Jump to content

Ճշմարիտ խոսքի դժվարին ճամփով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԻ ԴԺՎԱՐԻՆ ՃԱՄՓՈՎ...

Պետք է մի հոդվածով ներկայացնել Արցախի գրական ընտանիքը։ Չեմ կարողանում։ Չի ստացվում։ Որտե՞ղից սկսել, որտեղից չսկսել։ Հենց գրիչս ձեռքս եմ առնում, փորձում եմ մտքերս ի մի բերել, շրըխկ, աշխատասենյակիս դուռը կրնկի վրա բացվում է ու սումգայիթյան ջարդից փրկված հարեւանիս փոքրիկ տղան ներս է ընկնում ու այսօր, որերոդ անգամ, ժպտում հաղթողի պես՝ Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում։ Գրողների միության բաժանմունքի սենյակներից մեկը տրամադրված է նրանց ընտանիքին։ Տղան ինձ հետ կիսում է իր բերկրանքը՝ արդեն կարողանում է հայերեն նախադասությունը մաքուր արտասանել, լեզուն արդեն բացվում է մայրենիով...

Բաժանմունք եկող-գնացող գրողները «դրկից» երեխաներին խորհուրդ են տվել՝ հայերեն բարեւել... եվ նրանք շտապում են, իրար հետ առաջկտրուկ անելով, իրենց շուրթերը քաղցրացնել մեսրոպյանով։ Նրանք, ահա, քաջալերված իրենց առաջին դասերի հաջողությունից, միջանցքում աղմկում են։ Կորցրել էին ուրախության, իրենց լինելության բանալին։ Գտնում են։ Ծիծաղում են։ Բայց միեւնույն է, տեսնում ենք, որ նրանց ծիծաղի խորքում բուն է դրել մի անասելի խոր ցավ։ Երբ երեխան շատ է խելոք լինում իր հայացքով, խոսքով, նստել-վեր կենալով, ավագները սկսում են անհանգստանալ՝ երեխան պիտի երեխա լինի։ Ի՞նչ արած, ցավը իրենն է անում... Եվ ամեն ինչ անում ենք, որ երեխաները վերադառնան իրենց երեխայությանը։ Կկարողանա՞նք։ Քանի՜ անգամ եմ հանդիպել Վիտալի Դանիելյանին` մի սիրուն-սիրուն պատանյակ, սումգայիթյան ջարդի օրերին հորն ու մորը գլխատել են աչքի առաջ... Նայում եմ աչքերին, ուզում եմ բան ասել... Բայց ի՞նչ ասել։ Կամ նրա կողքով անցնել գնալուց հետո գրիչ առնել, ի՞նչ գրել, որ ի՞նչ...

Չէ...

Բայց ես պարտավոր եմ գրել։ Հարցնում են։ Պարտավոր եմ պատմել արցախյան մեր գրական համեստ ջոկատի գործերի, արած-թողածի մասին։ Բայց ինչի՞ց սկսել, ինչի՞ց չսկսել։ Հետաքրքիր է, նման դեպքերում ինչպե՞ս կվարվեին նրանք, որոնց ջանքերով հիմնադրվել-գոյատեւել է մեր բաժանմունքը։ Ասենք՝ Գրիգոր Ներսիսյանը, Աշոտ Գրաշին, Թաթուլ Հուրյանը, Սարգիս Աբրահամյանը։ Ապա՝ Ջանյան Բոգդանը։ Ապա՝ Ուլուբաբյան Բագրատը։ Մյուսները։ Ի՞նչ կանեին։ Անհատականություններ, որոնց ճակատագրերը շատ կամ գրեթե շատ են նման իրար։ Այսինքն՝ ոչ միայն չեն խուսափել արցախցու ճակատագրից, այլեւ այդ գիրը խորին հպարտությամբ են կրել իրենց վսեմ, այո՝ վսեմ, ճակատին։ Եվ հիմա, ո՞վ գիտե, ո՞վ կարող է հիշել, թե ինչ եղավ արցախցի ճանաչված բանաստեղծ, ազգայնականության մեջ մեղադրվող Գրիգոր Ներսիսյանի հետ։ Մեկն ասում է՝ Սիբիր են քշել, մեկն ասում է՝ չէ, բանտ տարան, մեկն ասում է... Միայն այն գիտենք, որ աքսորում մահացավ։ Մինչեւ հիմա էլ չենք կարողանում, չկարողացանք նրա գրական գործերն ի մի բերել՝ գոնե պարբերականների էջերում մնացածները, մի գիրք կազմել... Դա նրան պետք չէ, իհարկե, ավելի շատ ապրողներիս է հարկավոր։ Եվ ո՞րն է նրան ներկայացված մեղքերի մեծագույնը։ Չարենցի նմանությամբ, ինչպես դեպքերի ականատեսներից մեկն է պատմում, գրել է մի բանաստեղծություն, ուր կան այսպիսի տողեր.

Հիազարհուր լեռան կրծքին թառած Շուշին եմ ես սիրում,
Մեր վաղեմի ավեր տան ցից քարերն եմ ես սիրում։

Հալածանքներից անմասն չմնաց Աշոտ Գրաշին։ Թաթուլ Հուրյանը մնաց Հայրենականում։ Բոգդան Ջանյանին հենց այն բանի համար, որ համարձակվել է «նացիոնալիստ» Ավետիք Իսահակյանին ուղեկցել արցախական աշխարհում, ութ տարվա բանտարկության են մատնել։ Այս ամենը տեսնող եւ խորապես ապրող Սարգիս Աբրահամյանը «իր ներքին» ցավերով գնաց։ Շատ լավ է, այստեղ առանձին ջանքերի կարիք չեղավ։ Թե չէ՝ սա ինչի՞ նման է, օրինակ, Բագրատ Ուլուբաբյանի հարցը. կանգնել ու ճշմարտությունը երես է հանում, խոսում իր ժողովրդի հոգսերից ու խնդիրներից։ Քանի՜ գաղտնի եւ ոչ գաղտնի ժողովներ հրավիրվեցին, քանի՜ էպիտետ ու մակդիր կպցրին, մինչեւ որ անվանի գրողին թողեցին անգործ։ Քաղաքում եթե տեսնում էին մարդկանց՝ Ուլուբաբյանին բարեւելիս, նրանց ազգայնական մեղադրանքներ էին ներկայացնում, այնքան ժամանակ, մինչեւ որ պրծան նաեւ իրենց բկում մնացած այդ «ոսկորից»։

Բայց չպրծան։

Մենք քաջ գիտենք՝ ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում։

Սակայն այս ի՞նչ ձեռք է, որ ամեն քայլի փորձում է խաթարել մեր ընթացքը, ինչո՞ւ, մինչեւ ե՞րբ։ Ասում եմ՝ մինչեւ ե՞րբ եւ հիշում արցախցի նշանավոր մարդկանց, մեր երկրի 21 արցախցի հերոսներին, Հայրենականում զոհվածներին։ Չէ՞ որ նրանք «Մինչեւ երբ»-ին իրենց արյամբ են վերջակետ գրել, բայց այդ ո՞նց եղավ, որ նույն հարցը շարունակվեց նրանց իսկ հայրենի հողում նորից կրկնվել։ Ինչ անուն տալ այս ամենին։ Կարգը կարգ չունի։

Ամենուրեք գործում է միայն մի սեւ ձեռք, այո՝ սեւ։

Այդ ի՞նչ ձեռք է, սակայն, որ խառնում է ամեն ինչ։

Բայց խոստովանենք, եթե այդ ձեռքը տարիներ շարունակ անտես էր, այսօր դարձել է տեսանելի, դա ժողովրդի ձեռք չէ, ոչ։ Երբեք։ Դա բունիաթովների, ախունդովների, դա խառնամբոխի թաթն է, որ բարձրացել է ու մեր ինքնությունն է կասկածի տակ ուզում առնել, մեր ով լինելը։ Ըստ նրանց մոգոնումների, ուրեմն՝ իմ ապուպապ Հակոբը աղվան է եղել (ներիր, Հակոբ ապեր, մինչեւ հիմա չգիտեի)։ Վերջերս էլ, ոչ այս կողմ, ոչ՝ այն, պարզվեց, որ Ստեփան Շահումյանն էլ հայ չէ։

Չէ, սեւ թաթը խառնելու մեծ փորձ ունի։

Եվ ցավն այն է, որ խառնակիչը հանդես է գալիս ժողովրդի անունից։ Ադրբեջանի ինֆորմացիոն գործակալությունները, մամուլը, հեռուստատեսությունն, ընդհանրապես, սիրում են բարեկամության մասին ճառեր ասել։ Եվ, որքան էլ զարմանալի թվա, սումգայիթյան ջարդի օրերին նրանք ավելի հանգիստ ու ավելի սիրուն բառերով էին «բարեկամություն» ներկայացնում, իմանալով, որ նույն պահին սումգայիթյան հայերի հարկերի տակ էկրանին նայող չէր մնացել. սպանված տանտերերի չանջատված հեռուստացույցները շարունակում էին «բարեկամություն» ցուցանել։ Այնքան, որ երբ արդեն «բարեկամություն» բառ ես լսում նմաններից, սրտախառնուք ես զգում։ Բանը հասավ այնտեղ, որ հանրապետական հեռուստաէկրանի մոտ բերեցին նաեւ մի հայուհու (հարազատներին երկու օր առաջ գազանաբար սպանել էին), ապա ստիպեցին նրան հանդես գալ ու իր հայ հայրենակիցներին խորհուրդ տալ՝ նորից վերադառնալ Սումգայիթ։ Աղջիկը մի քանի խոսք զոռով արտաբերեց, ավելի խոսուն էր հակառակը պնդող նրա պահվածքը։ Նման վարմունքով հեռուստատեսությունը շարունակեց, փաստորեն, բարբարոսների ձեռնարկած ջարդը, այս անգամ՝ հոգեպես։

Եկ ու այսքանից հետո գրիր։ Ի՞նչ գրես։ Որ ի՞նչ...

Կամ, ասենք, գրել ես, գրածդ այս աշխարհում լույս աշխարհ բերողն ո՞վ է, որ գոնե ձայնդ տեղ հասնի։ Բաքվի հրատարակիչներն առաջին անգամ չեն իրենց դռները փակել մեր երեսին՝ մեզանից ի՞նչ եք ուզում, գնացեք, ձեր Երեւանում տպագրվեցեք։ «Գրական Ադրբեջանից» էլ շարունակում է մնալ հայատառ, ոչ հայերեն (իր տեսակի մեջ անմրցակից) անգույն, թարգմանական հանդես-մեջլիսը։ Այսինքն՝ մի հանդես, ուր հայաշունչ ոչինչ չպիտի լինի։ Վերջերս հանդեսի 1988թ. գարնանային համարն այդ «հանդեսի», կիսատ-պռատ վիճակում, ինձ հանձնեց խմբագրության նախկին աշխատողներից մեկը՝ Գրետա Ազիզյանը։ Պարզվում է, որ Ադրբեջանի կոմկուսի պատասխանատու աշխատող Ազիզա Ահմեդովան, անձամբ մտնելով տպարան, հավաքել ու վառել է «հանդեսի» այն համարի ամբողջ տպաքանակը, ուր տպագրվում էր իմ «նացիոնալիստական» բանաստեղծությունների շարքը։ Իսկ ավելի ուշ Աղդամում վառեցին Մոսկվայում լույս տեսած իմ «Գլազա Կարաբախա» ռուսերեն գրքի ամբողջ տպաքանակը, որ եկաթուղով Ստեփանակերտ պիտի հասներ։ Այդ գրքից միայն մեկ օրինակ, հրաշքով հրդեհից փրկված, գրող-ազատամարտիկ Վոլոդյա Ստեփանյանը «գտավ» Աղդամի կրակատեղերից մեկում եւ նվիրեց ինձ։

Ահա այդպիսին է «եղբայր» ազերին։ Սա է նրա իսկական նկարը։ Շատ տարիներ առաջ արցախյան աշխարհում ապրող գրողի տպագրության հնարավորությունները մի քանի անգամ լավ էին։ Հայ մշակույթի կենտրոն դարձած Շուշիում գրքեր էին հրատարակում, լույս էին տեսնում հանդեսներ ու թերթեր։ Մեր դարասկզբին, օրինակ, Շուշիում լույս էր տեսնում 21 անուն թերթ, որից 18-ը հայերեն լեզվով, երկուսը՝ ռուսերեն, միայն մեկը՝ ադրբեջաներեն։ Բայց, դժբախտաբար, այսօր դրանցից մնացել է միայն ադրբեջաներենը, ինչո՞ւ, գուցե այս հարցի պատասխանը գտնեն նրանք, ովքեր «ինտերնացիոնալիզմ» բառից շարունակում են դեռ իրենց համար գույնզգույն ու հարմարավետ զգեստներ կարել։

Հիշենք նաեւ, որ պատերազմից առաջ Արցախում հրատարակվել են «Գրոհ», «Կայծ» գրական-հասարակական հանդեսները, «Սովետական Ղարաբաղին» զուգահեռ՝ «Երիտասարդ բոլշեւիկը», որի վերջին համարները լույս տեսան 1941-ին։ Ո՞ւր գնացին այդ պարբերականները, ո՞ւր մնացին դրանք, «ո՞ր թփի տակ»... Չէ, ասում են պատմության կեղծարարները, չեն եղել, չկան, չեն լինելու։ Փաստորեն, դրանք փակվեցին հանրապետության ղեկավար մարմինների կամայականության եւ Արցախը մուսուլմանականացնելու մոլուցքի շնորհիվ։

Արցախը արվեստի երկիր է։ Եվ հայ բազմադարյան մշակույթի որ բնագավառն էլ վերցնենք, կհանդիպենք նվիրական անունների, որոնց արմատները արցախական աշխարհի հողից են իրենց ծնունդն ու սնունդը առել։ Չէ՞ որ, ինչպես Չարենցն էր շեշտում, երգը երկրից է աճում։ Սակայն, այլ հարց է, թե այդ ծնված երգը ինչ ճակատագիր է ունենում։ Սկսած հինգերորդ դարի սկզբից, երբ ձեւավորվեց հայ գրականությունը, արցախական աշխարհը հանդես է գալիս մշտապես որպես հայ գիր ու դպրության առաջնային օջախներից մեկը։ Եվ պատահական չէր, որ Մաշտոցն իր գերագույն խնդիրներից մեկը համարեց Ամարասում, Ցորում ու Հակոբավանքում անդրանիկ հայկական դպրոցների հիմնադրումը։ Արցախը միշտ էլ եղել է ազգապահպանության պայքարի առաջին գիծ, ահա թե ինչու նրա արվեստագետ զավակները հաճախ են պատմաբանի ու քաղաքագետի գործունեությունը զուգորդել իրենց հիմնական ծառայության հետ։ Անընդհատ կարիք է եղել ելնել այս կամ այն պատմական ու քաղաքական խեղաթյուրումների դեմ, անընդհատ հաստատել, ժխտել, դիմագրավել եւ այլն։ Այդպես է եղել՝ Կաղանկատվացուց, Գանձակեցուց, Դավթակ Քերթողից մինչեւ Լեո եւ Գրիգոր Ներսիսյան, մինչեւ Բագրատ Ուլուբաբյան ու Բոգդան Ջանյան, Զորի Բալայան ու Հրաչյա Բեգլարյան, մինչեւ ընդհուպ մեր օրերը։ Արցախցին Գանձասարում ասես ամբողջականացրել է իր աշխարհի բանաստեղծական ամբողջ հարստությունը, իր դարերի տառապանքն ու ըմբոստացումը, իր աննկուն ու անհնազանդ ոգին։ Եվ այդ կոթողը, որը Յակոբսոնի ճշգրիտ բնութագրությամբ, հանդիսանում է միջնադարի հայ ճարտարապետության հանրագիտարանը, միայն ճարտարապետական կառույց չէ, այլ նաեւ պոեմ է, երաժշտական համանվագ ու առասպել։

Այո, արցախցին միշտ կերտել է ու կերտել՝ լինի բանաստեղծություն, քանդակ, եկեղեցի ու վանք, երգ թե երաժշտություն... Ստեղծել է մշտապես ու արարել... որքան թշնամին բարբարոս, մեր կերտածը այնքան վեհ է, գեղեցիկ ու ամուր։ Մեր պատմության քառուղիներում երբեք էլ չի իմացվել, թե արցախցու մեջ որտեղ է սկսվում բանաստեղծը, որտեղ ճարտարապետը, որտեղ զինվորն ու զորականը... Այդ ամենը նա համատեղել է իր մեջ։ Եվ դա խորապես հայկական է։ Եվ դա մեր ազգային ամենաբնորոշ հատկանիշն է... Ամարասը, Գտիչը, Հակոբավանքը, Տիգրանակերտն ու Շուշին մշտապես եղել են հայ մշակույթի ամենագործուն կենտրոններից։ Եթե դպրության կոթողները մեզ հասել են կիսատ-պռատ, երբեմն-երբեմն այս կամ այն պատմիչի հիշատակություններում, ապա մեր հողի վրա մեր ինքնության կնիքը հանդիսացող ճարտարապետական կոթողները հիմնականում մնացել են։ Եվ երբ հիմա մենք հիշում ենք Գոշի «Դատաստանագիրքը» կամ Կաղանկատվացու պատմության գրի առնվելու վայրերը, դրանով իսկ մեր կենսագրական դրվագներն ենք ամբողջականացնում։ Որպեսզի մեր գրքերը չվառվեն բարբարոսների կողմից, մենք մեր քարերն ենք գիրք դարձրել։ Դրա համար էլ ռուս նշանավոր գրողն ու մտածողն ասում է՝ Հայաստանում անգրագետ քարեր չկան... Ու պատմության, ժամանակի ու ճակատագրի նման ընթացքն է, որ հուշում է՝ արցախցի գրողը միայն գրող չէ։ Սա շատ է ճշմարիտ, սա շատ է ճշգրիտ։ Մանավանդ՝ մեր այսօրը դրա վառ առհավատչյան է։

Հիրավի, խոստովանենք նաեւ, որ մշտապես դժվարին է եղել արցախցի արվեստագետի, առավելապես գրողի ճակատագիրը։ Սակայն դժվարությունից արցախցին երբեք էլ խույս չի տվել, իր խաչն ինքն է կրել։ Ու տարել է պատվով, նամուսով։ Հալածվել է, սիբիրվել է, գանակոծվել է, հազար ու մի հալածանքի է ենթարկվել, բայց պայքարի դաշտը չի թողել... Գուցե հենց դրանից է, որ զորականներն ու զորավարները այնքան շատ են այս հրաշալի երկրամասում։ Ու մենք, որ Լեռնային Ղարաբաղի գրական համեստ ընտանիքն ենք ներկայացնում, այս ամենի փորձը բնականաբար ունենք մեր արյան վազքում։ Պատմության ընթացքը մեր արյան ընթացքին հուշել է իրենը։ Պատմությունը անսխալ հուշարար է։ Անշուշտ, դրանով է բացատրվում նաեւ այն հանգամանքը, որ ղարաբաղյան համահայկական շարժման մեջ դարձյալ իրենց կարեւոր ու վճռորոշ դերում են Արցախի գրողները, մեր գրական ջոկատը։ Իսկապես որ՝ գրողը Արցախում գրող չէ միայն... Այնուհանդերձ, դժվար չէ ամենեւին գուշակել, թե ժողովրդի գոյապահպանության համար որն է ամենակարեւորը։ Կարեւորից է կարեւորը, որին էլ հենց, առաջին հերթին, իր նետի սլաքն է ուղղում բարբարոսը։ Բայց այդ ե՞րբ է, որ մեր ոգին կարողացել են խլել, բայց այդ ե՞րբ է, որ մեր հոգեւոր արժեքները մեզ հույս ու սատար են եղել։ Ահա այս հոգեւորի պահպանության դիրքերում էլ միշտ որոշվել է այս կամ այն արվեստագետի գործունեության գնահատականը։ Սա լավ է գիտակցում մեզանից յուրաքանչյուրը։

Մեր գոյապահպանության հիմնական միջոցը հոգեւորն է։ Անկասկած, սա է դրդում մեզ՝ արցախցի գրողներիս, նայելով մեր անցած ճանապարհին, մտածել կորցրածը ձեռք բերելու մասին, եթե Շուշիում մշակույթի հայ օջախներն ավերվել են, վերակերտենք, վերաստեղծենք Ստեփանակերտում, Ամարասում ու Գանձասարում, որ հնարավոր դարձվի նաեւ Շուշիի հայ մշակույթի վերահառնումը։ Ահա այս հարցերն են, որոնք այժմ դրված են մեր գրական, արդեն ստվարանող` ջոկատի առջեւ. սա, մեր կարծիքով, ղարաբաղյան գլխավոր պրոբլեմի արդարացի լուծմանը տանող-հանգեցնող բանալիներից է։ Հայ ժողովուրդը՝ լինի Արցախում, Լենինականում, Լոս-Անջելեսում, թե այլուր, միշտ էլ իր մեջ պոտենցիալ հսկայական ուժեր է գտնում բնական եւ ոչ բնական աղետներին հակադրվել իր կենսունակությամբ ու աննկունությամբ։ Ոտքի տակ պայթող հողն ու գլխավերեւում ճայթող երկինքը նրան ներարկել են դիմացկունություն, որը եւ բնավորություն է դարձել ու գլխավոր հատկանիշ։

Արարման ուժն է, որ մեզ պահում է։ Կերտելու ուժը, ստեղծելու։

Եվ ահա տարիների ընթացքում Ադրբեջանի հանրապետության ղեկավարները փոխվում են, բայց նրանց մոլուցքը մնում է նույնը։ Երեկ (1920թ.) Շուշի քաղաքում կազմակերպվեց եղեռն, քառասուն հազար հայեր զոհ գնացին մահմեդական արյունարբուներին։ Նրանց կարգախոսը սա էր. «Հայկական Շուշին՝ առանց հայերի»։ Եվ երբ Օրջոնոկիձեն եղավ Շուշիում, ինքն իր աչքերին չէր հավատում։ Նա գրեց. «Հարյուրավոր այրված գյուղեր, քարուքանդ եղած քաղաքներ, երեխաների եւ կանանց հափշտակում, անցյալ տարի, նախքան սովետական իշխանություն հայտարարելը, հայկական Շուշի քաղաքը խայտառակ ձեւով ոչնչացնելը, բռնաբարություն, կոտորած, երեխաներին եւ կանանց հորերն ու անդունդը գցելը - այս է Անդրկովկասում նացիոնալիզմի տիրապետության անփառունակ շրջանը»։

Այդ «անփառունակ շրջանը» շարունակվեց նաեւ հետագա տարիներին, որոնք մենք այսօր բնութագրում ենք «անձի պաշտամունքի» եւ «լճացման ժամանակներ» բառերով։ Հետագայում, այսքանից հետո էլ, շարունակեցին Շուշիում ապրել հայ ընտանիքներ, չլքեցին իրենց պապական օջախը` հավատալով, որ նոր կարգերի օրոք նման ջարդեր չեն լինի։ Բայց, ավաղ, մեր օրերում էլ նրանք ստիպված եղան նորից բնավեր լինել ու տեղահանվել։ Այն, ինչ կատարվեց Սումգայիթում, հնարավոր չէ պատմել բառերով, հնարավոր չէ նկարագրել ոչ մի լեզվով։ Այդ գործողությունները կրկնում են այն ամենը, ինչ կատարվեց 1915թ. երիտթուրքերի կողմից, առանց տարբերության, դեռ մի քիչ էլ կատարելագործված ձեւերով։ Սակայն, ցավալի է, որ սումգայիթյան եղեռնի կազմակերպիչները մինչեւ այսօր դեռ չեն նստել մեղադրյալի աթոռին։ Չէ՞ որ այդ նրանց հրահրումով ու թողտվությամբ է, որ կազմակերպվել է սումգայիթյան եղեռնը, մարդկանց սպանել են ամենաայլանդակ միջոցներով՝ կացնով, դանակով, երկաթաձողերի բութ հարվածներով, նետել են կրակների մեջ ու այրել, աղջիկներին ու կանանց առեւանգել։ Ինչի ասես, որ չեն դիմել։ Մի խոսքով, վարվել են այնպես, ինչպես կարող է վարվել միայն ու միայն թուրքը։

Որքան էլ մենք խոսենք ազգերի համահավասարության մասին, միեւնույն է, պետք է հաշվի նստենք մի կարեւոր իրողության հետ՝ ամեն մի ազգ ունի իր սովորություններն ու բնույթը, արյան ժառանգականությամբ պայմանավորվող բնավորության գծերը։ Մեր դարի սկզբին դեռեւս «կովկասյան թաթարներ» էին անվանվում նրանք, որոնց մենք այսօր կոչում ենք ադրբեջանցիներ։ Ասել է թե՝ որպես ազգ, ադրբեջանցիները դեռ չեն ձեւավորվել։ Հետեւապես, պիտի անուշադրության չմատնել նրա ընդհանուր բնույթի դրսեւորման ինչ-ինչ կողմեր, իհարկե, դաստիարակման բարի նպատակների համար։ Չէ որ ձեւավորման ընթացքը շարունակվում է։ Եվ ինչ վերաբերում է քաղաքակրթությանը, թուրքը դեռ դրանից, ցավոք, հեռու է շատ։ Այս մասին դիպուկ է նկատել Րաֆֆին. «Այդ ցնորք է, թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ եւ այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա»։ Եվ սա ոչ թե գուշակություն, այլ պատմության եւ իրականության վրա խարսխված ճշգրիտ ու ճշմարտացի գնահատական է։ Ելնելով այս ամենից, առավել եւս՝ անհնար է, որ հին ու հնագույն մշակույթ եւ կուլտուրա ունեցող հայ ժողովրդի մի ստվար հատվածը թողնվի այդ նոր ձեւավորվող «ազգի» ամենօրյա ճնշման տակ։ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի կազմում է գտնվում։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ երեկ, երբ այստեղ հիմնականում հայեր էին, դրա համար ստեղծվեց ինքնավարություն։ Իսկ այսօր, երբ այնտեղ ադրբեջանցիներ են ապրում, ի՞նչ իմաստ ունի այդ ինքնավարությունը։ Հայերից նրանք ազատվեցին առանց դժվարությունների։ Նույնը ուզում են անել եւ Լեռնային Ղարաբաղում։ Բայց ահա, երբ խոսում-բարձրագոչում ենք այս ամենի մասին, ազերիներն ուզում են հակառակը պնդել։ Եվ ինչպե՞ս։ Նրանք ասում են. «Մենք հայերի նկատմամբ Շուշիում այնքան ենք ուշադիր, որ նույնիսկ Սովետական Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանի մոտ պահակներ ենք կանգնեցնում, որ չջարդեն արձանը»։ Հարցնում ենք՝ ովքե՞ր եւ ումի՞ց են պաշտպանում անվանի շուշեցու արձանը։

Ադրբեջանցիները՝ արդբեջանցիներից։ Եվ սա նոր երեւույթ չէ՝ կապված արցախյան շարժման հետ։ Շուշիում ե՞րբ չեն ձեռք բարձրացրել թե հայերի, թե հայերի արձանների վրա։ Գրող Մուրացանը «նախընտրեց» քարե պատվանդանին կանգնել ոչ թե ծննդավայր Շուշիում, այլ Ստեփանակերտում։ Դա էլ յուրօրինակ արտաքսում էր։ Եվ թող չկարծվի, թե միայն ղարաբաղյան դեպքերի ժամանակ է, որ վերջին հայ շուշեցիներին քշեցին Շուշուց։ Այն քաղաքից, որը կառուցվել է հայերի ձեռքերով, այն քաղաքից, որը մեր դարի սկզբին եղել է հայ մշակույթի ամենաակնառու օջախներից մեկը։ Հին հայկական ռեալական դպրոցի շենքը, ուր դասավանդել են հայ դասականներ, մեծ մտածողներ Պռոշյանը, Աղայանը, Աճառյանը, վերջերս զրկվեց իր վերջին հայ աշակերտներից։ Այնտեղ հիմա «եղբայր» ադրբեջանցիներն են սովորում։ Հետաքրքիր է` ադրբեջանցի ուսուցիչը ի՞նչ պիտի պատմի երեխային, երբ նա հայտնի շենքի կառուցողների մասին, շենքի հիմնադրման պատմության մասին։ Եվ ի՞նչ դաստիարակություն կարող է ստանալ այնտեղ երեխան։ Մինչեւ երբ պետք է անամոթաբար ուրիշներինը յուրացնեն ու ներկայացնեն որպես իրենցը։ Ո՞վ պիտի օգնի՝ իրերը կոչել իրենց անուններով, եթե ոչ` մենք։ Եվ նման հարաբերություններում կարո՞ղ է, արդյոք, լինել եղբայրություն, որը, անշուշտ, քաղաքակիրթ ազգերին է հատուկ։ Ո՛չ սովետականացված ճառ, եղբայրություն իսկական։ Ոչ մի ժամանակ։ Պետք է վերականգնել արդարությունը, որ լինի եւ բարեկամություն։ Ես, որպես հայ գրող, մտածում եմ՝ մեծ եղեռնը, բոլոր հայկական ջարդերը միշտ էլ կազմակերպել են թուրքերը (ջարդեր կազմակերպելու գործում թուրքն ու ադրբեջանցին միշտ էլ նույնն են եղել)։ Եվ նրանք հայ ժողովրդի դեմ իրենց ոճիրները միշտ էլ սկսում են մտավորականներից։ Դա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի հայկական մարզում չեն ուզում հայկական շունչ ու ոգի տեսնել։ Անգամ արգելում են հայ գրողի եւ ընթերցողների հանդիպում անցկացնելը։ Քանի՜-քանի անգամ եմ անձամբ դիմել Ադրբեջանի գրողների միությանը, որպեսզի մեր մարզում, ընթերցողների խնդրանքով, հանդիպում անցկացնենք Շիրազի, Համո Սահյանի հետ։ Բայց՝ ապարդյուն։ Պատասխանը միշտ էլ եղել է մերժողական-արհամարհական։ Իսկ երբ ռուս մեծ բանաստեղծ Դուդինի հետ հանդիպում անցկացրինք Ստեփանակերտում, նա մեր քաղաքի հյուրն էր վերջերս, Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմն առանց ամոթի բողոքեց, կուսակցության մարզկոմին հիշեցրեց՝ ինչ իրավունքով եք առանց մեզ նման բան թույլ տվել։ Նման բան... Ծիծաղելի է ու ցավալի։ Եվ այդ մոտեցումը գալիս է տարիների հեռվից, նոր չէ ամենեւին։ Մուսուլմանականացում է դա։ Ռուսական եկեղեցու տեղը Շուշիում այսօր ո՞նց գտնենք, չէ՞ որ մինչեւ վերջերս այդ հուշարձանը պահվում էր։ Պարզվում է, որ «կուլտուրական մակարդակի անշեղ բարձրացման» պահանջից ելնելով, այն քանդել, տեղը «կուլտուրայի» տուն են կառուցել։ Ի՞նչ կարող ես անել, արեւելյան մտածողությունը շատ է «հեռատես»։

Եվ այս ամենը՝ գրողներիս, բոլորիս աչքի առաջ։ Եվ քանի՜-քանի այսպիսի փաստեր, դեպքեր։ Ո՞ր մեկն ասես կամ ասես՝ որ ի՞նչ... Հեռու չգնանք։ Արցախում ապրող գրողներիս բազմատեսակ թախանձնանքներից հետո, Հայաստանի գրողների վերջին համագումարին մասնակցելու հրավեր էին մեզ հղել։ Ստացանք հրավերը, ուրախացանք, չէ՞ որ դեռ ոչ մի անգամ հայ գրողների համագումարին չէինք մասնակցել։ Մի քանի հոգով պիտի գնայինք մասնակցելու, եւ, հանկարծ, մարզի նախկին ղեկավարությունը կանչում է եւ արգելում՝ չգնալ Երեւան, ադրբեջանական կառավարությունն այդ քայլին ծուռ աչքով է նայում, ընդգծված նացիոնալիզմ տեսնելով դրանում։ Մի խոսքով, խուսափեցին ամեն կերպ «լենինյան կուսակցության դիրքերից», խափանեցին մեր գնալը՝ ինչքան էլ մենք բացատրում էինք։ Մեր վերջին պատասխանը սա էր լինում մեծագույն դրածո եւ բռնապետ Բ.Ս. Կեւորկովի կողմից՝ ինչ եք Երեւանը ջրի ճամփա շինել։

Ցավոք, գրականությունը եւս դեռ ունի վարչական, հողային եւ տերիտորիալ սահմանափակում։ Կարծում ենք, այս խնդրի լուծումը սխալ է դրված երկրի սահմանադրական օրենքում։ Գրականությունը կենդանի, միշտ աճող, զարգացող պրոցես է, հետեւապես, այդ բնագավառում բաժանումները պետք է կատարվեն ոչ միայն ըստ տերիտորիաների կամ ապրելատեղի, այլ՝ ըստ ազգային, լեզվական պատկանելության։

Բայց դարձյալ եւ նորից՝ ամենուր սեւ թաթն է գործում։ Դե եկ ու գրիր։ Պահանջն այս էր՝ գրիր այնպես, որ գրածներդ համահնչուն լինեն ժամանակին (լճածովացման ժամանակին)։ Այսինքն՝ գրվածքի սեռը պիտի չերեւա, ոչ աղջիկ լինի, ոչ տղա, այլ՝ աղջիկտղա։ Իմ «Սեր եւ ժպիտ» գիրքը Բաքվում հրատարակությունից հանում էին՝ ստիպելով, որ Ադրբեջանի մասին գոնե մի քանի տող գրեմ։ Հրաժարվեցի, բայց դա ծանր նստեց ինձ վրա։

Արդարության հիմքում միշտ էլ եղել է հրապարակայնությունը։ Մենք՝ արցախցի գրողներս, մեծ ու փոքր, մեր ձայնը բարձրացրինք, հասցրինք Կրեմլ։ Ասացինք՝ վերակառուցում է, վերակառուցում է, էլի, մենք էլ վերակառուցվենք ու վերակառուցվենք։ Դիմեցինք գրավոր։ Հարմար գտանք՝ անձամբ տանել մեր խնդրագիրը Մոսկվա։ Տարանք։ Մոսկվան վատ չընդունեց, ասացին՝ արցախյան պրոբլեմին կանդրադառնանք անպայման, օբյեկտիվորեն կլուծենք, թե չէ՝ ի՞նչ իմաստ ուներ ազգային հարաբերությունների վարման բաժին ստեղծել Կրեմլում, որ ստեղծել ենք, նշանակում է՝ չլուծված պրոբլեմներ ու խնդիրներ այդ ասպարեզում շատ ունենք։ Մենք էլ հայ մարդիկ ենք, հավատացինք ու ետ եկանք։ Բայց ինչպե՞ս եկանք։ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն արդեն փակել էին։ Մարզը դուրս էր եկել խաղաղ ցույցի, իր պահանջը բարձրացրել։ «Ո՞նց թե, ուրեմն՝ դուք համարձակվում եք ցո՞ւյց անել, խոսե՞լ»։ Եվ ամեն կողմից բունիաթովականները շրջափակման մեջ առան մարզը, իսկ հետո... «Հետոն» հայտնի է ամբողջ աշխարհին։

Բայց ինչպե՞ս է հայտնի։

Մենք դուրս եկանք խաղաղ ցույցի, նրանք հրացան ու կացին վերցրին, որ մեզ դաս տան, մենք բողոքեցինք, նրանք՝ կոտորեցին, մենք պահանջեցինք, նրանք՝ «բարեկամության» ճառ ասացին։ Հանրապետական ու միութենական մամուլն էլ ամեն կերպ՝ «հանուն բարեկամության», ձգտում էր մեղքերը բաշխել հավասարապես (չէ՞ որ հավասարությունը լավ բան է), իհարկե, ամեն անգամ աչք խոթելով տողատակերում ու խոսքատակերում պահված «ադրբեջանական» ինչ-որ ֆակտորներ։ Մոռանում են, որ կարող է լինել եւ հայկական ֆակտոր, մոռանում են, որ, վերջապես, ամենագլխավորը ճշմարտության, արդարացիության ֆակտորն է։

Խորապես ցավալի է, որ մամուլը (եւ այն էլ՝ համամիութենական) այսօր կարող է ճշմարտացիության հարցերում ցուցաբերել անասելի աչքակապություն (ուրիշ բառով չես բնորոշի) եւ անպատասխանատվություն` փաստերը ներկայացնել գլխիվայր։ Կոնկրետ Խոջալլուի (այդ հին հայկական եւ այսօր ադրբեջանականացված գյուղի) դեպքերի մասին։ Ստեփանակերտցիները խաղաղ ցույցի էին դուրս եկել, միաժամանակ միտինգով նշում էին 1918-ին Բաքվի հայկական ջարդերի ժամանակ զոհվածների հիշատակը, նույնիսկ մոմեր էին վերցրել։ Ու շատերն արդեն վառել էին այդ մոմերը զոհվածների հուշահամալիրում։ Եվ հանկարծ՝ քաղաք են մտնում ջարդված ուղեւորներով ջարդված մեքենաներ։ Պարզվում է, որ խոջալլուեցիներն էլ իրենց յուրօրինակ «միտինգն» են անկացնում։ Բոթը ցնցում է մեզ՝ մի հայ մարդու սպանել են։ Ու ստեփանակերտցիների մի խումբ շտապում է դեպքի վայրը, պարզելու՝ ինչո՞ւմն է բանը... Հո չէի՞ն կարող նստել ու սպասել՝ երբ ճանապարհի վրա էին իրենց քույրերը, եղբայրը կամ երեխան։ Ու այնտեղ` Խուջալլու գյուղում, ստեփանակերտցիներին դիմավորում են հրացանների նոր կրակահերթերով։ Իսկ մամուլն ու հեռուստատեսությունը, փոխանակ բացելու փակագծերը, ցույց տալու, թե ովքեր են հարձակվողները, ովքեր են պաշտպանվողներն ու տուժածները, հենց մի բերան ընդգծում են Ղարաբաղն ու ղարաբաղցիներին։ Մինչդեռ աշխարհը պիտի իմանա միայն ու միայն ճշմարտությունը։ Ստացվում է, որ կարելի է Ստալինին գրավոր ու բանավոր խոսքի մեջ քննադատել, բայց նրա հիմնական ու հիմնարար սխալ գործերը չհերքել, չշտկել, թույլ տված կոպիտ ու վայրենի վճիռներին չանդրադառնալ։ Իր գոյությունը, հույսն ու հավատը փրկարար Ռուսաստանի մեջ գտած, արդեն արյունաքամ լինող փոքրիկ Հայաստանը ստալինյան կամայականության շնորհիվ ու ոխերիմ Թուրքիայի ճնշմամբ մասնատվեց մի քանի մասի՝ Հայկական ՍՍՀ, Նախ. ԻՍՍՀ, ԼՂԻՄ... Մի մոտեցում, որ ոչ մի արդարացի սկզբունքի տակ չի տեղավորվում։ Անընդհատ խոսում ենք լճացման շրջանի մասին, քննադատում այն, բայց գործում այդ շրջանի ամփոփումը հանդիսացող, բավականին անճիշտ դրույթներ ունեցող սահմանադրությամբ. ո՞րն է այստեղ տրամաբանությունը։

Չէ, հազար անգամ՝ չէ։

Այսպես չպիտի շարունակել։ Պիտի արմատականորեն բարեփոխել եւ երկիրը, եւ սահմանադրությունը։ Սահմանադրությունը մեր կյանքի հիմնական օրենքն է, ուրեմն՝ էն գլխից պիտի վերակառուցել սահմանադրությունը, որ կյանքն էլ կարողանանք վերակառուցել, այլապես դեմոկրատիան ու հրապարակայնությունը կմնան նորից թղթերի վրա։

Օր-օրի, տարի-տարու` «եղբայրների» կողմից յուրացվել է Նախիջեւանը, որը, չգիտես ինչու (գերազանց գիտենք), պիտի անպայման, չնայած Հայաստանի ամբողջ տարածքով բաժանված է, գտնվեր Ադր. ՍՍՀ-ի կազմում։ Հայազերծվել են համարյա Բաքուն ու Կիրովաբադը, Շամխորը, Դաշքեսանը, Շամախին, հերթը հասել է Արցախին։ Չէ, ուզում ես կրկնել, թող բունիաթովներն իրենց սուտը իրենց կոկորդում մի պահ պահեն, պատմությանը մի լավ աչք ածեն ու լավ իմանան՝ Արցախը երբեք չի պարտվել։

Ոչ մի ժամանակ։

Ոչ երեկ, ոչ այսօր, ոչ վաղը։

Երբեք։

Տարիներ շարունակ դառնացած է շանթ ու կրակ ղարաբաղցին։ Համբերությունն էլ այն է, որ սահման է ունենում, այլապես՝ էլ ի՞նչ համբերություն։ Հրաչյա Բեգլարյանի գիրքը, ներեցեք՝ բրոշյուրը, տարիների քաշքշուկից հետո լույս է տեսնում Բաքվում, գրքի մասին տողերիս հեղինակը գրախոսություն է գրում ու տպագրում, բայց հանկարծ գիրքը «կալանքի» տակ է առնվում հրատարակիչների կողմից՝ մի քանի նման բրյոշուրների հետ (հեղինակներ՝ Գ. Գաբրիելյան, Ի. Ալավերդյան եւ ուրիշներ)։ Էլ չեմ ասում, որ խիստ «բարեկամական» մեր հրատարակիչները չեն մոռացել հայ գրող Հրաչյա Բեգլարյանի գրքի կազմի վրա նկարել մուսուլմանական մեչիդ՝ իր մինարեթներով։ Ու լավ են անում, որ գիրքը մարդամեջ չեն հանում, գոնե մտածում ես, թե, երեւի, իրենք իրենց արարքից սկսել են ամաչել։ Ասենք նաեւ, որ վերջին 6-7 տարիների ընթացքում Արցախում ապրող գրողներից ընդամենը 3-4 բրոշյուր է տպագրվել Բաքվում։ Անցած 65 եւ ավելի տարիների ընթացքում ՍՍՀՄ գրողների միության շարքերն են ընդունվել ընդամենը մի քանի հոգի։ Այն դեպքում, երբ արժանիները շատ են եղել ու շատ են։

«Մարքսիզմի չստեր հագած ֆիլիստերները», պատմության կեղծարարներն իրենք են դարձել արգելաձողեր՝ ճանապարհների վրա, ամեն ինչ անում են, որ մենք՝ Արցախում ապրող գրողներս, թողնենք մեր հայրենական օջախները ու հեռանանք, որ Արցախում հայ չլինի։ Անգամ ձեռք են բարձրացնում հայկական գերեզմանաքարերի վրա։ Արձակագիր Իսահակ Ալավերդյանը (ծննդով շուշեցի, 1920-ի Շուշվա ավերումից մի կերպ փրկված) ամեն անգամ, երբ ծաղիկներ է տանում ու դնում Շուշիի գերեզմանոցում ամփոփված իր մոր հուշաքարին, հաջորդ օրը արմանք-զարմանքով է խոստովանում՝ խաչը չկար, կամ՝ դրած ծաղիկներս վերցրել էին։ Իսկ ահա, հայ մշակույթի մեծ գործիչ Ավետիք Բահաթրյանի հուշաքարը նրա պապենական գերեզմանատանը այդպես էլ չգտանք։ Ոճրագործ ձեռքը հաշիվ է մաքրում անգամ գերեզմանաքարերի հետ, չէ՞ որ դրանք եւս պատմություն են ամփոփում, մանավանդ՝ Ավետիք Բահաթրյանի նման մարդկանց գերեզմանաքարերը։ Ի դեպ, դա այն նույն Բահաթրյանն է, որի գործը Եղիշե Չարենցը բնութագրել է «գիրք զարմանալի ու հանճարեղ» բառերով։

Եվ այսքանով հանդերձ՝ հարատեւում ենք ու պիտի հարատեւենք։ Մեր հայ ազգային ոգին է մեզ պահում։ Մեսրոպ Մաշտոցը դեռեւս 5-րդ դարի սկզբին է առաջին դպրոցը բացել Արցախում։ Հարցնող լինի՝ այդ ժամանակ որտե՞ղ էին մեր «եղբայրները», որ նման բան թույլ տվին։ Չկային։ Մաշտոցին անպայման ուղեկցել է երեւելի աշակերտ Վարդան Մամիկոնյանը։ Անպայման՝ որովհետեւ մեզ պահող, պահպանող մեսրոպյան գրերը նաեւ վարդանական մարտունակություն ու աննկունություն են ցուցաբերում։ Արցախցու նվիրած թրով է, կարծում եմ, Ավարայր մտել Վարդանը ու դարերում մնացել անպարտելի։ Անշուշտ, նրա թուրը պատրաստված էր արցախցու կողից, անշուշտ, նրա վահանը արցախցու ճակատի ոսկորից է եղել։ Իսկ այն, ինչ արցախական է, ուրեմն՝ հանուր հայկական է։ Մեր սարն ու ձորը, մեր լեռն ու արմատն էլ են մեսրոպյան այբուբենի համակարգի մեջ։

Մեր բնույթքը մեր հողից ենք առել,
եւ հողն արցախա, բնավ էլ, հող չէ,
              իմաստնություն է,
              հավատի հող է։
Կացին էլ առնեն՝
արցախցու կող է,
եւ գուղձը ամեն
թոնրաթեժ պող էր։
              Եվ սիրահոժար
              եւ սիրամեծար,
              բորբ սրտի բոց է,
թե առաքյալը Մեսրոպ Մաշտոցն է,
ժպիտ է ոսկյա, շափյուղա-շող է,
կարմիր որդան է,
թե Մաշտոցի հետ
ինքը՝ Վարդանն է։

Ոգին, որ զտարյուն երակներով հավերժության իր սնունդն է ստանում Մայր Հայաստանից։ Բայց ահա «բարեկամության» բեմի վրա Բաքվի իր մի խումբ համախոհների հետ «Մաշտի հուբաթ» պարող Թելման Կարաբաղլին «Սովետսկայա կուլտուրայում» (1988թ. 16 ապրիլի) գրում է, որ ինքը խիստ զարմանում է (իբրեւ այդ հատկանիշը դեռ չի կորցրել), թե անհասկացող ղարաբաղցիներն ինչո՞ւ են ուզում միանալ մայր ժողովրդին, Հայաստանին։ Եվ վախեցած, մեզ համար խիստ անհանգստացած, բացականչում է՝ միանալուց հետո «ղարաբաղցիները կդառնան եւ տնտեսապես եւ, գլխավորն է, հոգեպես աղքատ»։ Այստեղ բացատրություններն ավելորդ են, միայն մի պարզություն մտցնենք. «գրող» Թելման Կարաբաղլին օգտագործում է նաեւ (այո՝ օգտագործում) Թելման Չալյան անունը, երկու ժողովուրդների արանքում այդ անունները կրում է զգեստների պես, նայած տվյալ պահին ո՞րն է ձեռնտու, ո՞րն է շահավետ հոգեւոր, իհարկե, նաեւ ոչ հոգեւոր առեւտրի համար։ Մոռանում է, որ իրպեսները, որոնք թառչիություն ու չարչիություն են անում կեղծ բարեկամության լարերի վրա, երբեք էլ չեն կարող ընդունվել ոչ մեկի կողմից։

Բայց Թելմանը կնեղանա, որ իրեն լայն չենք ներկայացնում, նա աշխատում է Բաքվի հեռուստատեսության հայկական բաժնում, չնայած հայերեն կարդալ ու գրել չգիտի, ինչպես ասում են՝ գրերը չոփով են բարձրացնում։ Մինչեւ հիմա էլ ղարաբաղցի գրողներս հիշում ենք նրա վախեցած, լեղաճաք եղած հայացքը, երբ հանկարծ էկրանի վրա մեզանից մեկը հանդես է գալիս ու «Ղարաբաղ» անունը տալիս։ Չգիտե՞ք, որ այդ անունը արգելված է մեր հաղորդման մեջ՝ ասում է։ Ադրբեջանի հայկական մամուլում աշխատողը, եթե հայերեն չիմանա, դա մեծ առավելություն է պաշտոնաաթոռը ավելի ամուր պահելու համար, ինչպես, ասենք, դա կիրառվում է «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում։ «Եղբայրական-բարեկամական» նման վերաբերմունքն անպայման փորձում են կիրառել նաեւ գրողներիս նկատմամբ։ Բանը հասնում էր այնտեղ, որ որեւէ ժողովում կամ հավաքում հայերեն խոսողներիս «նացիոնալիստ» պիտակն էին կպցնում։ Այսքանից հետո՝ էլ ի՞նչ զարմանալ, թե ինչու մարզում ապրող ոչ ազերի գրողը կարողանում է Բաքվում ադրբեջաներեն լեզվով պարբերաբար լույս ընծայել իր գրքերը, իսկ հայ վաստակավոր ու անվանի գրողը չի կարողանում գոնե 12 տարին մեկ մի գրքույկ հրատարակել։

Նույն պայմաններն են փաթաթվում նաեւ շնորհալի երիտասարդներին։ Ճիշտ է, վերջերս հրատարակվեց նրանց գործերի տարեգիրքը (այս գործում մեզ ընդառաջել է «Սովետական գրողի» նախկին գլխավոր խմբագիր, արձակագիր Ռուբեն Հովսեփյանի վճռականությունը), բայց դեռ նրանց նոր գրքերը սպասում են իրենց հրատարակիչներին։ Նրանք այսօր պետք է լինեին ՍՍՀՄ գրողների միության անդամների շարքերում...

Հավատում ենք խորապես՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, իսկ հիմա մեր գրած, չգրված բոլոր երգերը, մեր բոլոր պատմվածքները, վիպակ-վեպերը, հոդվածները միայն մի տող ունեն՝ Արցախը պիտի վերամիավորվի մայր Հայաստանի հետ։ Ահա թե ինչ գործի վրա ենք այսօր աշխատում ղարաբաղցի գրողներս, մեր գրական համեստ ընտանիքը։ Այս ամենի հետ մենք ուրախությամբ ենք նշում, որ արցախցի ամեն մի գրող այժմ հեղափոխական է՝ բառի ոչ ծամծմված իմաստով՝ ազատության ոգին Հայկ ու Բելի ժամանակներից մինչեւ հիմա մեր պայքարի ոգին է։ Ուրեմն՝ էլ ո՞վ, եթե ոչ մենք պիտի շարունակենք մեր հայրերի գործը։ Գուցե թե մե՞ծ է մեր բեռը։ Բայց ոչինչ, մենք սովոր ենք։ Մեր ուսերը միշտ անհամեմատ մեծ ծանրությունների տակ են կոփվում։ Մենք այս պայքարին շատ էինք սպասում, սպասում էինք ժողովրդովի, որ արդարության ձայնը բարձրանա։ Եվ կբարձրանա՝ ինչքան էլ փորձեն խլացնել, ինչպես բոլորովին վերջերս, ասենք, մարզսովետի փետրվարյան արտահերթ նստաշրջանի ժամանակ, որի անցկացումը ինձ էր հանձնարարված նախաձեռնող խմբի կողմից։ Իմ խոսքերի մեջ ակամայից հիշում էի Ադրբեջանի գրողների վերջին համագումարը։ Այնտեղ խոսք էի խնդրել, մի քանի առաջարկություն արել՝ արցախցի գրողներիս վիճակը փոքր-ինչ բարելավելու մասին։ Եվ հանկարծ ետին շարքերից մեկը, առանց խոսք խնդրելու, իմ պահանջի դեմ խոսքեր է նետում։ Իսկ նույն Բագիրովն անմիջապես նրան խրատ է տալիս՝ բան է, էլի, ասում է, հո չարեցի՞նք, որ տեղից վեր ես թռչում...

Արդարության կհասնենք միայն այն ժամանակ, երբ հավասարության հիմունքների վրա կդրվի ամեն ինչ, երբ օբյեկտիվորեն կլուծվի ղարաբաղյան պրոբլեմը, երբ ծաղկման ու զարգացման հնարավորություն կտրվի եւ հայ ժողովրդի արցախյան հատվածին, երբ բարեկամության մեջ կբացառվեն տեր ու ծառայի պարտադրվող հարաբերությունները։ Այս բոլորն անելն առաջին հերթին գրողներիս պարտքն է՝ ճշմարտությունը մաքրել նրան կպած կոծոծներից, սին լոզունգներից, կեղծության ներքին ժանգից, ծափաբանությունից եւ նման այլ ախտերից, որ կուտակվելով արդեն, դժբախտաբար, որակ են կազմում, ճեղք թողնում ժողովուրդների հարաբերությունների վրա, մեկ փահլեվանություն, մեկ չարչիություն անողների համար։

Հանուն մայր Հայաստանի հետ վերամիավորման, հանուն արդարության հաղթանակի, Արցախը վաղուց ոտքի վրա է, արցախյան շարժումը գնալով ավելի է մաքրվում, ավելի է խորանում։ Եվ այդ շարժման կենտրոնում կանգնած են ամուր մարզի գրողները։ Արդարության վերակառուցումը պետք է անպայման սկսել ազգային հարցի լուծումից, որովհետեւ ինչքան էլ այդ ասպարեզում եղած հույսերը թաքցնենք ու գույնզգույն կարպետներով ծածկենք, միեւնույն է, ոչինչ չի փոխվի։ Տվյալ դեպքում՝ Արցախը պետք է լինի մայր Հայաստանի գրկում, առանց դրան մեր քարոզած բոլոր բարոյականությունները սուտ են, առանց դրան եւ համանման հարցերի լուծման մեր բոլոր ճառերից անբարոյականության հոտ է փչում։ Իսկ թե ինչ է Արցախը Հայաստանի համար, դա կարելի է տեսնել նաեւ Ս. Գորոդեցկու գրածների մեջ. «Ազգագրական, տնտեսական, լեզվական առումով լինելով միասնական, Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արեւելյան թեւը։ Այդպիսին է նա եղել անցյալում, այդպիսին է ներկայումս եւ այդպիսին կլինի ընդմիշտ, քանի որ առանց Ղարաբաղի տերը լինելու, անկարելի է պաշտպանել Հայաստանի սիրտը...»։

Մեր արցախյան շարժումը, ուրեմն, այսօր այս պատմական ճշմարտության վերականգնում է, առանց որի` կյանքը կյանք չէ ու, հասկանալի է, գրականություն չէ եւ գրականությունը։


***

Այս տարվա գարնանն էր։ Միխաիլ Դուդինն արցախցիներիս համար շատ ծանր օրերին այցելել էր մեզ, Արցախ էր բերել ռուս ժողովրդի մաքուր ձայնը։ Անվանի գրողի հետ եղանք մարզի մի շարք տեսարժան վայրերում։ Նրան ամենից շատ զարմանք էր պատճառում արցախյան ներքին ճանապարհների անտանելի վիճակը։ Մի՞թե կարելի է այդպես ապրել-հանդուրժել՝ ամեն կերպ ձգտում էր իր վրդովմունքը մեղմացնել բառերի մեջ։ Լինելով մեր բաժանմունքում` մոտիկից ծանոթացավ արցախցի գրողներիս գրական կյանքին ու հոգսերին, շատ զարմացավ, տեսնելով, որ ստեղծագործությունների տպագրման ամենատարրական հնարավորությունից անգամ զուրկ ենք, չունենք գրական որեւէ տպագրական օրգան, բաժանմունքը, ըստ էության, ֆինանսավորված չէ եւ այլն։ Խոստացավ անպայման օգնել Մոսկվա վերադառնալուց։ Իսկ երբ Գանձասար էինք գնացել, ուղղակի տեսնել էր հարկավոր, թե նա ինչպիսի հիացմունք ու հրճվանք էր ապրում` դիտելով տաճարը։

-Այստեղ ամեն քար հայերեն բառ է,- ասաց նա,- նայելով այդ քարերին, ինձ թվում է, կարդում եմ դեռեւս 18-րդ դարի սկզբին այստեղ գրված ու Պետրոս առաջինին հղված պատմական նամակի տողերը։

Խոսք բացվեց նաեւ հուշարձանների նորոգման ու վերակառուցման մասին։ Մարզի պատմական հուշարձանների գրեթե բարձիթող վիճակը նրան շատ էր անհանգստացնում։ Եվ այսօր, Դուդինի հետ հանդիպումից ամիսներ հետո, երբ խոսք է գնում մարզի հայ ճարտարապետական հուշարձանների մասին, ակամայից հիշում եմ բանաստեղծի խոսքը.

-Յուրաքանչյուր ժողովուրդ իր բնավորությունն ամենից շատ խտացնում է կերտած հուշակոթողների մեջ։ Գանձասարը հայ ճարտարապետության գլուխգործոցներից է։ Երբ ես տեսա այս կոթողը, նոր միայն զգացի, որ մինչեւ այդ իմ իմացությունները Հայաստանի մասին թերի էին... Արցախը լրացրեց թերին։

Այո, հուշարձանն արվեստ է։ Բայց ահա սեղանիս է Ադրբեջանի մշակույթի նախարարության նամակի պատճեն, որը մերժում է Հայաստանի համապատասխան կազմակերպությունների առաջարկությունը՝ մարզի հայկական ճարտարապետական հուշարձանների վերանորոգման գործում։ Սակայն ժամանակն է, որ այդ մերժողներին հայտնենք՝ այդ ի՞նչ իրավունքով են ուզում խառնվել ուրիշ ժողովրդի ազգային արվեստի գործերին, կամ այդ ե՞րբ, ո՞ր դարում, որտե՞ղ են ձեռք բերել եկեղեցու կամ վանքի նորոգման թեկուզ մի քիչ, շատ քիչ փորձ։ Թե՞ ուզում են նորից ամեն ինչ խեղաթյուրել։ Այստեղ ահա փորձ շատ ունեն նրանք։

Հիրավի, ժամանակն է՝ երեւույթներն իրենց անուններով կոչել։ Եվ այս հարցում, կարծում ենք, պետք է պատշաճ դիրք գրավեն մշակույթի եւ արվեստի գործիչները, ժողովուրդների արժանավոր զավակները։ Բոլորի հետ նաեւ արցախցի գրողները, որ արցախյան համազգային շարժման այս օրերին ավելի շատ հասարակական, քաղաքական, ժողովրդական գործիչներ են դարձել իրենց ծավալած աշխատանքներով։

Եվ աշխատում ենք, պայքարում ու սպասում ենք խորին հավատով՝ արդարությունը կհաղթանակի։ Դրանում չենք կասկածում։ Չի կարող չհաղթել։ Եվ ինչպես ծննդավայր Շուշուց տեղահան եղած եւ Ստեփանակերտի հյուրանոցում ապրող հայ շուշեցիներն են ասում՝ որ ճանապարհ ենք ընկել, ճանապարհը հասնելու է։ Ճանապարհի անունը ճշմարտություն է։

1988թ.