Հայոց ապաբախտ գըրողը նըստած...
* * *
Հայոց ապաբախտ գրողը նըստած
Ու միտք էր անում.— ինչ անեմ, աստված,
Թերթը փող չունի,— վարձ չի վըճարում,
Գիրքն առնող չունի,— գիրք չի վաճառվում,
5
[Անվարձ ու անհաց] ես ի՞նչպես գըրեմ.
Սակայն... բան չըկա, պետք է համբերեմ.
Երբ որ լրանա 40 տարի,
Ազգը հոբելյան պիտի կատարի։
— Կախարդական այն աշխարհում երջանիկ,
10
Ուր ապրում են երազները...
— Էդ ի՞նչ ես նըստել, այ... մարդ
. . . . . . Անհոգ ու անդարդ,
Եկել են ահա ձմեռվան օրեր,
Պետք են մեզ պաշար, ձմեռվա շորեր։
15
— Ինձ մի՛ խանզարիր, հեռացիր, ա՛յ կին.
Կըլինի անշուշտ ամենն իր կարգին.
Դու միայն սպասիր 40 տարի...
Ազգը հոբելյան պիտի կատարի...
— Կախարդական այն աշխարհում երջանիկ,
20
Ուր ապ...
— Հայրի՜կ, ներս մըտավ ուսանող որդին.
Ի՞նչ ասեմ հիմի ես իմ վարպետին.
Ասում էր՝ էգուց էլ դպրոց չըգա,
Ով փող չըբերի, ուսման վարձը տա։
25
— Հա՛, որդի, կըտանք, իրավ ես ասում.
Վարպետն էլ է մարդ, ապրել է ուզում...
Բայց թող սպասի 40 տարի...
Ազգը հոբելյան պիտի կատարի...
Ո՞րտեղ մնացի... ա՛յ քու վարպետը
30
[Ջըհանդամ] գընա, հենց դու էլ հետը...
«Կախարդական այն աշխարհում երջանիկ,
Ուր ...»։
— Պարոն, դուք երբ որ ունեիք կարիք,
Էնքան բան թողի ես ձեզ ապառիկ.
35
Ախար չէ՞ մեղք ենք... մենք էլ ենք ձերը,
Դռան մեջ կանգնեց խանութի տերը։
— Հա՛, կըտամ, կըտամ... ի՞նչ ես խանգարում,
Տեսնում ես՝ նըստած [ես բան] եմ գըրում...
Գընա, սպասիր 40 տարի...
40
Ազգը հոբելյան պիտի կատարի...
— Ո՞րտեղ մնացի... ի՞նչ էի գըրում...
Ի՞նչ եք ներս գալիս մարդու խանգարում...
«Կախարդական այն աշխարհում...»։
— Շատ համբերելուց կըտըրվեց չարես,
45
Քո պարտքը, ախպեր, պիտի վըճարե՞ս,
Թե՞ հենց միշտ էդպես հայոց գըրողը
Պիտի կըլանի ձեռն ընկած փողը...
[— Գրում եմ, ախպեր, հանգիստ թող արա,
Չի կորչիլ տված փողդ ինձ վրա.]
50
Դե գոնե սպասիր ... 40 տարի—
Ազգը հոբելյան պիտի կատարի...
Ի՞նչ եղավ [թուղթս] գրիչս... ո՞ր կողմը կորավ...
Էսպես էլ մարդի՞կ կըլնեն անիրավ...
«Կախ...»։
55
Հոգին էլ էստեղ հասավ բերանը,
Ու մեծ գըրողը կանգնեց դռանը.
— Դեհ, ժամը հասավ, պատրաստվիր, պոետ,
[Տենչերդ] հավաքիր ու արի ինձ հետ—
Վա՛հ, այսպես անժամ... դրամաս հապա՞...
60
[Ցնորք, ծրագիր,] ուսում... Եվրոպա...
Հըրեշտակն այստեղ այնպես ծիծաղեց,
Խեղճ մարդը, իսկույն դալկացավ, պաղեց...
Եվ էլ չըսպասեց 40 տարի...
Ազգը մեծ թաղում պիտի կատարի։