Jump to content

Հարցազրույց «Օբշչայա Գազետա» թերթին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից




ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՕԲՇՉԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ԹԵՐԹԻՆ

[խմբագրել]
(24 դեկտեմբերի, 1993 թ.)

― 1988 թվականի աշնանը Երեւանում ես ներկա էի հանրահավաքի, որը Դուք էիք անցկացնում։ Ղարաբաղյան շարժման ամենաթեժ ժամանակներն էին։ Նոր էր պայթել Սումգայիթը, եւ, բնականաբար, կրքերը շիկացած էին։ Հիշում եմ, թե ինչ տակտով էիք դուք կրքերը մեղմում՝ կոչ անելով հավաքվածների ինտերնացիոնալ զգացմունքներին։ Ի՞նչ է ձեզ համար ինտերնացիոնալ գաղափարը։

― Լինելով բանասեր, ուզում եմ միանգամից նկատել, որ սոցիալիստների թեթեւ ձեռքով «ինտերնացիոնալիզմ» տերմինը վաղուց արդեն զրկվել է բարձր իմաստից եւ ձեռք բերել քաղաքական, իսկ ավելի ճիշտ՝ դասակարգային նշանակություն։ Նկատի ունենալով հենց այդ նեղ քաղաքական նշանակությունը՝ ինտերնացիոնալիզմի մասին կարելի է խոսել միայն ժողովուրդների, ազգերի միջեւ հավասարության առկայության դեպքում, քանի որ դրա խախտումը անխուսափելիորեն հանգեցնում է նացիոնալիզմի։ Ես կգերադասեի այլ տերմին՝ հումանիզմը, որի մեջ դնում եմ ոչ բարձր, ու դրանով իսկ վերացական գաղափար, այլ՝ ամենապարզ մարդկային կարեկցանք։ Մնացած ամեն ինչ՝ սեր, բարեկամություն, համերաշխություն եւ, եթե ուզում եք՝ ինտերնացիոնալիզմ, ածանցված են դրանից։

― Դուք դարձաք նախկին Միության բոլոր հանրապետություններից ամենամիատարր պետության ղեկավարը։ Դուք եղել եք նրա ինքնուրույնության ակտիվ մարտիկներից մեկը։ Ձեզ ժամանակակից, ճանաչված գրող Հրանտ Մաթեւոսյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ իր համար առանձնահատուկ հպարտություն էր իրեն մեծ տերության քաղաքացի զգալը։ Հայաստանի անկախության համար պայքարում ի՞նչ ազգային խնդիրներ էիք լուծում Դուք։

― Դուք դիպաք նշանակետին. այդ հարցը հայկական քաղաքական կյանքի ամենասուր բանավեճի առարկան է։ Իմ տեսակետը հետեւյալն է. հայ ժողովուրդը սովորական ժողովուրդ է, ոչ լավ եւ ոչ էլ վատ մյուսներից, դրա համար էլ նա արժանի է ունենալ այն ամենը, ինչն ունեն այլ ժողովուրդներ, այդ թվում նաեւ իր պետականությունը։ Սակայն ես հստակ տարբերություն եմ տեսնում ժողովրդի եւ հասարակության միջեւ։ Իսկ այստեղ մենք ստիպված ենք խոստովանել, որ հայ հասարակությունը հեռու է կատարելությունից։ Պետականության ձեռքբերումն ինձ համար ինքնանպատակ չէ։ «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսում հենց առաջինն է ինձ ներկայանում որպես նպատակ, իսկ երկրորդը՝ ընդամենը որպես արժանի հասարակության կառուցման համար պարտադիր միջոց։ Դժվար չէ գլխի ընկնել, որ իմ դիրքորոշումը կատաղի քննադատության է արժանանում ազգային-հայրենասերների կողմից, որոնք հայ ժողովրդին վերագրում են գրեթե փրկչական նախասահմանում։ Իսկ ես օրգանապես չեմ ընդունում փրկչական ամբիցիաները՝ այն համարելով ֆաշիզմի հետ սահմանակցող՝ քաղաքականության ամենավտանգավոր գաղափարախոսականացում։

― Դուք ուսանել եք Պետերբուրգում, գիտեք Ռուսաստանը։ Ձեր երկիրը երբեք չի ձգտել կապերը վերջնականապես խզել Ռուսաստանի հետ, Դուք ամենասկզբից վճռականորեն հայտարարեցիք ԱՊՀ- ից դուրս չգալու մասին։ Եթե հաշվի չառնենք տնտեսական եւ քաղաքական նկատառումները (իսկ չէ՞ որ նախկին հանրապետությունների շատ ղեկավարներ «ռուսական ուժի» վախից դրանք էլ հաշվի չեն առնում), ի՞նչն է ձեզ ստիպում չտարանջատվել Ռուսաստանից, այլ գնալ նրա հետ մերձեցման։

― Անհամեստություն չհամարեք, եթե թույլ տամ ինքս ինձնից մեջբերում անել։ 1991 թվականի փետրվարի 28-ին ես ելույթ ունեցա մեր խորհրդարանի նիստում՝ առաջարկելով մերժել ԽՍՀՄ-ը պահպանելու գորբաչովյան հանրաքվեն, հիմնվելով հետեւյալ փաստարկների վրա. կայսրության փլուզումն անխուսափելի է, այն կախված չէ առանձին անհատ ների կամ քաղաքական ուժերի կամքից, այլ հանդիսանում է սոցիալական, տնտեսական եւ քաղաքական հանգամանքների հանրագումարի հետեւանք։ Սակայն ԽՍՀՄ փլուզումը չի նշանակում անհետ վերացում պատմականորեն ձեւավորված այն միասնության, որը հարյուրամյակներ շարունակ երկրագնդի հայտնի տարածքում ապրող մարդկանց համար հանդիսացել է համակեցության եղանակ։ Այստեղ ես նկատի ունեի, առաջին հերթին, հոգեւոր տարածքը, քանի որ գաղտնիք չէ, որ Ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ գրեթե բոլոր ժողովուրդների համար հարյուրամյակներ շարունակ համաշխարհային քաղաքակրթությանը շփվելու միակ ուղին եղել է ռուսական մշակույթը։

Վստահ եմ, որ ինչպես այսօր հոգեւոր առումով մոտ են Բրիտանական Համագործակցության երկրները, կամ՝ դեպի Ֆրանսիա են ձգտում Աֆրիկայի ֆրանսալեզու երկրները, այնպես էլ ռուսաց լեզուն ու մշակույթն ընդմիշտ մոտեցրել են անցյալում Ռուսական կայսրությունը կազմած երկրներին ու ժողովուրդներին։

Ռուսական մշակույթի ամենաբարձր նվաճումը, գրականության ու երաժշտության հանճարեղ ստեղծագործությունների կողքին, ես համարում եմ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի ռուսական ազատախոհությունը։ Հենց դա էլ, ցավոք, նրա ամենախոշոր կորուստն է։ Ռուսաստանն այսօր կանգնած է այդ կորուստը լրացնելու պատմական խնդրի առաջ։ Միտումներն, ի դեպ, հուսադրող են, քանի որ մենք ի դեմս «Մոսկովսկայա տրիբունայի», որը կատարեց իրապես պատմական առաքելություն, արդեն ականատեսն ենք դարձել ռուսական ազատախոհության վերածնման փորձերի։

― Դուք եղել եք աշխարհով մեկ հայտնի հնագույն ձեռագրերի պահոց Մատենադարանի աշխատակից։ Քաղաքական գործունեությունում Ձեզ պետք եկե՞լ է նախկին մասնագիտական փորձը։

― Քաղաքականությունը հասարակության համար ազնվաբարո գործի իրականացման առավել արդյունավետ միջոցն է։ Ով եւ ինչպես այն կիրականացնի, դա արդեն այլ հարց է։ Մասնագիտական գիտելիքները, կարծում եմ, չեն խանգարում, բայց եւ առանձնապես չեն էլ օգնում ինձ քաղաքական գործունեության մեջ։ Պետության ղեկավարին առավել հարմար կգային իրավաբանական կամ տնտեսագիտական կրթությու նը։ Սակայն մեթոդոլոգիական տեսակետից ես առանձնակի տարբերություն չեմ տեսնում գիտության ու քաղաքականության միջեւ։ Ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ պահանջվում են վերլուծական, համակարգված մտածողություն, ենթատեքստի զգացողություն, ի մի բերելու եւ սինթեզելու ունակություն։ Այս իմաստով, իհարկե, կարելի է խոսել իմ մասնագիտական փորձի օգուտի մասին։

Ինչպես նախկինում գիտության բնագավառում, այնպես էլ այսօր քաղաքականության մեջ ես ձգտում եմ հապշտապ եզրակացություններ չանել, չընդունել իմպուլսիվ որոշումներ։ Որքանով է դա հաջողվում՝ ես չեմ դատողը։

«Հայաստանի Հանրապետություն», 1 հունվարի, 1994 թ.։
Թարգմանություն ռուսերենից։ «Օբշչայա Գազետա» ("Общая Газета"), 24–30 դեկտեմբերի, 1993 թ.։
Հարցազրույցը՝ Ելենա Մովչանի։
Հրատարակված՝ «Քաղաքականություն, գիտություն եւ մշակութային տարածք» վերնագրով։