքր անհետանալ մեր աչքերից: Մի քանի պատառ ձյունագույն ամպեր միայն պահպանել էին իրանց վրա սքանչելի ոսկեզօծությունը` այն ևս եղծվեցավ, և մոխրագույն մռայլը տիրեց ամեն տեղ:

Ես նայեցի Ասլանի երեսին. նրա դեմքը նույնպես մռայլված էր: Ի՞նչ էր մտածում նա` ես չգիտեմ: Բայց ես մտածում էի, ինչո՞ւ այդ բոլորը, որ այդքան գեղեցիկ է, որ այդքան հիանալի է, ուր ամեն արարած այդքան ուրախ է, այդքան զվարթ է, ուր ամեն ինչ ժպտում է, ծիծաղում է, միայն մա՛րդը` բոլորի տերն ու իշխանը, չէ կարող վայելել մշտատև ուրախություն, չէ կարող կատարելապես երջանիկ լինել:

Երբ հասանք գյուղը, Մուրադը խնդրեց ցույց տալ ռեսի (տանուտերի) տունը: Մի քանի երեխաներ, մրցելով միմյանց հետ, թե որը շուտով կկատարե այդ ծառայությունը, առաջ վազեցին:

Մենք գտանք ռեսին. Դավիթ մարգարե-թագավորի նման, նստած էր իր տան կտուրի վրա: Նրա մոտ էր և շինական քահանան. Մի խումբ այլ մարդիկ ևս շրջապատել էին նրանց. ալևորները նստած էին, երիտասարդները հարգանքով կանգնած էին ոտքի վրա: Խոսում էին շինական զանազան հարցերի մասին: Ինչպես երևում էր, այդ կտուրը ռեսի բացօթյա դատարանն էր, որտեղ քահանայի և գյուղի ալևորների խորհրդով վճռվում էին զանազան վեճեր: Դատը կատարվում էր հրապարակավ: Մասնակցում էին և հասարակության ներկայացուցիչները: Երկու ծայրեր շոշափում էին միմյանց` պարզ նահապետական դատավարության և կատարելագործված ռամկապետական դատավարության ծայրերը:

Երբ մեզ տեսան, խոսակցությունը դադարեցրին: Ռեսը ոտքի ելավ և, ողջունելով մեզ, խնդրեց նստել: Բայց երբ նկատեց, որ մենք անշարժ մնացինք, կարծես մի բան մտաբերելով, դարձավ դեպի իր մոտ եղողներից մեկը, ասելով.

— Ինչպես երևում է, այդ մարդիկ մեզ նման գետնի վրա նստելու սովոր չեն, գնա ասա, որ մի շոր բերեն, ձգեն այստեղ:

Եվ իրավ, նրանք մերկ կտուրի վրա էին նստած, բայց այդ կտուրը, ռեսի ժրաջան հարսների շնորհիվ, այնքան մաքուր էր, որ փոշու մի հյուլե անգամ անկարելի էր գտնել այնտեղ:

Շուտով մի խումբ կանայք մեզ մոտ վազեցին. մեկը շտապով սկսեց ջրով սրսկել կտուրը, մյուսը ավելում էր, երրորդը տարածում էր ծանր օթոցները, իսկ չորրորդը երևի, նոր էր մտածում, թե ինքը ինչո՞ւ համար եկավ և կանգնած, շփոթված նայում էր իր շուրջը: Հետո նա էլ իր համար գործ գտավ, լուռ մոտեցավ Ասլանին, ձեռքով հասկացրեց, որ թույլ տա կոշիկները հանել:

— Նեղություն մի կրեք, — հրաժարվեցավ Ասլանը, — իմ կոշիկները դժվարությամբ են հանվում:

Պատասխանը կարծես վիրավորեց կնոջ ինքնասիրությունը, մի հեգնական ժպիտ երևաց նրա կարմիր թշերի վրա և, առանց Ասլանի թույլտվությանը սպասելու, բռնեց նրա երկարավիզ կոշիկներից և ուժեղ ձեռքով այնպես դուրս քաշեց, փոքր էր մնում, որ ոտքն էլ հետը տանե:

Այն գեղեցիկ օթոցները, որ տարածեցին, իրավ, շատ մեղք կլիներ` նրանց վրա ճանապարհի փոշեպատ կոշիկներով նստել, բացի դրանից, այդ մի անքաղաքավարություն էր, որ տեղացիների աչքում շատ խորթ պիտի երևար:

Այնտեղ գտնված երիտասարդները, որ դրացիներ էին և բոլորովին ուրիշ գործով էին եկած ռեսի մոտ, որպես իրանց տան գործը համարելով, սկսեցին մեր ձիաների խուրջինները և թամքերը ցած բերել և տարան հանգստացնելու նրանց: Շուտով հավաքվեցավ մեր շուրջը մի հարցասեր բազմություն, ամեն սեռի և ամեն հասակի, որոնք հեռվից հետաքրքրությամբ նայում էին մեզ վրա, մատով ցույց էին տալիս միմյանց և զանազան սրամիտ նկատողություններ էին անում իրանց բարբառով:

— Այդ մարդու քոլոզը սունկի նման չէ՞, Մկո, — հարցնում էր մի տղա, ցույց տալով Ասլանի եվրոպական լայնեզր գլխարկը:

— Ուղիղ սունկի նման է, — պատասխանում էր Մկոն, որպես իր չարաճճիկ ընկերների մեջ մի մեծ հեղինակություն: — Բայց դու շալվարին նայի՛ր, կասես փայտի վրա հագցրած կեղև լինի:

Կտուրը, որի վրա նստած էինք մենք, իր բարձրությամբ հազիվ որոշվում էր գետնի մակերևույթից, որովհետև տունը գետնափոր էր և մտել էր լեռան կողքի մեջ, որը զառիվայր դիրք ուներ: Գյուղի բոլոր տները այդ դիրքով էին շինված. մեկի կտուրը մյուսի բակն էր կազմում, և այսպես աստիճանաբար իջնում էին ցած, մինչև ձորի խորքը: Եթե ներքևից մարդ նայելու լիներ դեպի լեռան զառիվերը, կտեսներ, որ տները, միմյանց վրա շարված լինելով, ներկայացնում են մի մեծ սանդուղք, որ նույնպես աստիճանաբար բարձրանում է մինչև սարի կատարը: Ինձ շատ անգամ էր պատահել տեսնել, որ լեռնածին երկրներում համարյա բոլոր գյուղերի համար ընտրել էին այսպիսի անհարմար և անմատչելի տեղեր: Երևի, մշտական երկյուղը ստիպել էր խույս տալ հարթ դաշտերից և հովիտներից: Ի՜նչ հիանալի գյուղի տեղ կարող էր լինել այն ծովեզրյա գեղեցիկ մարգադաշտը, որ երևում էր մեր առջև: Երբ այդ մասին նկատեցին ռեսին, նա պատասխանեց.

— Մեր ծովը գժություններ շատ ունի. նա սովորել է լափել, կլանել իր եզերքի մոտ գտնված բնակությունները: — Հետո նա պատմեց հենց իր հասակում պատահած անցքերը, ոո ծովը բարձրանալով, որքան դյուզեր, անդաստաններ ծածկել էր ջրի տակ: — Իսկ հին ժամանակներում, — ավելացրեց նա, — ամբողջ քաղաքներ, բերդեր ու վանքեր են ջրասույզ եղել:

Ռեսը ծեր մարդ չէր. նա քառասուն տարեկան հազիվ կլիներ. թե՛ մորուքի և թե գլխի մազերի մեջ ոչ մի հատ ճերմակ չէր նշմարվում: Հաղթանդամ տղամարդ էր նա, որպես սովորաբար լինում են այդ երկրի լեռնցիքը, բավական համակրական և բարի դեմքով: Հագնված էր ճոխ և փառավոր կերպով, որից երևում էր, որ նյութապես ևս շատ հարուստ էր նա: Գոտիի մեջ խրած ուներ մի խենջար, փղոսկրյա կոթով, որի վրա քանդակած էին զանազան նկարներ` մի առյուծ, որ կռվում էր փղի հետ և մի կապիկ, որ երկյուղից փախել և ծառի վրա էր բարձրացել, և այնտեղից երկչոտ կերպով նայում էր կռվի հանդեսի վրա: Մեծ եղավ իմ զարմանքը, տեսնելով, որ ռեսի մոտ նստած ալևոր քահանան ևս իր գոտիի մեջ խենջար ուներ խրած: Քահանա և զե՜նք, դա ինձ շատ տարօրինակ երևաց: Մյուս բոլոր գյուղացոց մեջ ևս, որ շրջապատել էին մեզ, չէր կարելի գտնել մեկին, որ այդ զենքը չունենար:

Հենց առաջին անգամից իմ աչքին զարկեց և այն, որ ռեսը բնավ ստրկական ողջագուրանքով և անթիվ «բարով եք եկել»-ներով չձանձրացրեց մեզ, որպես սովորություն է տեսնել արևելքում: Նա բավական սառնությամբ ընդունեց մեզ: Մեկ ուրիշը այդ սառնությունը կարող էր վերաբերել կա՛մ նրա հպարտությանը և՛ կա՛մ նրա անքաղաքավարի կոպտությանը: Բայց ո՛չ այս, ո՛չ այն: Նա պարզ մարդ էր, սովոր չէր սեթևեթի, բացի դրանից, մեր անակնկալ հայտնվիլը նրան կասկածանք պատճառեց, մանավանդ որ մենք մեր մասին ծանոթություն չտվեցինք նրան: Նա ինքն ստիպված եղավ Ասլանի մասին հարցնել.

— Այդ պարոնը, երևի, ֆրանկ է:

— Ֆրանկ է, — պատասխանեց Մուրադը:

— Հայերեն իմանո՞ւմ է:

— Չէ իմանում,

— Ապա ի՜նչ լեզվով է խոսում:

— Թուրքերեն գիտե:

— Լավ է, մենք էլ շատ ու քիչ իմանում ենք այդ լեզուն. լուռ չենք մնա: Հետո նա դարձավ դեպի Ասլանը, հարցնելով.

— Դուք երևի, ընկուզենու կոճղ կամ մազեր գնելու համա՞ր եք եկած մեր կողմերը:

Ասլանը շփոթված մնաց այդ խոսքերից, թե ի՞նչը ստիպեց նրան այդ տեսակ հարց առաջարկել: Վերջը հասկացվեցավ, որ նրանք սովոր էին ֆրանկներ տեսնել միայն այն ժամանակ, երբ գալիս են ընկուզենու կոճղ կամ կանանց մազեր գնելու: Այստեղ ֆրանկների` այսինքն ֆրանսիացիների, անունով էին ընդունում ամեն մի եվրոպական հագուստ հագած բախտախնդիր մարդու, որ, օտար երկրներից գալով, մուտք են գործում այսպիսի աշխարհից անջատված և խուլ տեղերում, գյուղացիներին խաբելու համար:

— Ոչխարի և այծի ընտիր բուրդ է գտնվում մեր գյուղում, — ավելացրեց ռեսը:

— Ես վաճառական չեմ, — պատասխանեց Ասլանը, — ես բժիշկ եմ:

Բժշկի անունը մի ուրիշ տեղ կարող էր ընդհանուր ուրախություն պատճառել, բայց այստեղ ոչինչ ազդեցություն չունեցավ: Երևում էր, որ իրանց մաքուր օդի և ջրի շնորհիվ բժշկի կարոտություն չունեին:

— Իմ ընկերը վաճառական է, — ասաց Ասլանը, ցույց տալով Մուրադի վրա: — Նա ձեր ունեցած բաները կգնե:

— Այո, կոճղ և ոչխարի բուրդ կգնեմ ես, — ասաց Մուրադը, — բայց կանանց մազեր ինձ պետք չեն:

Ֆրանկները, բաղեշցի հայերն ու հրեաները սովորացրել էին դրանց այդ անբարոյականությանը` միօրինակ կերպով խուզել թե՛ իրանց ոչխարների բուրդը և թե՛ իրանց կանանց գլխի մազերը և վաճառքի նյութ դարձնել:

— Ինչո՞ւ մազեր չեք գնում, — հարցրեց այնտեղ նստողներից մեկը, — այստեղ շատ «աղվոր» մազեր կան, ճիշտ այնպիսի մազեր, որպիսին սիրում են ֆրանկները:

— Աղջի, մոտ ե՛կ, — ձայն տվեց նա կանանց շարքում կանգնած մի օրիորդի, որոնք հեռվից լսում էին մեր խոսակցությունը:

Ամոթխածությունից աղջիկը տեղից չշարժվեցավ. նրա մոտ եղող կանայք սկսեցին ծիծաղելով առաջ հրել նրան: Վերջապես, գլուխը քարշ գցած, ժպտալով, կարմրելով մոտեցավ նա: Չէր կարելի առանց հիացմունքի նայել նրա ոսկեգույն երկայն գիսակների վրա, որոնք հաստ հյուսերով իջնում էին մինչև կրունկները: Այս տեսակ խիտ և խարտյաշ մազեր ես տեսնում էի միայն այդ կողմերի լեռնցիների մեջ: Զարմանալի էր այդ մազերի բնական փայլը: Եթե լվացվեին նրանք, եթե սանրվեին, եթե նրանց վրա խնամք տարվեր որպես վայել էր, այն ժամանակ այդ տեսակ մազերը կարող էին կնոջ գեղեցկության ամենաթանկագին զարդը լինել:

— Որքա՞ն արժեն այդ տեսակ մազերը, — հարցրեց Մուրադը:

— Երկու ղուրուշ, միշտ այդ գնով ենք վաճառել, — պատասխանեց մազերի նմուշը մեզ ցույց տվողը:

— Երկու ղուրո՜ւշ, գիտե՞ք որքան է, մոտավորապես տասն կոպեկ: — Ասլանը վրդովվեցավ:

— Ամոթ չէ՞, որ այդքան չնչին վճարների համար դուք այլանդակում եք ձեր կանանց գլուխները:

Հանդիմանությունը ազդեցություն չունեցավ:

Նմուշը ցույց տվող գյուղացին բավական սառնասրտությամբ պատասխանեց.

— Այստեղ մազերը շատ շուտով են աճում, պարոն, այդ աղջկա մազերը երկու տարի չի լինի, որ կտրել են, այժմ նայեցեք, ո՜րքան աճել են:

Մազերի հարցը դեռևս երկար կարող էր զբաղեցնել մեզ, եթե գյուղացիներից մեկը երեխայի նման ձեռքը չտաներ դեպի Ասլանի ժամացույցի շղթան, հարցնելով.

— Այդ ի՞նչ բան է:

Ասլանը դուրս բերեց ժամացույցը և ցույց տվեց նրան:

— Մասնատուփ է, — շտապեց իր կարծիքը հայտնել քահանան, առանց մտածելու, որ այդ մարդը ո՛չ վարդապետ է և ո՛չ տերտեր, որ իր հետ հաղորդության մասնատուփ ման ածե:

— Ոչ, ժամացույց է, — նրա սխալը ուղղեց ռեսը, ավելացնելով, որ մի այդպիսի ժամացույց նա մի ժամանակ տեսել է Աղթամարի հոգևոր տերի մոտ:

Ռեսի վերջին խոսքը մի մեծ առհավատչյա էր Ասլանի անձնավորության նշանակությունը բարձրացնելու գյուղացիների աչքում, որովհետև այն իրը, որ կրում էր նա, իրանց երկրում ուներ միայն Աղթամարի կաթողիկոսը:

Ասլանը բաց արեց ժամացույցը, սկսեց բացատրել նրանց, թե ինչպես նրանով իմանում են ժամերը: Ամենքը հավաքվեցան նրա շուրջը և զարմացած նայում էին: Ավելի զարմացնում էր նրանց ժամացույցի ձայնը: Վերջը մի հանդուգն երիտասարդ խլեց Ասլանի ձեռքից, վազեց դեպի կանանց խումբը, որ նրանց էլ ցույց տա: Ես չկարողացա իմ ծիծաղը զսպել, տեսնելով, թե նրանք ինչպես խլխլում էին միմիանց ձեռքից, տանում էին դեպի իրանց ականջը և լսում էին ձայնը, տանում էին դեպի իրանց քիթը և հոտ էին քաշում: Բոլորովին հրաշք պետք էր համարել, որ ժամացույցը նրանց հետաքրքիր ձեռքերից ազատվելով, կրկին անվնաս իր տեղը հասավ:

Գյուղի նախիրը սկսել էր վերադառնալ արոտից: Շրջակայքը մի առանձին կենդանություն ստացավ բազմաթիվ անասունների բառաչմունքից, կովերը ծանրաբեռնված ստինքներով, հազիվ կարողանում էին շարժվել. գեր ու պարարտ ոչխարները, ահագին դմակների ծանրության պատճառով, նույնպես կորցրել էին իրանց կայտառությունը: Ես լսել էի, բայց այժմ միայն աչքով տեսա, որ այդ կողմերի ոչխարներից շատերի դմակները այնքան մեծ էին, որ կապել էին փոքրիկ սայլակների վրա, և այդ խեղճ անասունները, իբրև իրենց պարարտության մեղքը անհնարին դժվարությամբ քարշ էին տալիս իրանց ետևից: Վազվզում էին միայն թեթև այծերը: Ես առաջին անգամն էի տեսնում այդ տեսակ գեղեցիկ այծեր, երկայն, փափուկ և գանգուր մազերով: Այդ այծերի մազն է, որ տալիս է այն ընտիր շալեղեն գործվածները, որ արդյունաբերում է Ռշտունյաց աշխարհը: Մատակ ձիաները, իրանց սիրուն քուռակների հետ, կարծես ծովից դուրս եկած «հրեղեն նժույգներ» լինեին: Սիգալով, խրխնջալով, փոշի բարձրացնելով, այդ ուրախ մշտազվարճ անասունների երամակը, փոթորկի նման անցնում էր փողոցներից:

Ռեսը, ինչպես ճանաչում էր իր գյուղի բոլոր բնակիչներին, այնպես էլ ճանաչում էր համարյա բոլոր անասուններին: Առանց որևիցե նկատողության չէին անցնում նրա մոտից այդ անասունները: Ահա անցավ Ներսոյի մատակը.

— Ներսոյի մատակի երկրորդ ծնունդն է, այդպես չէ՞, — հարցրեց նա իր մոտ նստողներից:

— Պետք է երկրորդը լինի, — պատասխանում են նրան: — Աստված չար աչքից պահե, հիմակվա քուռակը շատ լավ ձի կդառնա:

— Իհարկե կդառնա, — նրանց կարծիքը հաստատում է ռեսը ավելի փաստական կերպով, — այդ քուռակի մայրը հինգ հարյուր տարվա ազնվության վկայագիր ունի, իսկ հայրը Ոստանի Խան — Մահմուդի նժույգն էր. կռվի ժամանակ այնտեղից ավար բերեց Ներսոն:

Ազնիվ արյուն ունեցող նժույգները, ազնվական մարդկանց նման, տոհմային վկայականներ ունեն այդ կողմերում, բայց մեզ համար այնքան հետաքրքրական չէր Ներսոյի մատակի ցեղագրություն, որքան Խան-Մահմուդի անունը, որ պատահմամբ հիշվեցավ:

— Ձեր գյուղացիք էլ մասնակցո՞ւմ էին այդ կռիվներին, — հարցրեց Ասլանը:

— Ինչպես չէ, — պատասխանեց ռեսը մի առանձին բավականությամբ, — բոլորը մասնակցում էին, մեծից մինչև փոքրը. մեր տերտերը իր մատները այն կռվի մեջ կտրեց: — Նա ցույց տվեց մեր մոտ նստած ալևոր քահանայի վրա:

Անցավ Օհոյի եզը: Խան-Մահմուդի կռվի պատմությունը ընդհատվեցավ:

— Օհոյի եզը ինչո՞ւ այդպես լղար է, հիվա՞նդ է, ի՞նչ է, — հարցրեց ռեսը:

— Հիվանդ է, — պատասխանեցին նրան:

— Խեղճ մարդ, աստծո փորձանքից չէ ազատվում այդ մարդը, — ասաց ռեսը դառնալով դեպի մեզ: — Այս տարի նրա եզներից երկուսը բարձր ժայռից գլորվեցան, և ոչ մեկը կենդանի չմնաց. այդ մեկն էլ հիվանդ է, հիմա նրա արորը բոլորովին անգործ մնացած կլինի:

Այդ ցավակցական խոսքերից հետո ռեսը հրամայեց, որ առավոտյան իր եզներից երկուսը տան Օհոյին, առ ժամանակ բանացնե, մինչև նրա եզը առողջանա, որպեսզի նրա արորը անգործ չմնա:

Գյուղացու ոչխարների հոտերին և նրա անասունների նախիրին նայելով, կարելի է նրա տնտեսական ապահովության մասին գաղափար կազմել, կարելի է նրա հարստության չափը իմանալ: Մի ամբողջ ժամ անասունները գալիս էին ու գալիս, բայց դեռ վերջ չկար: Ես ավելի համոզվեցա, որ այդ գյուղացիք նյութապես ապահովված մարդիկ են, երբ ռեսը ասաց.

— Այդ դեռ մեր անասունների մի մասն է միայն, իսկ մեծ մասը պահվում է հեռավոր արոտավայրերում. նրանց գյուղը կբերեն ձմեռը միայն:

Անասուններից հետո խումբ-խումբ վերադառնում էին բանվորները դաշտային մշակություններից. վերադառնում էր հնձվորը խոտհունձից, երկար գերանդին ուսին դրած, վերադառնում էր հերկավարը, իր արորը կամ գութանը առջևը ձգած, վերադառնում էր սայլավարը` լծած եզները կամ գոմեշները քշելով: Ամենքը ուրախ էին, ամենքի դեմքի վրա նշմարվում էր անսահման գոհունակություն: Ամենքը երգում էին, որպես զինվորներ, որ վերադառնում են հաղթության դաշտից և մի նոր քաղաք են մտնում: Բայց դրանք արյան հետ գործ չունեին, դրանք բնության և մայր երկրի հետ մաքառող զինվորներ էին: Որքան մոտենում էին գյուղին, երգերի ձայնը այնքան անուշ էր հնչվում: Ո՞վ է իմանում սրտերի գաղտնիքը, գուցե երգողը մի պաշտելի ուներ, որ այդ րոպեում, աղբյուրի մոտ կանգնած, ջրի սափորը մի կողմը դրած, խորին զմայլմունքով լսում էր ծանոթ ձայնը: Թո՛ղ այդ լսողը նրա կինը լիներ, նրա նշանածը լիներ, կամ նրա սիրուհին լիներ, այդ միևնույն է, բավական է, որ երգողը գիտեր, մի սիրող սիրտ անհամբերությամբ սպասում է նրա վերադարձին, որի կուրծքի վրա նա կարող էր հանգչել օրվա աշխատություններից հետո, և այդ ավելի ոգևորում էր նրան, ավելի ուժ և կյանք էր տալիս նրա ձանին:

Ես առաջին անգամ տեսնում էի մի այդպիսի ուրախ հասարակություն: Ինձ թվում էր, որ սպանիչ հոգսը, վիշտը, տառապանքը, որ այդ կողմերում ամեն մի գյուղացու ճակատագիրն էր, երբեք այդ գյուղին չէր մոտեցել: Ինչո՞վ ձեռք բերեցին նրանք այդ ուրախությունը: Ինչո՞վ հեռացրին իրանցից ավանդական լացը, կոծը ու արտասուքը: Ես այդ քննությունների մեջ չէի մտնում. ես մխիթարվում էի միայն, որ ամեն տեղ միշտ թշվառություններ տեսնելուց հետո վերջապես տեսնում էի մարդիկ, որ աշխատում են, գործում են և իրանց աշխատության արդյունքը ամենայն բավականությամբ վայելում են: Անգութ հարկահանը ծախել չէր տալիս նրա արորի եզները, իսկ քուրդ ելուզակը չէր հափշտակում նրա անասունների հոտերը:

Ռեսը և նրա մոտ նստողները, որ մինչև այժմ նկատողություններ էին անում անասունների վրա, այժմ սկսեցին նկատողություններ անել դաշտից վերադարձող մշակների վրա:

— Այդ Հակոյի տղան, ասում են, գժություններ շատ է անում, նրա ականջները պետք է փոքր-ինչ ոլորել, — ասաց ռեսը, ցույց տալով մի սրիկայադեմ պատանի, որը, իր գլխի քոլոզի վրա փաթաթած գույնզգույն թաշկինակների մեջ զանազան ծաղիկներ խրած, մեր մոտից հպարտությամբ անցնում էր:

— Մեզանից ո՞ր մեկը նրա հասակում գժություններ չէ արել, — ներողամտությամբ պատասխանեց քահանան: — Դեռ ջահիլ է, արյունը նոր է եփ գալիս, կմեծանա, խելքը գլուխը կգա:

— Այդ Վանեսի տղան, ասում են, գործի չէ գնում. այս առավոտ հայրը զոռով է դաշտը ուղարկել, — դարձյալ նկատեց ռեսը:

— Նա փոքր-ինչ ծույլ է, — վկայեցին ամենքը:

— Նա գոնե թող օրինակ առնե Մաթոսի տղայից, որ տասն հոգու հավասար է. մի օրվա մեջ, որքան ասեք, հնձում է: Նայեցեք, ամբողջ օրը աշխատել է, հիմա մի մեծ շալակ խոտ է բերում հորթերի համար:

— Թող աստծո աչքը վրան լինի, շատ աշխատասեր տղա է, — ձայն տվեցին ամենքը:

Այսպես, մեկի արժանավորությունները գովելով, մյուսի թերությունները պախարակելով, բարոյականության այդ վերահսկողները իրանց կարծիքը հայտնում էին յուրաքանչյուրի մասին: Իհարկե, մյուս օրը նրանք կլսեին, լավերը ավելի կխրախուսվեին, իսկ վատերը կուղղեին իրանց վարքը: Հարգանքը դեպի ծերը և նրա խրատները` այդ հասարակության մեջ` սրբագործված կանոններից մեկն էր:

Ռեսի տան դռան առջև մի ոչխար էին քերթում մեզ համար ընթրիք պատրաստելու: Բազմությունը հավաքված էր այնտեղ: Անկարելի էր որոշել, թե ո՛րն էր ռեսի ընտանիքին պատկանում և ո՛րն էր դրացին: Ամենքը առանց խտրության զանազան ծառայություններ էին կատարում:

Ամբողջ գյուղում արդեն տարածվել էր, որ օտար մարդիկ են եկել: Այդ նրանց համար մի մեծ նորություն էր, որովհետև օտար մարդկանց խիստ հազիվ անգամ էին տեսնում: Այդ պատճառով մեկ-մեկ գալիս էին, հեռվից ուշադրությամբ նայում էին մեզ վրա և, իրանց հետաքրքրությունը գոհացնելով, դարձյալ գնում էին: Ոմանք մոտենում էին և լուռ նստում էին մեզ մոտ: Եվ այսպես, մեզ շրջապատողների թիվը հետզհետե ավելանում էր: Ի՞նչ տպավորություն էինք գործում մենք այդ կղզիացած, ամեն հարաբերություններից կտրված գյուղացիների վրա` այդ դժվար էր որոշել, միայն նրանց առաջին հարցը լինում էր` «հայե՞ր են», և երբ դրական պատասխան էին ստանում, այն ժամանակ միայն սկսում էին ավելի մտերմաբար նայել մեզ վրա:

Արևը մտնելուց հետո երեկոյան զովը ցրտի փոխվեցավ: Այդ ցուրտը մեզ համար միայն զգալի էր, բայց գյուղացիք նրան այնքան սովորած էին, որ ամենքը դրսում էին ընթրիք անում, ամենքը դրսում էին պառկում, բաց օդի մեջ, և առավոտյան ցողը զովացնում էր նրանց թեթև անկողինները:

Գեղեցի՜կ էր գյուղական երեկոն այդ ծովեզրյա սարավանդի վրա: Խավարի մեջ անգամ նա սքանչելի տեսարան էր ներկայացնում: Բոլոր խրճիթների ճրագները վառվում էին: Գյուղի զառիվեր դիրքի համեմատ, այդ ճրագալույցը այնպիսի տպավորություն էր գործում, կարծես թե նրանք օդի մեջ էին վառվում և, աստիճանաբար դեպի վեր բարձրանալով, միախառնվում էին աստղերի հետ: Երկնքի լուսատուները չէին որոշվում գյուղական խրճիթի լուսատուներից:

Ցուրտը հետզհետե ավելի զգալի էր դառնում: Մենք խնդրեցինք ռեսից, որ ընթրիքը ներսում տան և մեզ համար այնտեղ քնելու տեղ պատրաստեն: Երբ կտուրից ցած իջանք, երբ մտանք տունը, մեր առջև ներկայացավ մի ստորերկրյա ընդարձակ բնակարան, զանազան բաժանմունքներով և զանազան սենյակներով, որոնց դռները բացվում էին միմյանց մեջ: Դա մի գետնափոր աշխարհ էր, որի մռայլ խորշերում կարող էին բնակվել բազմաթիվ ընտանիքներ: Եվ ռեսի ընտանիքը փոքր չէր: Դրսից, երբ դեռ մենք կտուրի վրա էինք գտնվում, ոչինչ չէր երևում, երևում էին միայն գմբեթաձև փոքրիկ բարձրություններ, որոնց յուրաքանչյուրի գագաթի վրա մի-մի երդիկ էր բացված` թե լույս ընդունելու և թե վառելու ժամանակ ներսից ծուխ դուրս տալու համար: Բայց երբ ներս մտանք, առաջին սենյակը, որ բացվեցավ մեր առջև, իր մեծությամբ կարելի էր այդ ստորերկրյա բնակարանի դահլիճը համարել: Երկու կարգ փայտյա հաստ սյուներ, վեցանկյունի տաշվածքով, զուգահեռաբար շարված էին միմյանց մոտ, մինչև դահլիճի վերջը, որ կորչում էր մթության մեջ: Սյուների յուրաքանչյուրի գլխին հագցրել էին նույնպես փայտյա մեծ խոյակներ, որոնք կրում էին իրանց վրա առաստաղի ահագին գերանները: Խոյակները զարդարված էին զանազան քանդակներով, որոնց մեջ երևում էր տեղային ատաղձագործի ճարտարությունը: Սյուները կանգնած էին քարե պատվանդանների վրա, որոնց հմուտ քարտաշը խիստ գեղեցիկ ձև էր տվել: Բոլոր սյուների կողքին ամրացրած էր մի-մի տախտակ, որ ձեռքի նմանություն ուներ, և նրանց վրա ճրագներ էին դրված: Ճրագները շինված էին կավից և աղավնու նմանություն ունեին, այդ թռչունների կտուցներից դուրս ընկած պատրույգները վառվում էին կտավատե ձեթով: Սենյակի այն մասը, որտեղ մեզ համար նստելու տեղ էին պատրաստել, բոլորովին լուսավորված էր: Բացի ճրագներից, սյուների վրա ամրացրած փայտյա կախաններից քարշ էին ընկած զանազան զենքեր և հրացանի պարագայք, քարշ էին ընկած նաև փոքրիկ զամբյուղներ, որոնց մեջ տեսակ-տեսակ իրեղեններ էին լցրած: Սյուների այդ բոլոր զարդարանքները լրացնում էին դեղին և ծիրանեգույն «անթառամ ծաղիկները», որ մեծ փունջերով կապած էին նրանց վրա: Այդ դահլիճից բացվում էին զանազան դռներ դեպի մյուս սենյակները, որոնք նույն ձևով էին շինված և ծառայում էին որպես մթերանոց, որպես ամբար, որպես մառան, և որոնք լի էին ամեն տեսակ բարիքներով: Տանտիրոջ բոլոր հարստությունը ակներև էր: Միևնույն բնակարանից մի առանձին դուռն տանում էր դեպի խոշոր, եղջերավոր անասունների ախոռատունը և դեպի ձիաների փարախը: Անասունները և իրանց տերերը սերտ դրացիության մեջ էին ապրում:

Գետնափոր խրճիթ ասելով, ես սովոր էի երևակայել գետնափոր խորշեր, որոնք գազանների որջից այնքանով են միայն զանազանվում, որքանով զանազանվում է կիսավայրենի մարդը գազանից: Բայց գետնափոր խրճիթը ևս ունի իր կատարելագործված ձևը, որի մեջ արհեստը և ճարտարությունը մեծ հառաջադիմություն են գործել: Մեր մտած խրճիթը այդ տեսակներիցն էր: Շինության ամբողջ կազմվածքի մեջ երևում էր մեծություն, զորություն և ահեղ ձեռքի ահեղ գործ: Շինության բոլոր պատերը կառուցել էին քարերից, բայց այդ քարերը ավելի ժայռեր էին, քան թե քարի մանր կտորներ: Հսկա կիկղոպները միայն կարող էին այդ ժայռերը միմյանց վրա շարել և իրանց համար բնակարան կառուցանել: Բայց կիկղոպները իրանց ամբարտակի ժայռերը չէին միացնում որևիցե շաղախով, իսկ այստեղ կրային շաղախը այնպես կապել էր ժայռերը միմյանց հետ, որ ահագին պատերը ձևացնում էին քարեղեն ամուր, միապաղաղ զանգված: Եվ այդ բոլորը կատարվել էր գետնի տակ, ուր արևի ճառագայթները երբեք չէին թափանցում, ուր մշտական մռայլի մեջ ապրում էր մի մռայլ ժողովուրդ և երկնքի լույսը տեսնում էր իր ստորերկրյա վիրապի նեղ երդիկից միայն:

Մռա՜յլ էր, մռա՜յլ... և այդ մռայլ մթությունը խիստ ճնշող, սարսափեցնող տպավորություն էր գործում: Մռայլ գույն էին ստացել ահագին պատերը, մռայլ գույն էին ստացել առաստաղի հաստ գերանները, մռայլ գույն էին ստացել փայտյա մեծ սյուները, մռայլ գույն էին ստացել և նրանց վրա կապված «անթառամ ծաղիկների» խոշոր փունջերը: Եվ այդ ներկը տվել էր բոլոր առարկաներին մշտական ծուխը, որ վեր էր բարձրանում մշտավառ կրակից: Դա տնային անհանգչելի օջախն էր, այն սրբությունը, որի անունով մինչև այսօր էլ երդվում է հայ գյուղացին: Այդ օջախը կազմված էր սենյակի կենտրոնում, որտեղ մխում էին մի քանի կտոր փայտեր, մխում էին, երբեմն աղոտ բոցեր և երբեմն մեղմ կայծեր արձակելով: Այդ օջախի շուրջը ձմեռային գիշերներում հավաքվում էր նահապետական գերդաստանը և տան ծերունին պատմում էր երեխաներին հայրերի գործը: Այդ օջախը փոխարինում էր երկնքի արեգակին, այդ օջախը լույս և ջերմություն էր սփռում մռայլ բնակարանին: Այդ օջախը վառվում էր միշտ, նրա կրակը երբեք չէր հանգչում: Այդ օջախը հիշեցնում էր ինձ Էտնայի մշտավառ կրակը, որտեղ կիկղոպները Արամազդի համար շանթեր էին դարբնում: Բայց ես այստեղ շանթեր չէի տեսնում, այդ կրակից միայն մեղմ կայծեր էին ցայտում... թեև այդ հրաբուխի մեջ նույնպես կիկղոպներ էին բնակվում...

Ռեսի ընտանիքը մեծ էր, մեծ էր, որպես նրա ընդարձակ բնակարանը: Այստեղ ապրում էին մի քանի սերունդ միասին` մեծ պապը, նրա որդիները, նրա թոռները և նրա թոռնյայքը: Տան սրահում քսանից ավելի օրորոցներ էին ճոճվում: Հարսներով, աղջիկներով, երիտասարդներով ու պատանիներով լի էր տունը: Երեխաները թիվ ու համար չունեին: Ռեսը իր տասնևմեկ եղբայրների միջնակն էր: Նույն թվի կեսի չափ քույրեր ուներ նա: Նրա մայրը դեռ կենդանի էր, իսկ հայրը երկու տարի առաջ վախճանվել էր հարյուր և հինգ տարեկան հասակում: Մեծ պապին ես չտեսա. նա գնացել էր մերձակա գյուղը իր աղջկան տեսնելու: Բոլոր եղբայրները ապրում էին անբաժան, միասին և նույն հարկի տակ, կրտսերը խոնարհվում էր ավագին: Իսկ բոլորի վրա իշխում էր մեծ պապը` գերդաստանի հայրապետը: Նայելով այդ ընտանիքին, ես մտաբերում էի մեր Հայկ նահապետի գերդաստանը, որ բաղկացած էր երեք հարյուր հոգուց: Այստեղ թեև այն թիվը չկար, բայց իր սպասավորներով, աղախիններով և ընդոծիններով նրա երրորդ մասը անպատճառ կլիներ:

Առանց հրավիրելու, մեզ հետ ընթրիք ուտելու եկան այն բոլոր անձինքը, որ կտուրի վրա ռեսի մոտ նստած էին: Դա մի առանձին պատիվ էր` թե՛ դեպի մեզ և թե՛ դեպի ռեսը, որ նրա հյուրերին միայնակ չէին թողնում: Սեղանը ճոխ էր և համադամ: Յուղը առատությամբ ծփում էր կերակուրների երեսին: Եթե կերակուրների բազմատեսակությունը և նրանց լավ պատրաստությունը կարելի է կրթության և ճաշակի մի որոշ չափ համարել, այդ կետից, զարմանալի էր տեսնել` այդ ստորերկրյա բնակարանում այն տեսակ կերակուրներ: Ամենքը սպասում էին քահանային, որ սեղանը օրհնե և ապա սկսեին ուտել: Մեզ շրջապատող խոշոր երևույթների համեմատ, սեղանի վրա ևս նշմարվում էր խոշորություն և մեծություն. պղնձյա խոշոր պնակների մեջ ածած էին կերակուրները, փայտյա խոշոր գդալներով ուտում էին խոշոր ժայռերի սրտում բնակվող խոշոր մարդիկը: Թե՛ կերակուրները և թե՛ հացը այնքան առատությամբ դրված էին սեղանի վրա, որ, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չէր մնացել: Այդ նրա համար էր, որ հյուրերը չամաչեին, չքաշվեին, որ ուտեին, որքան կամենում են, և դարձյալ մեծ մասը մնար սեղանի վրա: Այդ ամոթը ոչ այնքան շատակեր հյուրին, որքան տան տիրոջը կվերաբերեր, եթե նրա սեղանի մի փոքրիկ մասն անգամ բացվեր: Սեղանը միշտ պետք է ծածկված մնար ուտելիքների տակ: Ոտքի վրա` մեզ պատվելու համար` ծառայում էին տան հարսները, աղջիկները և պատանիները: Կատարյալ իրարանցում էր տիրում, երբ որևիցե պատվեր էին տալիս այդ ընտանեկան սպասավորներին. նրանցից յուրաքանչյուրը շտապում էր, որ ինքը կատարե հրամանը: Կանայք թեև մեզ հետ չէին խոսում, բայց, ուրիշ տեղերի հայ կանանց նման, երեսները չէին ծածկում: Աղջիկները և՛ խոսում էին, և՛ ծիծաղում էին: Ռեսի ընտանիքից, բացի նրա ավագ եղբայրներից, ոչ ոք սեղանի վրա նստած չէր: Կրտսեր եղբայրները, ձեռքները կուրծքի վրա խաչաձև դրած, անշարժ կանգնած էին և հրամանի էին սպասում: Կանանցից ոչ ոք սեղանակից չէր: Այդ սովորությունը պահպանվում է ոչ միայն այն ժամանակ, երբ սեղանի վրա օտար հյուրեր կան, այլև իրանց ընտանեկան շրջանում կինը տղամարդի հետ միասին չէ ճաշում: Նախ ուտում են տղամարդիկ և ապա կանայք: Չնայելով, որ հյուրերի թիվը այնքան շատ էր, որ դահլիճի մի ծայրից մինչև մյուսը բռնել էր, բայց դարձյալ նոր և նոր հյուրեր էին գալիս, ողջունում էին և լուռ նստում: Այդ ինքնակոչ հյուրերի համար նոր կերակուր էին բերում: Մուշից բերել տված գինին առատ էր. խմում էին մեծ գավաթներով և այնքան ախորժակով, որ ինձ հիշեցնում էին Հոմերոսի հերոսներին: Խոսում էին մեծերը և հասակավորները միայն և ավելի միջոց էին տալիս, որ մենք խոսենք: Ասլանը հարցրեց.

— Ի՞նչպես են ձեր հարաբերությունները քրդերի հետ:

— Վատ չեն, — պատասխանեց ռեսը: — Առաջ միմյանց հետ այնպես էինք, ինչպես շուն ու կատու, բայց հիմա այնպես ենք, ինչպես լավ դրացիներ: Մենք նրանց տունն ենք գնում, նրանք մեր տունն են գալիս, և մեր անասունները միասին միևնույն արոտատեղիներում են արածում: Երբեմն մեր գյուղացիներից ոմանք «զոմա» չեն գնում, իրանց ոչխարները հանձնում են նրանց, տանում են լեռների վրա, ամբողջ ամառը պահում են և աշնան վերջերում բերում, ողջ ու առողջ հանձնում իրանց տիրոջը: Ոչինչ վարձ էլ չեն ընդունում, երբ տերը առաջարկում է նրանց, ասում են` «հարևանություն է, այսօր ես եմ քեզ պետք գալիս, էգուց դու ինձ պետք կգաս»: Եվ այդպես էլ լինում է, երբեմն ձմեռը երկարում է նրանց անասունների ճարակը սպառվում է, մեր գյուղացիք բերում են նրանց անասունները, իրանց փարախներում պահում են, մինչև գարնան խոտը բուսնում է, հետո գալիս են, տանում են:

— Միշտ այդպե՞ս են եղել ձեզ հետ քրդերը:

— Առաջ այդպես չեն եղել: Առաջ մեր գյուղացին իր ունեցածի տերը չէր: Ինչ լավ բան որ տեսնում էին նրա մոտ կամ հայտնի կերպով հափշտակում էին, կամ գաղտնի կերպով գողանում էին: Ոչ միայն մեր անասունների, այլև մեր կանանց ու աղջիկների տերը չէինք...

— Ի՞նչպես եղավ, որ այժմ այդպես բարի դարձան քրդերը:

— Մենք ստիպեցինք նրանց բարի լինելու, — ժպտալով պատասխանեց քահանան: — Առաջ ինչ որ անում էին, ձայն չէինք հանում, համբերում էինք, կարծում էինք, որ այդպես լավ է, գուցե մեր խոնարհությամբ նրանց չարությունը խափանենք: Բայց որքան համբերեցինք, նրանք ավելի կատաղեցան: Սկսեցինք մենք էլ նույն կերպով վարվել նրանց հետ: Նրանք մեր մի ոչխարն էին գողանում, մենք փոխարենը տասն էինք գողանում: Նրանք մեր մարդու մի մատն էին կտրում, մենք մեր ձեռքն ընկած քրդի գլուխն էինք կտրում: Եվ ինչո՞ւ պետք է մեր մեղքը ծածկեմ. շատ անգամ բոլորովին անմեղ քրդեր, երբ մեր լեռների մեջ պատահում էին, բռնում էինք, և հանգստացնելով, թաղում էինք քարերի տակ: Այդ որ տեսան, քրդերը ավելի կատաղեցան: Մի քանի անգամ խումբերով հարձակվեցան մեր գյուղի վրա, բայց երբ փորձեցին, որ մենք հեշտ կուլ տալու պատառ չենք, այն ժամանակ իրանց չափը ճանաչեցին: Հիմա երկյուղից մեր գյուղի մոտովն էլ չեն համարձակվում անցնել. շատերը բարեկամացել են մեզ հետ, շատերն էլ մեր բարեկամությունն են որոնում...

— Եվ դուք հավատո՞ւմ եք նրանց:

— Հավատալու պետք չունենք. «սոխը որտեղ էլ տնկես, իր համն ու հոտը չի կորցնի». այդպես էլ քուրդը միշտ քուրդ կմնա: Բայց երբ նա տեսնում է, որ եթե ինձ մի վնաս հասցնելու լինի` անպատիժ չի մնա, սկսում է իր վարմունքների մեջ զգույշ լինել ինձ հետ:

— Տեղային կառավարությունը ի՞նչպես էր նայում ձեր վարմունքների վրա, երբ դուք սկսեցիք քրդերին քրդի ձևով պատասխանել, այսինքն, ուզում եմ ասել, երբ սկսեցիք նույնը անել, ինչ որ նրանք ձեզ հետ անում էին:

— Կառավարությունը եթե խելք ունենար` պետք է խրախուսեր մեզ, որովհետև մենք նրա գործը հեշտացնում էինք, անկարգներին պատժելով և խաղաղությունը վերականգնելով: Բայց նա սկզբում հալածեց մեզ, իր հին նախապաշարմունքով, թե «գավուրը» իրավունք չի պիտի ունենա մահմեդականին այն անել, ինչ որ մահմեդականը նրան անում է: Եվ եթե նա այնքան անզոր չլիներ, որպես է մեր կողմերում, կարող էր վնասել մեզ:

Քահանայի պատասխանը ավելի պարզեց ռեսը, ավելացնելով.

— Գիտե՞ք, պարոն բժշկապետ, մեր կառավարությունը փափուկ տեղերի փորփրողն է, երբ պինդ տեղը հասավ, բրիչը մի կողմ կդնե: Ինչո՞ւ մուդիրը, գայմագամը և դրանց նման այլ պաշտոնակալներ` քուրդ ավազակի, քուրդ մարդասպանի ետևից չեն ընկնում, որովհետև գիտեն որ եթե նրանց նեղացնելու լինեն, մի օր էլ իրանց տունը կողոպտված կտեսնեն, և իրանց գլուխն էլ իր տեղումը չի մնա:

— Քրդից, իրավ է, նրանք այդ երկյուղը կարող են ունենալ, բայց հայի՞ց...

— Հայից, ճշմարիտ է, չեն ունենա, բայց ոչ ամեն հայից... — պատասխանեց ռեսը վիրավորված եղանակով: — Ինչո՞վ ենք մենք պակաս քրդից: Այս րոպեում, եթե ձայն տալու լինեմ, ամբողջ գյուղը ոտքի կկանգնե, ուր որ ասելու լինեմ, կգնան, ինչ որ հրամայելու լինեմ, կկատարեն:

— Բայց մի գյո՜ւղ, լավ մտածեցեք, ի՞նչ բան է մի գյուղը...

Ասլանը կարծես աշխատում էր բարկացնել ռեսին, որ նա ավելի ասեր, ինչ որ չէր ցանկանա ասել:

— Միայն մի գյուղ չէ, պարոն բժշկապետ, — խոսեց նա դարձյալ զայրացած եղանակով, — մեր ամբողջ ծովեզերքի բնակիչները նույն հոգին և նույն սիրտն ունեն: Իհարկե, մենք այժմ այն չենք անում, ինչ որ առաջ անում էինք. մենք այժմ իզուր տեղը ոչ ոքին վնաս չենք տալիս: Եթե առաջ շատ անգամ բոլորովին անմեղ մարդկանց բռնում և մորթում էինք, այդ նրա համար էր, որ մեր թշնամիներին ցույց տանք, թե տեսե՛ք, եթե դուք չարություն կանեք, մենք էլ ընդունակ ենք նույնն անելու, լավն այն է, որ ո՛չ դուք անեք և ո՛չ մենք, այլ ապրենք միասին, որպես բարի դրացիներ: Եվ այդպես էլ եղավ. մեր ցույցերից հետո քրդերը բարեկամացան մեզ հետ, որովհետև նրանք գիտեն հարգել քաջությունը: Այժմ շատ դեպքերում, երբ նրանք կռիվ ունեն միմյանց հետ, մեր օգնությանն են դիմում:

— Իսկ եթե ձե՞զ հարկավոր լինի նրանց օգնությունը:

— Չեն խնայի:

Ես մտաբերեցի Թոխմախ-Արթինի առածը. «թուրքին ծեծի՛ր, հետը բարեկամացի՛ր» :

Ասլանը հարցրեց.

— Ինձ շատ զարմացնում է այն, թե ի՞նչ հրաշքով կատարվեցավ ձեր կյանքում այդ մեծ փոփոխությունը, որ դուք ձեր վաղեմի ստրկությունից (որը այլ բառերով սովորել էիք հնազանդություն և համբերություն կոչել) հանկարծ դուրս եկաք և սկսեցիք անձնապաշտպանության դիմել: Ո՞վ մտցրեց ձեր մեջ այդ միտքը և այդ հոգին: Ո՞վ սովորեցրեց ձեզ ընտրել զենքը որպես գլխավոր միջոց և գրավական՝ թե՛ թշնամու և թե՛ բարեկամի հետ խաղաղություն պահպանելու:

— Մենք այդ բոլոր փոփոխություններով պարտական ենք մեր սիրելի վարժապետին, — պատասխանեց ռեսը: — Նա բաց արեց թե՛ մեր աչքերը և թե՛ մեր կապված, կաշկանդված ձեռքերը: Նա մտցրեց մեր մեջ անձնապաշտպանության ոգին, սովորեցրեց բարեկամի հետ բարեկամ լինել, թշնամու հետ թշնամի, եթե չհաճի բարեկամանալ: Նա մեզ հետ քաջությամբ մասնակցում էր այն բոլոր գործերում, որ կատարվեցան վերջին տարիներում: Բայց ո՜րքան գործեր կատարվեցան այդ ժամանակներում... Ո՜րքան զոհեր տվեցինք մենք, մինչև կարողացանք փոքր ի շատե ապահովել մեր դրությունը... Աղետալի՜, շատ աղետալի՜ էին այդ ժամանակները... մենք միշտ արյունոտ ձեռքով էինք ուտում մեր հացը, եթե մի րոպե միջոց էինք գտնում ուտելու...

Վերջին խոսքերի ժամանակ ռեսի ձայնը դողդողաց, նրա այրական դեմքը ընդունեց խիստ տխուր արտահայտություն: Ասլանը իր հարցերով զարթեցրեց նրա մեջ անցած ժամանակների մոռացված հիշողությունները, որոնք որքան ցավալի էին, նույնքան և ուրախացուցիչ էին...

Ընթրիքը բավական երկար տևեց. նրանք սպասում էին «սիրելի» վարժապետին, որ գնացել էր մերձակա լեռան հովիվների մոտ և պիտի վերադառնար երեկոյան: Երբ տեսան, որ ուշացավ, քահանան օրհնեց սեղանը: Վերջին օրհնությունը լի էր մի շարք բարեմաղթություններով: Նա օրհնեց կերողներին, կերակրողներին, սեղանը պատրաստողներին, ոտքի վրա ծառայողներին, նրանց կենդանիներին և ննջեցյալներին: Նա օրհնեց և նրանց, որ ուտելու հաց չունեն, որ քաղցած են, և բարեմաղթում էր նրանց համար նախախնամողի ողորմածությունը: Նա օրհնեց բոլոր նեղյալներին և կարոտյալներին և ամենի համար լիություն ու անդորրություն էր խնդրում:

Երբ մեր սեղանը հավաքեցին, դրսում, սրահի մեջ, երկու առանձին սեղաններ պատրաստվեցան. մեկի շուրջը հավաքվեցան կանայք իրանց երեխաների հետ, իսկ մյուսի շուրջը հավաքվեցան ոտքի վրա ծառայող տղամարդիկ: Կանայք նստած էին մութի կողմում, իսկ տղամարդիկ` լույսի կողմում. կանայք լուռ էին, իսկ տղամարդիկ խոսում էին, ծիծաղում էին, հանաքներ էին անում, մի քանիսը մինչև անգամ սկսեցին երգել: Ես առաջին անգամն էի լսում լեռնցի հայի երգը, որ, իր սարերի մելամաղձոտ արձագանքի նման` կոտրատվում էր, կոտրատվում էր երկարաձիգ լե՜ — լե՜-ներով և ապա աստիճանաբար խլանում էր, և վերջին տխուր հնչյունները հանգչում էին երգողի սրտի խորքում:

Մեզ մոտ եղած հյուրերը քաշվեցան սենյակի պատերի տակը, վառեցին երկար չիբուխները, սկսեցին ծխել: Ճոխ ընթրիքից հետո հանգստություն էին վայելում: Խիստ օտարոտի էր նրանց նստելու ձևը այդ միջոցին. նրանք ավելի պառկած էին, քան նստած: Յուրաքանչյուրը ուսով պատին կռթնած, թևքի մի արմունկով հատակին հենված, ոտները կա՛մ մեկնել էր և կա՛մ ծնկները վեր բարձրացնելով` ոտներով մի տեսակ կամուրջ էր կազմել: Միայն ռեսը և քահանան ծալապատիկ նստած էին մեզ մոտ: Մյուսները կատարյալ ազատություն էին վայելում և իրանց նստվածքին ինչ ձև որ ուզում էին, տալիս էին: Անկարելի էր այդ միջոցին մոտենալ նրանց չիբուխներին և կրակ վառել. մի այսպիսի հանդգնության համար պատրաստ կլինեին արյուն թափել:

Մի քանի անգամ ևս հիշվեցավ «սիրելի» վարժապետի անունը. ամենքը զարմանում էին, թե ինչու այդքան ուշացավ նա, և ոմանք կասկածում էին` մի գուցե որևիցե վտանգ պատահած լիներ նրան:

— Նրա հետ ի՞նչ կարող է պատահել, — նկատեց հյուրերից մեկը, — նա այնպիսի մարդ է, որ ծովը կմտնե և ցամաք դուրս կգա:

Տեսնելով, որ այդքան անհանգիստ են վարժապետի մասին, Ասլանը հարցրեց, արդյոք գո՞հ են նրանից:

— Ի՞նչպես գոհ չլինել, պարոն բժշկապետ, — պատասխանեց քահանան, — նա ոչ միայն մեր երեխաների վարժապետն է, այլ մեր ամենի վարժապետն է: Մենք շատ բան սովորեցանք նրանից, այո՛, շատ բան... ոչ այնքանը միայն, որ մի քանի րոպե առաջ պատմեց ձեզ մեր հարգելի ռեսը:

Հայոց գյուղերում վարժապետը և շինական քահանան միշտ անհաշտ և հակառակ դիրքի մեջ են լինում միմյանց հետ, այժմ զարմանալի էր լսել քահանայից վարժապետի մասին գոհունակություն:

— Ի՞նչ սովորեցաք նրանից, — հարցրեց Ասլանը հետաքրքրությամբ:

— Շատ բան սովորեցանք, — կրկնեց քահանան համոզիչ եղանակով, — օրինակ, այսօր գիտե՞ք ինչի համար է նա գնացել սարը, մեր հովիվների մոտ. — այնտեղ պանիր են մակարդում, գնացել է տեսնելու, արդյոք իր պատվերների համեմա՞տ են մակարդում, թե ոչ: Նա սովորեցրեց մեզ բոլորիս նոր ձևով պանիր շինել: — Այդ պանիրը, որ հիմա կերաք, ի՞նչպես էր:

— Շատ պատվական պանիր էր:

— Այդ նրա սովորեցրած ձևովն է պատրաստված: Նա բժշկություն էլ է իմանում. երբ գյուղերում հիվանդներ են պատահում, նրան կանչում են, բոլորի մոտ գնում է, ոչ միայն հայերի, այլ մինչև անգամ քրդերի մոտ: Երբ փող են առաջարկում, նա վիրավորվում է:

— Բժի՞շկ է:

— Ո՛չ, այնպես, գրքեր կարդալով սովորել է, բայց մի լավ բժշկից ավելի է իմանում: Նա մեր երեխաների դասատվության համար էլ ոչինչ վարձ չէ ընդունում, ասում է` ինձ փող հարկավոր չէ, ինձ մի կտոր հաց տվեք ուտեմ և մի տեղ տվեք պառկեմ, այդքանն էլ բավական է: Մի խոսքով, զարմանալի անշահասեր մարդ է:

— Ուրեմն գյուղացիք սիրո՞ւմ են նրան:

— Իրանց հոգու պես: Նա մեր երկրագործական մշակությունների մասին ևս շատ օգտավետ խորհուրդներ է տալիս. ինչ որ նրա խորհրդի համեմատ ենք անում, տեսնում ենք, որ ավելի լավ է լինում, քան թե այն ձևով, որ մենք առաջ սովորել էինք մշակել: Անասունների հիվանդության դարմանն էլ է իմանում, անասունների ցեղը ազնվացնելու եղանակն էլ է իմանում: Տեսա՞ք մեր անասունները, ոչ մի տեղ մեր շրջակայքում մեր գյուղի անասունների նմանը չկա: Անդադար նոր և նոր գրքեր է բերել տալիս, կարդում է, ինքը սովորում է, և մեզ նոր բաներ է սովորեցնում:

— Ի՞նչ լեզվով են լինում այդ գրքերը:

— Չգիտեմ, այդքանը միայն գիտեմ, որ հայերեն չեն:

ՈՒրախալի էր լսել այդ բոլորը քահանայի բերանից: Որքա՜ն սխալ պետք է համարել այն կարծիքը, որ կազմվել է մեր գյուղացիների մասին, թե նրանք մոլեռանդ են, նախապաշարված են ուսման դեմ, կամ մինչև անգամ թշնամի են ուսման և հալածում են ուսուցիչներին: Ովքե՞ր են այդ հալածյալները, ովքե՞ր են գնում գյուղերը, ովքե՞ր են մտնում ժողովրդի մեջ: Ոչ մի օրինավոր կերպով պատրաստված մարդ, որ գյուղացուն պիտանի լիներ, և ոչ մի բարոյական մարդ, որ գյուղացու աչքում բարի օրինակ դառնար: Քաղաքի ուսյալների մրուրը թափվում է գյուղերի մեջ: Քաղաքի անպիտանը` գյուղում իրան պիտանի է համարում և հանձն է առնում գյուղացու կրթության գործը: Նա իր անբարոյական բարք ու վարքով զզվանք է հարուցանում ոչ միաքն դեպի իր անձը, այլ դեպի ուսումը, որ նա տալիս է: Անձնավորության մուրը քսվում է և գործի վրա: Գյուղացին սկսում է խիստ լոգիկապես դատել. «Եթե ուսումը այդ է, եթե ուսում առած մարդը այդպես կլինի, լավ է, որ որդիքս չփչացնեմ»... Ցույց տվեցե՛ք նրան բարի օրինակ, ցույց տվեցեք ուսման շոշափելի օգուտները և կտեսնեք, նա կսկսե սիրել թե՛ ուսումը, և թե՛ ուսում տվողին: Ես ուրախ էի, որ այդպիսի մի անգնահատելի անձն մեր խոսակցության առարկան էր:

Ռեսը բոլորովին այլ կետից սկսեց գնահատել վարժապետի արժանապատվությունները, ասելով.

— Նա որքան շատ ուսում ունի, որքան շատ բան գիտե, միևնույն ժամանակ, շատ քաջ մարդ է: Նա իմանում է լավ հրացան արձակել և մեր երեխաներին ևս սովորեցնում է նշան խփել: Նա իմանում է ծովում լավ լող տալ և մեր երեխաներին ևս սովորեցնում է ջրի հետ այնպես խաղալ, ինչպես ցամաքում: Ուրիշ ինչե՜ր չէ սովորեցնում նա. վազել, լայն փոսերի վրայից թռչել, սարերում պատի նման հարթ ժայռերից վեր բարձրանալ, քարի կամ երկաթի ծանր կտորներ ձեռքի վրա շարժել, գերանների կամ պարանների վրա ճախարակի նման զանազան պտույտներ գործել, թռիչքներ անել և այլն: Դրանք շատ հարկավոր բաներ են, մանավանդ մեր լեռների մեջ և մեր դրության մեջ: Մենք հրեշտակների հետ չենք ապրում. մենք գազանների հետ ենք ապրում. պետք է մարդ վազել գիտենա, երբ պատահում է փախչել և արագաշարժ ոտներ ունենա, երբ կամենում է բռնել:

Միայն սպարտական կյանքով ապրող մի հասարակության ներկայացուցիչը կարող էր ռեսի նման գնահատել մարմնամարզության առողջարար, կենդանացուցիչ և հոգին, միտքն ու մարմինը կազդուրիչ նշանակությունը, կարող էր հասկանալ և նրա նշանակությունը կյանքի պատահարների դեմ մաքառելու մեջ:

Թե՛ ռեսի, թե՛ քահանայի հայացքների մեջ և թե առհասարակ նրանց դատողության բոլոր ձևերի մեջ` խիստ ակներև կերպով երևում էր իրանց սիրած վարժապետի ազդեցությունը: Այդ մարդիկը բոլորովին այլապես էին վերաբերվում կյանքին և նրա պահանջներին, քան թե` որքան պատահել էր ինձ լսել հայ շինականի դատողությունը:

Զարմանալին այն էր, որ մեզ մոտ գտնված մյուս գյուղացիներն ևս բաժանում էին ռեսի հայացքները: Կյանքի անհրաժեշտությունները կարծես, ամենի համար պարզ էր: Յուրաքանչյուրը ցանկանում էր իր զավակին այնպես պատրաստված տեսնել, որ նա աշխարհի մարդ լիներ և նրա հարվածների տակ չընկճվեր, չխորտակվեր:

Սրահում լսելի եղավ ուրախաձայն աղաղակ.

— Բարո՜վ, Աբգար ախպար, բարո՜վ...

— Եկավ վարժապետը, — ասաց ռեսը նույնպես ուրախանալով:

Մեր ամենքի աչքերը դարձան դեպի դռները: Ծիծաղելով ներս մտավ մի բարձրահասակ, հաղթանդամ, ուրախադեմ երիտասարդ, անփույթ կերպով անցավ սենյակի միջով, ձեռքի երկար նիզակը դրեց մի անկյունում և ապա մոտեցավ մեզ: Իր հագուստով չէր որոշվում նա մյուս լեռնաբնակներից, նույնպես կուրծքը կիսաբաց, բազուկները հոլանի, թաղիքյա երկաթագամ տրեխները հագին, գլխի քոլոզը փաթաթած գույնըզգույն թաշկինակներով, և նրանց տակից արձակ թողած երկայն մազերը ծածանվում էին մերկ պարանոցի վրա: Որքա՜ն աշխատել էր նա նմանվել այն հասարակությանը, որի հետ գործ ուներ:

Նա նայեց մեզ վրա, և նրան տիրեց մի տեսակ շփոթություն... Ոչ սակավ շփոթվեցանք և մենք... Բայց իսկույն զսպելով իրան, ձեռքը մեկնեց նա Ասլանին, ասելով.

— Այս գյուղի վարժապետը` Աբգար Ոստանիկ:

— Բժշկապետ Քարլ Ռիսման, — ներկայացրեց իրան Ասլանը, հետո ծանոթացրեց մեզանից ամեն մեկին:

Նա նստեց քահանայի մոտ և, դառնալով դեպի ռեսը, ասաց.

— Լավ հյուրեր եք ունեցել: Ցավում եմ, որ չհասա ընթրիքին:

— Շատ սպասեցինք ձեզ, Աբգար ախպար, — պատասխանեց ռեսը, — ինչո՞ւ այդքան ուշացաք:

— Գիտեք, էլի՜... Երբ ես հովիվների մոտ եմ գնում, ամեն բան մոռանում եմ... նրանք էլ ինձ համար մի գառն էին մորթել, — պատասխանեց նա, աշխատելով սառնասիրտ ձևանալ, թեև նրա ձայնը զգալի կերպով կոտրատվում էր սրտի հուզմունքից...

Նա դարձավ դեպի Ասլանը.

— Ներեցեք, պարոն բժշկապետ, իմ անտեղի հարցասիրությանը, դուք ի՞նչ դեպքով անցաք մեր լեռների այդ խորքերը: Մենք խիստ հազիվ անգամ ենք պատահում այստեղ եվրոպացիների:

Ասլանը պատասխանեց, որ զանազան ուսումնական նպատակներով ճանապարհորդություն է անում. նրան հետաքրքրում է այդ կողմերի հնությունները, բացի դրանից, ցանկություն ունի ծանոթանալ այդ երկրի լեռնաբնակների կյանքի ու սովորությունների հետ, և շատ շնորհակալ կլիներ, եթե պարոն վարժապետը կարելույն չափ օգներ իրան:

— Մեծ ուրախությամբ, — պատասխանեց վարժապետը, — ես բավական ուսումնասիրել եմ թե այդ երկիրը և թե նրա բնակիչներին: Ես պատրաստ եմ իմ նկատողությունների տետրակը ամբողջապես ձեզ ընծայել, դուք կարող եք նրանից օգուտ քաղել:

— Շատ շնորհակալ կլինեմ, — պատասխանեց Ասլանը, — ի՞նչ լեզվով է գրված:

— Հայերեն:

— Այդ ոչինչ, ես թարգմանել կտամ: Բայց ինձ համար ավելի թանկագին կարող էին լինել ձեր բերանացի տեղեկությունները:

— Այդ մասին կխոսենք, շատ կխոսենք, ես, որքան կարող եմ, բավականաթյուն կտամ ձեր հարցասիրությանը: Դուք դեռ երկար կմնաք մեզ մոտ, պարոն բժշկապետ, մեր գյուղացիների ձեռքում երբ մի օտար հյուր է ընկնում, շուտով բաց չեն թողնում:

— Շնորհակալ եմ: Բայց շատ ցավում եմ, որ երկար մնալ չեմ կարող. ես առավոտյան պետք է ճանապարհ ընկնեմ:

— Այստեղից ո՞ւր պիտի գնաք:

— Աղթամարա վանքը, այնտեղի քանդակները տեսնելու համար:

— Հիանալի քանդակներ են, արժե տեսնել:

Վարժապետը խոստացավ, որ հենց այդ գիշեր կտա պարոն բժշկապետին նրա ցանկացած տեղեկությունները, քանի որ նա այդպես շտապում է:

Գյուղացիները, ինչպես երևում էր, իրանց վարժապետի վերաբերությամբ մի փոքրիկ փառասիրություն ունեին. նրանք ուրախանում էին, որ իրանց վարժապետը այնքան հմտություններ ունի, որ եվրոպացին անգամ կարոտում է նրա տեղեկություններին: Բայց նրանք մի այլ բան ևս սպասում էին վարժապետից, որ նա կսկսե եվրոպացու հետ մի ուսումնական վիճաբանություն և իր գիտությամբ բոլորովին կշվարեցնե և կկաշկանդե նրան: Այդ հաղթությունը ամբողջ գյուղին պատիվ կբերե: Այդ դեպքում, գյուղացին նայում է իր վարժապետի կամ իր քահանայի վրա, որպես իր գյուղի քաջամարտիկ գոմեշի վրա. երբ նա կռվի մեջ հաղթում է հարևան գյուղի գոմեշին, ամբողջ գյուղը տոն է կատարում: Բայց այդ վարժապետը խիստ համեստ էր. նա վիճաբանությունների մեջ չմտավ և չէր էլ ձգտում իրան ուսումնական ներկայացնելու: Նրա խոսակցությունն այնքան պարզ էր, այնքան ռամկական էր, որ կարծես երեխայությունից ծնվել, սնվել էր այդ լեռնականների մեջ: Բայց նույն ռամկական պարզության մեջ երևում էր մտքի և դատողության ուժ: Նա գյուղացիների փառասիրությանը բավականություն տվեց նրանով միայն, որ հետո սկսեց եվրոպացի բժշկապետի հետ նրա երկրի լեզվով խոսել: Թեև նրանցից ոչ ոք չհասկացավ, թե ինչ խոսեց. բայց ամենքն էլ շատ ուրախացան, որ նա օտար լեզուներ ևս իմանում է: Նրանք միշտ սովորություն ունեին` մյուս գյուղացիների մոտ իրանց վարժապետի մասին չափազանցություններ անելով պարծենալ, թե «մեր վարժապետը տասն լեզու է իմանում»:

Ո՞րտեղացի էր նա, ո՞րտեղից էր եկել, — ոչ ոք չգիտեր: Նրանք այդքանը միայն գիտեին, որ առաջին անգամ, երբ հայտնվեցավ, նա եվրոպական հագուստ ուներ: Հետո ամեն ինչ փոխեց, մինչև անգամ լեզուն ևս փոխեց, սկսեց նմանվել գյուղացիներին:

— Շա՞տ ժամանակ է, պարոն Ոստանիկ, որ այստեղ եք, — հարցրեց Ասլանը:

— Մի քանի տարի կլինի, — պատասխանեց նա:

— Եվ այդքան ժամանակ ձեր հայրենիքը չե՞ք գնացել:

— Երբեմն, ամառային արձակուրդների ժամանակ, գյուղացիները ինձ թույլ են տալիս գնալ՝ ազգականներիս տեսնելու: Տարվա մեջ երեք ամիս բոլորովին ազատ եմ ես: Մանավանդ, որ ուսումը այստեղ գլխավորապես ձմեռն է լինում, որովհետև տարվա մյուս եղանակներում երեխաները օգնում են իրանց ծնողներին նրանց տնտեսական աշխատությունների մեջ: Այդ ես թույլ եմ տալիս գլխավորապես այն նպատակով, որ իմ աշակերտները գործնականապես վարժվեն երկրագործական մշակություների մեջ:

— Ձեր բացակայության ժամանակ ո՞ւմն եք հանձնում ձեր պաշտոնը:

— Ես մի օգնական ևս ունեմ, որը իմ հասցրած աշակերտներիցն է:

Գիշերից բավական անցել էր: Ժամանակ էր հյուրերին հեռանալ: Գյուղացին զարթնում է արևից առաջ, հանգստանում է արևի հետ: Նա սովոր չէ անքնության մեջ վատնել գիշերային հանգստությունը:

Թեև ռեսի ճոխ և ընդարձակ տունը` թվով մեզանից մի քանի անգամ ավելի հյուրերի համար` թե՛ քնելու տեղ և թե՛ մաքուր անկողիններ ուներ, բայց, շինական սովորության համեմատ, մեզ հետ սեղանակից եղող գյուղացիները պետք է մեզ իրանց մեջ բաժանեին, որպեսզի տան տիրոջ համար ծանրություն չլիներ: Բավական երկար տևեց վիճաբանությունը մեր ընտրության մասին. յուրաքանչյուրը ցանկանում էր իր տունը տանել մեզանից ամեն մեկին, թեև մեր թիվը այնքան փոքր էր, որ ամենքին բավականություն չէր կարող տալ: Մտածում էին վիճակ ձգել: Այդ միջոցին վարժապետը մեջ մտավ, ասելով.

— Բարեկամներ, մեր բախտից մեր հյուրերը այնքան փոքր են թվով, որ ամենքիս բաժին չի հասնի. պարոն բժշկապետին ես կվեր առնեմ, իսկ մյուսներին թող տեր հայրը բաժանե, ինչպես որ կկամենա:

Մենք թվով չորս հոգի էինք` ես, Ասլանը, Մուրադը և Ջալլադը: Ամենքը համաձայնվեցան, որ Ասլանին, այսինքն պարոն բժշկապետին, վարժապետը տանե իր մոտ, որովհետև նրա լեզուն իմանում է, բացի դրանից, եվրոպական ձևով կահավորված սենյակ ունի: Ինձ վեր առեց տեր հայրը, Մուրադը մնաց ռեսի տանը, իսկ Ջալլադին տարավ մի այլ գյուղացի, որը տեղային եկեղեցու երեսփոխանն էր: