Կարճառոտ պատմություն
Առանց հեռագրի կամ մոտագրի, վերջերս, «Պուղու» դուռը բացեց ու, չհրավիրված-չհրավիրված, ներս գցեց իրեն հաստ շրթունքներով ու տռոզ-տռոզ գրպաններով մի մարդ։ Ես էի։
-Էս լավ է, Նոր տարվա շեմին մեզ նվեր կլինի բերած գրպաններում,- ուրախացան։ Բայց հիասթափությունը շուտ վրա հասավ։ Ոչ ճերմակ միրուք ուներ, ոչ բեղ ու մահակ։ Մտածեցին՝ հաստատ Ձմեռ պապի չէ ու նրա առաքյալներից էլ չէ։
-Ո՞վ ես...
Լռեց։
Նկատելով թղթերը՝ սկսեցին գուշակություններ անել։
-Կա-չկա՝ բանաստեղծ է,- ու հարցրին,- գրում-ջնջում ես։
Գլխով է անում։
Սկսում ենք զրուցել.
-Կին, երեխա, տուն-տեղ ունե՞ս։
Գլխով է անում։
-Այ մարդ, բա ամոթ չէ, լուրջ տղա ես երեւում, էդ ինչո՞վ ես զբաղվում, գրածդ ում է պետք։ Հիմա կյանքը փոխվել է։ Որ դու գրում ես, էդ երեխոցդ, կնոջդ ո՞վ պիտի պահի։ Գնա, գնա առուտուր արա, մի բան առ, մի բան ծախիր, քո գլուխն էլ պահիր, տունդ էլ։
Էլի ոչինչ չխոսեց։ Թղթերի մնացած կտոր-մտորներն էլ գրպաններից հանեց, նրանց աչքի առաջ տռոզ-տռոզ գրպանները նստեցին։ Ապա թղթերի մեջ նրանք մի ծրար գտան ու բացեցին վռազ։ Ահա թե ինչ էր գրված թղթին. «Սիրելի Պուղի, ներիր, որ նոր տարվա ուրիշ նվերներ չեմ բերել, եղած-չեղածը՝ այս բանաստեղծություններն են, եթե հարմար գտնես՝ տպիր։ Դոլարներս մոռացել եմ (չգիտեմ՝ Ամերիկայում, Անգլիայում, թե ուրիշ տեղ), թողել մի մեծահարուստ հովանավորի շալվարի գրպանում։ Որ ձեռքս ընկան՝ թանկ-թանկ նվերներով կգամ։ Եղածով բավարարվենք, մինչեւ... Սրտագին համբույրներով՝ Վարդան»։
-Հա,- մատը շուրթին տարավ Պուղին,- ուրեմն՝ էս մարդը եղել է իմ առաջին խմբագիրը։ Հին ծանոթներ ենք։ Էս ինչքա՜ն է փոխվել։ Լավ բան չստացվեց...
Շտապեցին, որ հետ կանչեն, գոնե մի բաժակ եփած ջուր տան (թթի օղուց ալերգիա ունի), բայց այդ մարդը, որ ես էի, արդեն գնացել էր։