Jump to content

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

[խմբագրել]
(3 փետրվարի, 1998թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։

Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը։

Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն։

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց ե՛ւ Իսրայելում, ե՛ւ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը եւ անցկացնել նոր Նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ։ Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը եւ արտաքին վարկի պահպանման գրավականը։

Նոր Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ եւ ի բարօրություն մեր ժողովրդի։

Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության եւ աջակցության համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան եւ մնում են իմ կողքին։

Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր։

Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Բարին ընդ ձեզ։

«Հայաստանի Հանրապետություն», 4 փետրվարի, 1998 թ.։
ՀՀԱՆԱ, 28/03.02.98։ Բնագիր։ Ինքնագիր։