Jump to content

Մեկնություններ, փաստեր, ճշգրտումներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

(Հերքողական)

Վերջերս մի հնաբույր բոխչայի մեջ, որը թաղված էր գետնի տակ, Շոշ գյուղից ոչ հեռու, գտնվել են Պուղու կյանքին վերաբերող մի քանի հին ձեռագիր, որոնցից ոչինչ ջոկել-կարդալ հնարավոր չէր։ Բարեբախտաբար մի կերպ ընթերցեցինք «ծնվ. 1731» եւ «մահ. 1800» թվերը, հավանաբար՝ Պուղու ծննդյան եւ մահվան թվերը։ Դրանք համադրեցինք Պուղու շիրմաքարի վրա գրված տողերին. «Այստեղ հանգչում է...» եւ այլն։ Բայց այս բոլորը կասկած հարուցեցին, ստիպված եղանք դիմել իր՝ Պըլը-Պուղու օգնությանը։ Ձեռագրերը տրամադրեցինք նրան։

Պուղին մեզ գրավոր ներկայացրեց իր կարծիք-մեկնությունը։ Ահավասիկ. «Սկսենք վերջին նախադասությունից։ Սխալ է։ Նախ՝ ասենք, որ Պըլը-Պուղու կրակը դեռ վառվում է Քիրսի լանջին ու ամբողջ աշխարհին լույս է տալիս, հետեւապես՝ «հանգչում է» միտքը տեղով մեկ սուտ է, մոխիր է փչում մարդկանց աչքերին։ Իսկ որ ասում է՝ ֆոլկլորի վարպետ, դա տեղին է, բայց՝ միայն ֆոլկլորի վարպե՞տ...

Պուղու թաղված լինելու մասին՝ Շոշ գյուղի մոտ, մի քարայր անձավում։ Պուղին մեռե՞լ է, որ թաղված լինի, սա ինչ հերյուրանք է։ Ապա՝ «ծնվել է 1731թ. եւ մահացել 1800 թվականին։ Սրանք միայն նրա ծննդավայրի թվերն են, որքանով են հավաստի, բայց, ընդհանրապես, Պուղին ծնվել է մեր ժողովրդի հետ, նրա հետ էլ հավերժ ապրում է»։

«Պըլը-Պուղի» հանդեսի խմբագրությունը համակարծիք է մեծ իմաստուն - զվարճախոսի հետ։

Երբ իմ գլխում միտք ծագեց երգիծական հանդես բացելու մասին, առաջն մարդը, որի հետ կիսեցի խոհերս, Հրաչյա Բեգլարյանն էր։ Ասի՝ հանդեսի անունն էլ ուզում եմ «Պըլը-Պուղի» դնել։ Ծիծաղեց։

-Ի՞նչ է պատահել, Հրաչ...

-Ոչինչ,- ու էլի ծիծաղում է,- քեզ սազում է նման հանդես խմբագրել։

-Այսինքն...

-Դեհ, չնեղանաս, ձեր գյուղում ձերոնց ի՞նչ են ասում,- ու էլի ծիծաղում է։

-Հասկացա,- ժպտում եմ,- մերոնց ասում են՝ պըլըվարի... Խենթեր...

-Ստեղծիր հանդեսը, ճիշտ ես մտածել, դու էլ խմբագիր,- ասում է,- կսազի քեզ...

Հիմա արդեն երրորդ տարին է, ընթերցող, դու հանդիպում ես «Պըլը-Պուղուն», կիսվում նրա հետ, նրա հետ ծիծաղում։

Վերջերս Հրաչյա Բեգլարյանը գրեց մի գիրք. «Պըլը-Պուղի»։ Կարդացի, տեսա՝ ինքն էլ է... ոնց որ մեր ցեղից... Այսինքն՝ ինչքան էլ «տակն են տալիս», թե այս բանը կարելի է, այս բանը չի կարելի, մեկ է, իր ձին է քշում, ճշմարտությունը շրմփացնում երեսին... Եվ չնայած մեր օրերում ոչ մեկը առանց կռվի պաշտոն չի հանձնում (եղբորն անգամ), ես Հրաչյայի հետ, փոխըմբռնման պայմաններում, զրույց անելուց հետո «Պուղու» գլխավոր խմբագրի պաշտոնը հանձնեցի նրան։

- «Պուղու» գդակը միշտ բարձր կպահես...

Զրույցի վերջում ճոխ ճաշկերույթ չտրվեց, իհարկե, քանի որ լճացման տարիներից մնացածը վերջացել է վաղուց։ Ընդամենը մեկական բաժակ թթի օղի խմեցինք ու «Պուղու» նոր համարից հոտ քաշեցինք...

Խմելուց հետո Հրաչիկը մի քիչ մտածեց ու ասաց.

-Գիտե՞ս, Վարդան, կարող է մենք նույնիսկ բարեկամ էլ ենք... Ինձ էլ են պել (խենթ) ասում... Իմ պապերը Հադրութի շրջանից են եկել...

-Շնորհավորում եմ,- ասում եմ ԳՄ անունից եւ ԳՄ անունից էլ օղու վերջին բաժակը դատարկում։

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Պըլը-Պուղու» հիմնադիր - խմբագիր

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. - Շնորհակալության մասին մեզ ոչինչ հայտնի չէ։ Միայն թե գիտենք, որ վերջում «Պուղու» հիմնադիր-խմբագիրն ու նոր խմբագիրը, բաժակաճառերի փոխարեն բաժակներ են փոխանակել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումը, որը նախատեսվում է Հրաչյայի «Պըլը-Պուղին» տպվելուց հետո ոչ չեզոք գոտում, դարձյալ փոխըմբռնման բարձր մթնոլորտում անցկացնել։