Jump to content

Կտակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՏԱԿ


Դե գրի, տեր հայր։ «Յանուն հօր և որդոյ...»
(Այսպես անիրավ բա՞ն եք տեսել, տո.
Կյանքս մաշելով փող դիզեմ այսքան,
Հիմի իմ ձեռքով տամ սըրան-նըրա՞ն...
5 Բայց դե ի՞նչ անեմ, հետս ո՞ւր տանեմ...
Գոնե այս վերջին առուտուրն անեմ,
Գուցե կաշառեմ աստծուն ու ազգիս,
Սրանով փրկեմ անունս ու հոգիս...)։
Դե, գրի, տեր հայր։ Ուշքս դեռ վրես,
10 Կտակ եմ անում իմ ազգիս այսպես։

Ամենից առաջ ես իմ կըտակում
Իմ մեռած եղբոր որդոցն եմ զրկում.
Կտակ եմ անում, որ նրանք երբեք
Չուտեն իմ փողից և ոչ մի կոպեկ։
15 Զուր տեղը իմ դեմ դատ էին բացել,
Թե իրանց բաժնին ես եմ տիրացել.
Լավ էր, որ հազիվ պրծա կաշառով,
Մարդիկ էլ տեսան՝ ընկել եմ շառով...

Գրի մեր ժամին մի հարյուր թուման,
20 Հետն էլ այսպիսի մի անխախտ պայման,
Որ եկեղեցու գավթում ինձ թաղեն,
Կնոջս համար էլ կողքիս տեղ թողեն,
Տարին հինգ անգամ պատարագ անեն,
Հոգիս անպատճառ դրախտը տանեն.
25 Սրանից հետո հոգան ինձ վըրա,
Հոյակապ արձան դնել մարմարյա,
Ոսկի տառերով վըրան փորագրած,
Թե ազգիս համար ինչեր եմ արած։

Վանքի դպրոցին գրի մի գումար,
30 Որ իմ անունով, իմ հոգու համար
Որդեգիր պահեն նըրա տոկոսով.
Ամեն տարի գան խմբով, հանդիսով,
Դամբանիս վրա գովք ու ճառ ասեն,
Ազգի մեծերի շարքում ինձ դասեն,
35 Պատկերս էլ կախեն դըպրոցի պատից,
Թեկուզ մի քիչ ցած մեր հայրապետից։

Ապա այն տունը (որ կեղծ թղթերով,
Հոգիս սևելով, սըտով ու զորով,
Իբրև պարտքի տեղ, առա այն խեղճից
40 Ու իրան լալով դուրս արի միջից...),
Իմ հոժար կամքով, իմ վերջի օրին
Այն էլ տալիս եմ մեր Մայր Աթոռին,
Որ Վեհափառը գըրի մի կոնդակ,
Անունս սփռի աշխարհ բովանդակ
45 Եվ ինձ օրհնանքի այնպես մի գիր տա,
Որ երկընքումն էլ աստված հավատա...

Դրանից հետո մի գումար գըրի
Հօգուտ մեր ազգի խեղճ ու որբերի
Ընկերությանը բարեգործական,
50 Որ գլուխն անշարժ մնա հավիտյան,
Նըրա տոկոսը մեր մեծ տոներին
Բաժնեն (իմ զրկած) խեղճ ու որբերին,
Ամեն մեկին տան մի-մի աբասի,
Որ ուտի— հոգուս ողորմի ասի։

55 ― Հապա, օրհնըված, տանու տերտերին
Ժամոց չե՞ս տալիս քո հոգու խերին.
Քանի վախտ ունես, այդ էլ ասա շուտ...
Ասա՝ տանըցիք տան լավ կողոպուտ,
Ոսկի սհաթըդ, նոր շորերըդ տան,
60 Որ հեշտ անց կենաս դուռն արքայության...
— Լավ, տեր հայր, այդ էլ քեզ եմ կտակում,
Որ ինձ միշտ հիշես քո պատարագում,
Դագաղիս վրա մի քարոզ ասես,
Թե ինչ հոգեսեր, մեծ մարդ էի ես...

65 Այս կտակն արավ հայ բարերարը
Ու մեռավ գնաց այն մյուս աշխարհը.
Միշտ երախտագետ մեր ազգը հայոց
Նրան հըռչակեց ազնիվ բարեգործ,
Իր ժամի գավթում թաղեց ու մարմար
70 Արձան կանգնեցրեց իր գործքին հարմար
Վըրան էլ գրեց պերճ տապանագիր.
— Ո՜հ, վսեմ հոգի, դու խաղա՜ղ հանգիր
Թեև դու մեռար, բայց միշտ քո հոգին
Հըսկում է բարձրից քո թըշվառ ազգին։

75 Բայց երբ որ գնաց այն մյուս աշխարհը,
Եվ ուզեց մըտնել արդարոց շարը,
Հանեց օրհնանքի տարած պատճենը,
Տերն մեր կարդաց ու գըցեց դենը,
— Քո սիրտը հանիր, ասաց, հողեղեն,
80 Այնտեղ են գրված գործերըդ ամեն։
Եվ մարդու սիրտը կարդաց մեր տերը,
Ուր տըպված էին նըրա գործերը.
Կարդաց չա՜ր գործեր,— նաև կըտակը,
Եվ... իսկույն ղրկեց դժոխքի տակը։

1899