Jump to content

Ուզում եմ գրել

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ուզում եմ գրել քո մասին մի երգ,
Շատ բառեր ունեմ այդ երգի համար,
Ոչ մեկը սակայն
Չի ներդաշնակվում քո անվանը, մայր։
Ածականները անզոր են այնքան,
Ծիծաղելի եմ դառնում ինքս էլ,
Ո՞նց բառավորել անբացատրելին...
Բայց ես փորձում եմ.
Նախ՝ վստահում եմ աստղանիշներին՝
                Վերնագիր լինել
Եվ ապա՝ նրանց շուքում գրում եմ
Հասարակ մի բառ,
                Ես գրում եմ ՄԱՅՐ։
Ինչպես դու ես ինձ հասկանում, մայրիկ,
Աշխարհը այնպես երգս հասկանար...