ՀՍՀ/Անիհիլացում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անիկուշին Հայկական Սովետական Հանրագիտարան

Անիհիլացում

Անիմալիստական ժանր


[ 416 ] ԱՆԻՀԻԼԱՑՈՒՄ (լատ. anihilatio – ոչնչացում, անհետացում, <ad – դեպի + nihil – ոչինչ), մասնիկի և նրան համապատասխանող հակամասնիկի փոխակերպումը էլեկտրամագնիսական ալիքների՝ ֆոտոնների կամ ուրիշ մասնիկների՝ այլ բնույթի ֆիզիկական դաշտի քվանտների։ Հայտնի օրինակ է էլեկտրոնի և պոզիտրոնի Ա., երբ առաջանում են երկու ֆոտոններ։ Դիտվում է նաև նուկլոն հականուկլոն Ա., որի հետևանքով առաքվում են մեզոններ։ Եթե Ա. ընթանում է վակուումում, ապա, համաձայն էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքների, առաջացած մասնիկների նվազագույն թիվը պետք է լինի երկու։ Իսկ եթե Ա–մանը մասնակցում է որևէ երրորդ մարմին (օրինակ, երբ էլեկտրոնը գտնվում է ատոմում կամ նուկլոնը՝ միջուկում), ապա հնարավոր է Ա. մեկ մասնիկի առաքմամբ։ Ա–ման տեսական ուսումնասիրությունը կատարված է միայն էլեկտրամագնիսական փոխազդեցությունների համար։ Տեղի ունի նաև Ա–ման հակառակ պրոցես՝ զույգի առաջացում, երբ էլեկտրամագնիսական կամ այլ դաշտերի փոխազդեցության հետևանքով միաժամանակ առաջանում են մասնիկ և հակամասնիկ։ Ա–ման և զույգերի առաջացման հնարավորությունը, ինչպես և հակամասնիկների գոյությունը կանխագուշակել է Պ. Դիրակը, 1930-ին։ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո–Կյուրիները 1933-ին մագնիսական դաշտում տեղավորված Վիլսոնի խցիկում դիտել են ռադիոակտիվ աղբյուրից գամմա–քվանտներով էլեկտրոն–պոզիտրոն զույգի առաջացումը։ Է. Չուբարյան