Jump to content

Հողերգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀՈՂԵՐԳ


Մարգարտահատիկ բառեր եմ շարում.
- Պետք է խիզախել եւ փրկել օրը՝
Հողին նվիրած մի սերմով թեկուզ,
Հողն էլ արյան նման ձգում է...
Մարգարտահատիկ բառեր եմ շարում,
Իսկ տղաս ահա ոչինչ չի ասում,
խաղում է բակում՝
բոլորովին մերկ ու հողակոլոլ։
Նա իր շորերին դեռ չի հարմարվել,
Ինչ էլ որ անեմ՝
        աչք է գողանում,
        նորից մերկանում։
Եվ չեմ արգելում ես արդեն նրան.
Ես իմ տղայի խաղից եմ գալիս,
Ես սկսվել եմ տղայիս խաղից։

Մարգարտահատիկ բառեր եմ շարում.
- Պետք է խիզախել եւ փրկել օրը՝
Հողից դուրս հանած մի երգով թեկուզ,
Արյունն էլ հողի նման ձգում է...

Մարգարտահատիկ բառեր եմ շարում,
Իմ պապը սակայն ոչինչ չի ասում,
Լռում է պապս՝
Խինդը պռատած դեպի թթենին,
Արմատների հետ ճամփաներ բացում։
Իսկ տունը նրա արմատակալել
         Մայր հողի վրա
Ու սպասում է կից սենյակներին,
Որ ինքս պիտի մի օր կցանեմ։
Եվ ես քայլում եմ դեպի պապական
Սուրբ խիզախումի լռությունը այդ...

Մարգարտահատիկ բառեր եմ շարում,
Բառերն էլ գուցե օրերը փրկեն,
Եթե խիզախել կարենան միայն...