Jump to content

Չուգունե մարդը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

На берегу пустынных волн
Стоял он, дум великих полн,—

А. ПУШКИН

Там, где сливаяся шум,
Обнявшись, будто две сестры,
Струи Арагвы и Куры,
Был монастырь.

М. ЛЕРМОНТОВ

Այս ձորում ահա, անհողդոդդ-վեհ,
Կանգնած է Մարդը այդ չուգունե։—
Դիմացը — լե՜ռն է սրագագաթ,
Որի այն խոժոռ գագաթին ցից
Թառել է վանքը, որպես արծիվ:
Ներքևը, վարը, ահա վարար
Հոսում է գետը։ — Նրա ափով,
Որպես մի հողե ժապավեն գորշ՝
Բարակ ձգվում է ահա շոսսեն։—
Քանի՜ դարեր է այստեղ հոսել
Այսպես այս գետը, քշել հեռուն
Պղտոր ջրերը իր վարարուն
Եվ իր ափերին ամայի-սև
Լոկ խոժոռ ժայռեր այստեղ տեսել
Եվ այդ ժայռերի գրկում կքած՝
Խարխուլ խուղե՛ր[2] լոկ։— Ուղիով այս,
Որով թռչում է ահա օթոն,
Մի օր անցել է, գուցե ոտով,
Մի գանգուր պոետ հյուսիսեցի...
Նրա հանգո՛վ է, որ հյուսեցի
Ես է՛լ այս երգս, նվիրված քեզ,
Օ, վիթխարի՛ դու, օ, վեհ Զագէս։—
Հիմա այս ձորում, անգողդողդ-վեհ,
Կանգնած է Մարդը այդ չուգունե։—

Հասակը բարձր է։— Հպարտ կեցած,
Որպես մի քարե վիթխարի սյուն՝
Անհուն հայացքը սևեռած ցած՝
Պարզել է ձեռքը։— Ըմբոստ հոսում,
Խոսում է գետը ներքևում սև
Ու շրթունքներից թափում փրփուր։—
Այդ գետը ե՞րբ է արդյոք տեսել,
Որ մի մարդկային մոգական ձեռք
Իր վեհ ընթացքը կասեցընե։—
Առաջ անցնում էր այստեղից լուռ,
Որպես մի արքա դանդաղաքայլ,
Եվ անվրդով էր ու անայլայլ
Նրա ընթացքը։— Քանի՜ դարեր
Այդպես անցել է նա աներեր
Եվ կամքով իր կուռ ու վիթխարի
Քանդել խութերը ճանապարհի
Եվ իր ընթացքով արքայական
Սաստել ամբողջը։— Մի օր եկան,
Լցրին ափերը մարդիկ ինչ-ո՛ր,
Նրանց ընթացքը խորհրդավոր,
Տարօրինակ էր։ — Ձեռքերին թուղթ,
Առած հետները ցցեր, կացին՝
Իր հին չափերը չափչփեցին։
Հետո մի ըմբոստ, ժիր ժողովուրդ
Բռնեց ափերը ու խլրտաց։—
Իսկ գիշերները ոսկեշղթա
Ձգվում էր լույսը դեպի հեռուն
Ու առկայծում էր իր ջրերում
Նրանց վառ բույլը։ — Առավոտից
Մինչև խավարը իջներ գետին՝
Ներքևը, վարը, ձորամիջում
Եռում էր կյանքը ու շառաչում։
Մի հսկայական պողպատե ցուլ
Փորում էր հողը։— Բառաչով ցուրտ
Թռչում, փնչում էր երկաթե ձին։
Որպես մի քարե պառաված ցին,
Իր այն բարձունքից դարավոր-վեհ՝
Քրքջում էր վանքը չարությամբ լի։—
Եվ այդ քրքիջը անլսելի—
Չարագուշակ էր։–– Սակայն անցան
Օրե՜ր, նո՛ր օրեր, օրեր էլի՛—
Եվ այդ քրքիջը դարձավ սարսափ։
Իր կույր աչքերով մի օր տեսավ
Ներքևը, վարը, նա հուն մի նոր,
Եվ այդ վիթխարի, քարե հունով
Հոսեց հին գետը։— Սակայն ինչո՞ւ,
Ինչո՞ւ է գետը ահեղ փնչում,
Եվ ինչո՞ւ նրա հորձանքի դեմ
Կանգնեց պատնեշը այդ բետոնե,
Եվ գետը, գետը դարձավ խոնարհ...
Հետո կրակներ ցոլացին վառ,
Կարծես երկինք էր գետից ելել,
Օ, մի նո՛ր երկինք բյուրարեգակ...
Այդ արևներից ոսկեկրակ
Հետո ձգվեցին բարակ թելեր
Դեպի քաղաքը այն հեռավոր —
Եվ սի՛րտը, սի՛րտը լցվեց ահով։ —
Ներքևը — կյանքն է հիմա քրքջում.
Օ, եթե դառնա՜ր հանկարծ թռչուն,
Մի երկնասլաց թռչուն ջահել,
Կարող աչքերով շուրջը նայեր,
Պարզեր թևերը ու սլանար...
Բայց շղթայված է ժայռերին նա՛
Եվ քա՛ր է ինքը ու սիրտը — քար։—
Նա գուցե այստեղ մի քանի դար
Դեռ մնալու է այսպես չնչին,
Մինչև որ մի օր քամուց փլչի
Եվ դառնա զրույց ու հիշատակ։—
Եվ նա աչքերով իր միգապատ
Նայում է շուրջը, նայում ներքև,
Ուր գետն է երգում ահեղ երգեր,
Եվ ուր, կեցվածքով անսահման վեհ՝
Կանգնած է Մարդը այդ չուգունե...

Դա ո՞վ է, ի՞նչ է, ինչո՞ւ է նա
Ներքևում կեցել, որպես պահակ,
Եվ շուրջը, շուրջը նրա ահա
Եռում է կյանքը բյուրարեգակ։—
Դա ո՞վ է, ի՞նչ է արդյոք խոկում,
Եվ ի՞նչ հույզեր են նրա հոգում,
Եվ ի՞նչ մտքեր են արդյոք նստել
Նրա ճակատի խորշոմներին.
Նա ի՞նչ է ուզում այս ափերից
Եվ ինչո՞ւ է նա եկել այստեղ...

Մռայլ է վանքը։— Անհուն ահից
Կքվել, թեքվել է նա ավելի,
Եվ, քարե սիրտը այդ ահով լի՝
Նա լուռ նայում է հեռուներին,
Նայում է՝ աչքը ահեղ մահի —
Եվ լուռ է շուրջը ու ամայի։—
Մռայլ է վանքը։— Կպած ժայռին,
Որպես մահամերձ մի ցին վայրի՝
Շնչում է ծանր, հազիվ հևում։—
Անցնում է կյանքը... Ու ներքևում,
Որպես մի հսկա, անհողդողդ-վեհ՝
Կանգնած է Մարդը այդ չուգունե...


  1. Լենինի արձանը Զագէսում։
  2. խուղ — խրճիթ, հյուղ, խուց, ստորգետնյա բույն: