Jump to content

Հատվածներ չգրված պոեմից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՊԻՔԱԿԱՆ ՖՐԱԳՄԵՆՏՆԵՐ
      ՀԱՏՎԱԾՆԵՐ ՉԳՐՎԱԾ ՊՈԵՄԻՑ
ՊՐՈԼՈԳ (ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԻԱՆՏ)



Լեֆյան թմբուկը թողած մի կողմ,
Հատվող տողերը նետելով դեն,
Կրկին խրթի՛ն մի ու խոր դողով
Առնում եմ յամբ ես ու քողաղոտ,
5 Որ մեր պայքարը քնարերգեմ։ —
Ինչքա՞ն ջրեր են արդեն հոսել
Այն թեժ օրերից, երբ ամենուր
Տեսնում էր մարդը միայն սուսեր,
Շողշող սուսեր ու շողշողուն հո՛ւր։
10 Երբ որոտներին ընտելացած
Լսում էր մարդը միայն թնդյուն,
Եվ յուրաքանչյուր զրույցի ձայն
Թե՛ ավելորդ էր թվում, թե՛ թույլ։
Երբ երգը պիտի լիներ շառաչ
15 Եվ պոետը լոկ պիտի կանչեր,—
Հիմա փոխվել է մեր առօրյան,
Եվ ինքս, ի՛նքս — արդեն այն չեմ...
Այն չե՛մ այլևս, այո՛, ես է՛լ,—
Արդեն փոխվել ես և դու, քնա ր,
20 Եվ առավոտը քո ոսկեվառ,

Քn առավոտը երազասեր —
Արդեն անցել է։— Մեր դեմ հիմա
Արդեն փռվում է հորիզոն գորշ
Եվ թախիծո՛վ եմ ես ակամա
25 Նայում իմ շուրջը։— Սակայն սիրո՛վ,
Սիրո՛վ եմ ահա ես ողջունում
Այս հեռաստանը, բացված մեր դեմ,
Եվ խնդությամբ եմ ես ընդունում
Կյանքիս կեսօրը երկաթադեմ։—
30 Հիմա նայում եմ ահա ես ետ,
Չափում ուղին քո արդեն անցած,—
Ահա երգերը քո սեթևեթ
Ու պոեմները մետաղաձայն...
Ինչքա՜ն, ինչքա՜ն են նրանք, գիտե՜ս,—
35 Շնորհակա՛լ եմ ես քեզանից,
Թեկուզ եղել ես թեթևամիտ,
Բայց աշխատել ես... Թե մեզանից
Միշտ ավելի՛ն են մարդիկ ուզել —
Նշանակում է դո՛ւ էլ, ես է՛լ
40 Դեռ թերացել ենք երևի քիչ,
Եվ դեռ չե՛նք տվել կյանքում մենք այն,
Ինչ կարող էինք գուցե մենք տալ․․․

Հիմա դիմում եմ ես քե՛զ, քնա՛ր,
Քn նվագուն ու ջերմին շնչին,
45 Եվ ցանկանում եմ, որ հուրհուրաս
Եվ երգդ, երգդ — թափո՛վ հնչի։
Օ, տո՛ւր երգին իմ վսեմ հուզում,
Թո՛դ նվագներս հնչեն անահ,
Որ աղջիկները թախծեն նազով,
50 Եվ հերոսները հերոսանան...
Գրկի՛ր երգով քո, երգի՛ր հիմա
Դարիս գործերը ցնցող ու վես,

Եվ դրոշները արնանման,
Որոնց կապված ես դու հավիտյան
55 Եվ որոնց ներքո պիտի մեռնես...
. . . . . . . . . . . ․ ․ ․
. . . . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԻՑ


. .

60 Փողոցը եռ է ու շփոթ է.
Աղմուկ է. մեկն է մայիսի.
Աշխույժ՝ զնգում է առավոտը —
Եվ մեր երթի հետ միասին
Հոսում է հույսը, խնդությունը,
65 Թնդում է երգը բարձրաշառաչ,
Ու, սարսափած, Դաշնակցությունը
Նահանջում է մեր երթի առաջ...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

70 Խռիվ՝ լցրել են փողոցները
Գաղթականները, վանեցիք,
Եվ աղմկում են վարը, վերը
Խմբապետները տեղացի։—
Դաշնակ տղերքը, հին ջոջերը,
75 Մինիստրները ու պոչերը
Մինիստրների — զանազան
Մաուզերիստներ, օֆիցերներ,
Որոնք պատրաստ են «պատվով մեռնել»,
Միայն թե... ֆրոնտը չտեսած։
80 Նրանք կանգնած են խառը, խուռը,

Պառլամենտի՛ մոտ ու հեռուն,
Վիճում են բուռն ու հախուռն,
Ու աղմկում են, ու եռում...

Եվ ճեղքելով այդ խառնիխուռն
85 Մարդկանց ամբոխը — ահա վերից
Գալիս է երթը բանվորների...
Նրանց շարքերը ամրակուռ են,
Նրանց ընթացքը — կարգապահ,—
Դա ընթանում է վեհը, նորը,
90 Դա ընթանում է — ապագան...

Կարմիր ծփում են դրոշները,
Հուրհուրատում են — ու բոլորին
Նրանք նետում են, ավետում են՝
«Իշխանությունը խորհուրդներին»։—
95 Հոսում է երթը խիտ ու թանձր,
Անցնում են՝ ծանր դոփելով,
Ահա հնչեց Ինտերնացիոնալը,
Թնդաց հանդուգն ու խրոխտ,—
Եվ բանվորները դեպոյի
100 Ավտոմոբիլում ապրանքատար
Հսկա մուրճերը խփելով
Եվ բորբոք քուրան պահելով վառ
Ահա երգում են ու առույգ են,—
Այդպես՝ երթում մեր ընդհանուր՝
105 Ճակատը բարձր ու հանդուգն՝
Մեծ Աշխատանքն է ընթանում...

Գալիս է երթը ու կանգնում է
Ահա դիմացը պառլամենտի.—
Եվ զինվորները մոտենում են
110 Ու միանում են ահա երթին,—
Երթի շարքերը խտանում են,

Դառնում է երթը մի բանակ,—
Եվ դրոշները խոստանում են
Անդուլ կռիվ ու հաղթանակ...

115 Հանկարծ ծփում են գլուխները,
Անցնում է թանձր մի շշուկ —
Եվ սևեռվում են հայացքները
Վեր՝ պատշգամբին... Եվ անշուք,
Գլխին՝ գորշ փափախ, հագին խակի
120 Շապիկ, լայն կուրծքը ցցած առաջ,
Սեղմած բռունցքը իր ահագին,
կապույտ հայացքը հեռուն հառած՝
Ահա ելնում է Ալավերդյանը,
Եվ պատշգամբից պառլամենտի
125 Խրոխտ՝ հնչում է նրա ձայնը...
Նա խոսում է թունդ, սակայն հանգիստ։ —
Ոգևորված է. — կապույտ աչքերը
Թափում են շանթ ու համոզում․
Նրա ձևերը անվեհե՛ր են.
130 Նա բորբոքում է ու հուզում...

ՀԱՏՎԱԾՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԳԼԽԻՑ


Հիմա օրեր են սրանք անցած...

Որպես տեսիլ մի, մի զառանցանք,
Որ խուլ գրկում է հոգին ահով՝
Կրկին բացվում են իմ դեմ ահա
Այն տարիները անապահով։ —

Որքան ուզում եմ, որ չխոսեմ,
140 Որքան ուզում եմ, որ քիչ տևի՝
Որպես երազ մի, ծանր ու սև,
Ահա՛ երկիրը — 20 թվին։ —

Փչում է մի թեն, խոնավ քամի։
Քամին բերում է սարսափ ու մահ։
145 Ահաբեկված է երկիրն ամա՝
Կոխել է մութը ու թշնամին։
Ու գլորվում է, որպես անիվ,
Դեպի անդունդը մեր բախտը՝ հոլ․ —
Ոսոխն առել է Ալեքպոլը
150 Ու մոտենում է Երևանին...
Ինչքան ջահել կա ու պատանի,
Ինչքան որ անձ կա՝ զենքի կարող —
Արդեն քշված են դեպի ֆրոնտ.—
«Դաշնակցությունը էլ ի՞նչ անի»․․․
155 Դեռ մայիսին էր՝ սրով, հրով,
Պոկոտելով այն «կարմիր հունձքը» —
Դաշնակցությունը «սեղմեց բռունցքը»,—
Եվ երկրի տերը դարձավ Բյուրոն։

Տիրապետում էր Բյուրոն արդեն
160 Երկրում ամբողջ չորս, թե հինգ ամիս,—
Իսկ երկրի շուրջը, ներսը, դուրսը
Միշտ թշնամին էր ու թշնամին։ —
Երկրում թալան էր, սով էր, ցուրտ էր,
Թեկուզ մեռնում էր ժողովուրդը,
165 Սակայն հո գո՞հ էին «մերոնք» —
Դաշնակցությունը... ու Բյուրոն...

ՀԱՏՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԳԼԽԻՑ


․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Դեռ առավոտը ծագել էր նոր,
Երբ արթնացանք մենք կռվի եռից։

170 Կոնդից թնդում էր մի թնդանոթ,
Իսկ գնդացիրը՝ Քանաքեռից:
Եվ Երևանը, որպես հնոց,
Վառվում էր դեմը ռազմի ծխում.
Այնտեղ կռիվն էր արդեն մխում,
175 Այնտեղ շռինդ էր, ու ռումբ, ու բոց...

Եվ տեսնում էինք մենք բլուրից,
Թե ոնց զորքերը մեր փոքրաթիվ
Ահա անցնում են կայարանից
Եվ մոտենում են մեր ճակատին։
180 Բայց կանգնած էին կայարանում
Դեռ գնացքները զրահապատ.
Խուլ եռուզեռ էր այնտեղ տիրում...
Մի ջահել զինվոր, սարսափահար,
Հայտնեց այն միտքը, որ բոլորիս
185 Արդեն հուզում էր, որպես կասկած,—
Եվ մենք նայեցինք մեր զինկոմին,—
Որ հասակ ուներ, ինչպես հսկա։—

Ասաց զինկոմը երիտասարդ.—
«Մերոնք թողնում են քաղաքն արդեն.
190 Նրանք կարող են ճամփան կտրեն,
Ժամանակին թե մենք չհասանք
Եվ գնացքները չազատեցինք»։—
Եվ քշեց թափով հանկարծ նա ձին։
Բայց դեռ հազիվ էր մի—երկու քայլ
105 Ձին առաջացել, երբ նա թափով
Զսպեց կատաղած ձիու թափը
Եվ ասաց ձայնով մի անայլայլ. —
«Դուք սպասեցեք այստեղ, մինչև
Ես վերադառնամ»։ — Եվ նա կրկին
200 Ձգեց սանձերը ու քշեց ձին՝

Մի տարօրինակ ժպիտ դեմքին...
Ձին թռավ թեթև, ինչպես քամի,
Ինչպես կայծակե մի երիվար.—
Մենք տեսնում էինք, որ թշնամին
205 Արդեն առել է Երևանը
Եվ մոտենում է կայարանին։—

Մենք նայում էինք մեր դիրքերից․
Նա սլանում էր, թռչում առաջ,
Եվ, հայացքներս նրան հառած,
210 Անձնատուր մթին մեր մտքերին՝
Հետևում էինք ձիու վազքին
Մենք սրտատրոփ,— իսկ նա թեթև
Թե՛ հեռանում էր հետզհետե,
Թե՛ մոտենում էր կայարանին...

215 Բայց ո՞վ էր, ո՞վ էր արդյոք այնտեղ․
Այդ մերո՞նք էին, թե թշնամի՞ն,
Որ գնացքները գերել արդեն
Եվ սպասում էր հրամանի,
Որ առաջանա և մեզ գերի...
220 Մենք նայում էինք մեր դիրքերից
Մեր քաջ զինկոմին, որը հեռվում
Փոքրիկ մի կետ էր արդեն թվում։ —
Մենք նայում էինք սրտի տապով
Եվ չգիտեինք դեռ մենք, թե նա
225 Այդքա՛ն անվրդով, այդքան անահ
Դեպ փրկությու՞ն է թռչում թափով․
Թե՞, պահած սրտում կսկիծ անհուն՝
Դեպի կորուստ է նա սլանում..․

Քիչ հետո, քայլով քառատրոփ,
Նրա ձին արդեն թռչում էր ետ,
Նա մոտենում էր քառարշավ մեզ,
Եվ երբ մոտեցավ — նա անխռով
235 «Այնտեղ մերոնք են» — ասաց զվարթ,
Շողշող աչքերով նայելով մեզ —
Եվ մենք զգացինք, որ այդ մարդը
Ունի սիրտ անահ ու անչափ մե՛ծ...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

ԼԻՐԻՔԱԿԱՆ ՇԵՂՈԻՄ (ՉՈՐՐՈՐԴ ԳԼԽԻՑ)


240 . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Եվ ղեկավարը այն հանճարեղ,
Որի հայացքը բոցեղե՛ն էր,
Որին ազգերը ու ցեղերը
Արդեն լեգենդ են դարձրել...
245 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Հիշում եմ՝ օրը լուսավոր էր,
Երկինքը ջինջ ու անհատակ,
Ծովի պչրանքը ու օրորը,
250 Գարնան թովչանքը խորը, խորը,
Ինչպես երկինքը կապուտակ...
Ծովում ճախրում էր մի ջինջ ապրիլ,
Թնդացող գարնան անհուն հավատ,
Եվ, նստած մի պարզ, փոքրիկ նավակ՝
255 Մենք գնում էինք դեպի Կապրի՛...

Մեր թիավարը մի հաղթանդամ
Իտալացի էր՝ աչքերով սև,
Ուներ հուժկու կուրծք, կարող ուսեր,
Նայվածքը բորբ էր ու հաղթական։—

260 Նա նայում էր մեզ ժպիտով բաց,
Լսում բարբառը մեր անծանոթ,
Եվ երբ կանգ առանք մենք կղզու մոտ՝
— Այստեղ ապրել է Լենինն, ասաց,—
Լենինը — լա՛վն էր,— ասաց հետո
265 Ու ժպտաց հստակ աչքերով իր —
Եվ ես հիշեցի մի ա՛յլ երկիր,
Եվ մի ա՛յլ պայծառ, արևոտ օր,
Երբ նո՛ւյն հավատով ու խանդով խոր,
Ասաց ինձ նույնը, նո՛ւյն սիրով լի,
270 Մի այլ նավաստի՝ անունն Ալի...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Նրա հայացքը տեսնում էր պարզ
Գալիք օրերը ու դարերը,
275 Նրա խոյանքը հանճարե՛ղ էր,
Նրա թռիչքը — չտեսնըվա՛ծ։—
Նրան ծանոթ էր խինդը մանկան
Ու թվերի սառ ու գորշ լեզուն,
Կարող էր լինել բարի՜ այնքան,
280 Կարող էր լինել հեգնող ու սուր,—
Կարող էր մատի մի շարժումով
Մի ամբո՛ղջ, ամբո՛ղջ մի դասակարգ
Նա դատապարտել մահվան,— սակայն
Կարող էր նաև անհոն սիրով
285 Սիրել ծաղիկներ, վարդեր, երգեր,
Ժիր մանուկներին քնքուշ գրկել,
Եվ, տեսնելով մի բոբիկ մուժիկ,
Պատվիրել, որ տան... մի զույգ կոշիկ...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
290 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․