Jump to content

Ձմեռնավերջի քանդակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՁՄԵՌՆԱՎԵՐՋԻ ՔԱՆԴԱԿ


Մղամուճի խիտ ցանցերը
չեն թողնում, որ ձյունը ընկնի.
եւ նա կաթիլ-կաթիլ
ցամաքում է բացատի
կենտ կաղնու ճյուղի վրա։
Ես չեմ տեսել եդեմական
այգին,
մանավանդ՝ ճյուղ չեմ պոկել
քեզ նամակ գրելու համար,
ուրիշ բան եմ ուզում
ասել.
բացատի այդ մենակ կաղնին
ասես քո փետրագրիչն է՝
ձյունի ճերմակ թղթին շարժվող։
Չգիտեմ դու ինչ ես գրում ինձ,
բայց կաղնու գրած
տառերն արդեն
ծաղիկ-ծաղիկ ընթերցվում են։
Քանի դեռ չես պատառոտել,
գրածներդ
տուր ինձ՝ կարդամ։