Jump to content

ՀՍՀ/Աբաշիձե (Իրակլի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբաշիձե (Գրիգոլ) Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբաշիձե (Իրակլի)

Աբաշիձե (Վասիլի)


ԱԲԱՇԻՁԵ Իրակլի Վիսարիոնի (ծն. 1909), վրացի սովետական բանաստեղծ և գրականագետ։ ՎՍՍՀ ԳԱ ակադ. (1960)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է նոյեմբերի 10(23)-ին, Քութայիսի նահանգի Խոնի գյուղում։ Վրաստանի գրողների միության վարչության նախագահ (1953–67)։ Վրացական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ Տպագրվել է 1928֊ից։ «Նոր բանաստեղծություններ» (1938) ժողովածուն, «Ծաղկում է Գուրիան», «Որսորդների գիշերը», «Հնձի երգը» (1950–1951) բանաստեղծությունների շարքերը տոգորված են հայրենասիրությամբ, աշխարհը վերափոխող մարդու հույզերով։ Ա֊ի գրականագիտական քննադատական աշխատություններում արծարծվում են վրաց ժամանակակից գրականության զարգացման խնդիրները։ «Պաղեստին, Պաղեստին. Ռուսթավելու հետքերով» շարքի համար արժանացել է Ռուսթավելու անվ. մրցանակի (1966)։ «Գանգեսի ափին» բանաստեղծությունների ժողովածուի և հնդկ. թեմաներով ստեղծած այլ երկերի համար արժանացել է Ջ. Ներուի անվ. մրցանակի 1970–71-ի դափնեկրի կոչման։ Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։ ՍՍՀՄ IV–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Երկ. Բանաստեղծություններ, Ե., 1958։ Պաղեստին, Պաղեստին. Ռուսթավելու հետքերով, Ե., 1966։ პალესტინა, პალესტინა!… რუსთაველის ნაკვალევზე, თბ., 1963; რჩეული, თბ., 1969.